Պուտինն ընտրեց Ադրբեջանը

Պուտինն ընտրեց Ադրբեջանը
Պուտինն ընտրեց Ադրբեջանը

Վլադիմիր Պուտինը մեկնում է Բաքու: Այդպիսով, նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո, Պուտինը կովկասյան առաջին այցը կատարում է ոչ թե Հայաստան, այլ Ադրբեջան: Սա հետաքրքրական պահ է:

Ընդ որում, հետաքրքրականությունն այն չէ, որ ՌԴ նախագահը պաշտոնի վերադարձից հետո տարածաշրջանային առաջին այցը կատարում է ոչ թե դաշնակից պետություն, այլ նրա հակառակորդ Ադրբեջան:

Խնդիրն այլ է, էմոցիոնալ հարթությունից լիովին դուրս: Պուտինի այցը վկայում է Հարավային Կովկասում լիովին նոր իրողությունների եւ դրանցում Ռուսաստանի նոր կարգավիճակի ու վեկտորի մասին: Պուտինն այցելում է առաջինն այն պետություն, որը նրան հետաքրքիր է: Այսինքն, ներկայում ՌԴ-ի համար ավելի կարեւոր պետություն է Ադրբեջանը: Պուտինի Բաքու կատարելիք այցը փաստում է դա: Ռուսաստանը գնում է այնտեղ իր էներգետիկ, տնտեսական եւ քաղաքական շահը սպասարկելու համար:

Մինչդեռ, Հայաստանում Ռուսաստանը պակաս խնդիրներ չունի: Վերջին շրջանում Մոսկվայի գործողությունները Հայաստանում առաջ են բերել հասարակական բավական բացասական արձագանք, ու թեեւ Ռուսաստանի գործողությունների հանդեպ հասարակական վերաբերմունքի հաշվեկշիռը Հայաստանում դեռեւս դրական է, այդուհանդերձ միտումներն այնպիսին են, որ առաջիկա մի քանի տարվա ընթացքում այդ դրական հաշվեկշիռը կարող է փոխվել, քանի որ Հայաստանի ավելի ու ավելի լայն հասարակական շերտեր են հասկանում, որ Ռուսաստանն իր քաղաքականությամբ ավելի շատ խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար՝ ռիսկեր ու սպառնալիքներ, քան չեզոքացնում եղածները:

Ռուսաստանի իշխանության համար ակնհայտորեն տեսանելի են այդ միտումները: Սակայն, Մոսկվան չգիտես ինչու համառորեն շարունակում է դրանք այն գործելաոճով չեզոքացնելու քաղաքականությունը, որով հենց ավելանում են Ռուսաստանի խնդիրները Հայաստանում: Այլ կերպ ասած, կամ Մոսկվայի վարքն ադեկվատ չէ, կամ էլ Կրեմլը պարզապես հաշտվել է այն իրողության հետ, որ Հայաստանում որեւէ բան փոխելու հնարավորություն այլեւս չունի,  եւ պետք է կովկասյան քաղաքականության մեջ որեւէ ընդգծված բեւեռացումից անցնել լիարժեք համահարթեցման:

Հակառակ դեպքում, առաջին այցը Բաքու կատարելու փոխարեն՝ հատկապես հայ-ռուսական հարաբերության խնդիրների ներկայիս ֆոնին, Վլադիմիր Պուտինը կփորձեր նախ Հայաստան գալ եւ այստեղ իսկապես անկեղծ ու բաց խոսակցություն վարեր առկա խնդիրների մասին, ցույց տար Հայաստանի հասարակությանը, որ տեսնում է դրանք եւ պատրաստ է բաց քննարկման, իրավիճակը խորությամբ ախտորոշելու եւ փոփոխության ուղղությամբ էական քայլեր անելու համար: Բայց, դրա փոխարեն, Մոսկվան Հայաստանում իր նորանշանակ դեսպանի միջոցով շարունակում է հանդիպումներ ռուսական քաղաքականության այն «ապոլոգետների» հետ, որոնք այդ քաղաքականությունը հասցրել են գրեթե ծայրաստիճան արժեզրկման եւ տարել փակուղի:

Բայց Պուտինը գնում է Բաքու՝ բիզնեսի գործերով: Ռուսաստանն այնտեղ ուզում է Ռոսնեվտի միջոցով ներգրավվել էներգետիկ շուկայում: Դա իհարկե Ռուսաստանի շահն ու գործն է, եւ այստեղ ոչ ոք իրավունք չունի պահանջելու, որ Ռուսաստանը անտեսի դա: Բայց, այդ դեպքում, Ռուսաստանն էլ իրավունք չունի պահանջելու, որ Հայաստանն անտեսի իր տնտեսական շահը, որը պահանջում է հարաբերության խորացում աշխարհի ամենամեծ ու գնողունակ շուկայի՝ կես միլիարդ սպառող ունեցող Եվրոպայի հետ: Որն, ի դեպ, հանդիսանում է ոչ միայն սպառման շուկա, այլ նաեւ տեխնոլոգիական գեներացիայի համաշխարհային կենտրոններից մեկը: Իսկ դա Հայաստանում ռազմավարական խնդիր է, նկատի ունենալով, որ Հայաստանի ռազմավարական հարստություններից մեկն էլ մարդկային տեխնոլոգիական միտքն է, որը անկախության տարիների ընթացքում հիմնականում մնացել է փակված: Կարդալ ավելին