«Ինչպե՞ս կարող էր Նիկոլ Փաշինյանը չշնորհավորել Լուկաշենկոյին, եթե դա ընդունված ընթացակարգ է»․ «Իմ քայլի» պատգամավոր

«Մեդիալաբի» հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանի հետ

– Տիկին Հայրապետյան, Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո արդեն երկու օր է՝ անհանգիստ է այդ երկրում՝ ցույցեր են, բողոքի մեծ ալիք։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։

– Գիտեք, ի պաշտոնե չեմ կարող մեկնաբանել այն, ինչ տեղի է ունենում մեկ այլ երկրում։ Նկատի ունեմ այն, որ նախ՝ մասնագիտական առումով չունեմ բավականաչափ տեղեկություն։ Եթե, օրինակ՝ խոսքը Ադրբեջանի մասին լիներ, կարող էի մասնագիտական առումով դրա վերաբերյալ մեկնաբանություններ հնչեցնել, իսկ Բելառուսի վերաբերյալ մեկնաբանություն չեմ կարող տալ։

– Դուք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ եք և չունե՞ք գնահատական՝ ինչ է կատարվում այդ երկրում։

– Ես կարծում եմ՝ չեմ կարող հնչեցնել Բելառուսում տեղի ունեցողի վերաբերյալ որևէ գնահատական, քաղաքական գնահատական։ Երկրի վարչապետն արդեն շնորհավորել է Բելառուսի նախագահին ընտրությունների հետ կապված, և ես որևէ մեկնաբանություն դրա հետ կապված չեմ կարող տալ՝ հաշվի առնելով հարաբերությունները ու դրա յուրահատկությունը։ 

– Կարո՞ղ էր չշնորհավորել երկրի վարչապետը։

– Ես կարծում եմ՝ ընդհանուր առմամբ միջպետական հարաբերություններում դա ընդունված ընթացակարգ է, և ինչպե՞ս կարող էր չշնորհավորել, եթե դա ընդունված ընթացակարգ է։ Առավել ևս այն դեպքում, երբ մենք Բելառուսի հետ միասին գտնվում են ընդհանուր դաշնակցային հարաբերություններում։

– Նիկոլ Փաշինյանն այժմ քննադատության թիրախում է, որ այդ երկրում կատարվող իրադարձություններից առաջ ընկնելով շնորհավորել է Լուկաշենկոյին։ 

– Իհարկե մարդկանց իրավունքն է տարբեր տեսակետներ ունենալ տարբեր հարցերի վերաբերյալ, բայց արտաքին քաղաքականության վերաբերյալ կարծիքներ հնչեցնելիս մենք պետք է հաշվի առնենք միջպետական բազմակողմ հարաբերությունները։

Մարդիկ ազատ երկրում են ապրում, կարող են իրենք իրենց սեփական կարծիքն ու մոտեցումներն ունենալ։ Բայց պետք է նաև ընկալել ու հասկանալ արտաքին հարաբերությունների սպեցիֆիկան, որը, բնականաբար, տարբերվում է ներքաղաքական հարաբերություններից։

– Բելառուսի հետ ընդհանուր դաշնակցային հարաբերություննե՞րն են կաշկանդել Փաշինյանին շնորհավորելու համար։ Ուզում եմ հասկանալ՝ նա կարո՞ղ էր ուղղակի չշնորհավորել։

– Ես կարծում եմ՝ վարչապետը վարվել է այնպես, ինչպես կվարվի ցանկացած երկրի ղեկավար, որը գտնվում է դաշնակցային հարաբերություններում։ Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ն կապ չունի, նրանք բազմիցս շփվել են, առանձնազրույցներ են ունեցել, այսինքն՝ այդ իրավիճակը հաշվի առնելով, ես կարծում եմ՝ որևէ խնդիր չկա շնորհավորելու մեջ։

Չեմ կարողանում հասկանալ․․․ այսինքն՝ քննադատությունը քննադատություն, բայց արտաքին հարաբերություններն ունեն իրենց ընթացակարգերը և սպեցիֆիկան, որոնք պետք է հաշվի առնվեն քննադատություններ հնչեցնելիս։ Սա կարող եմ ասել բոլոր տեսակ հարաբերությունների առումով։

– Առանձին գործիչներ հիշեցնում են Հայաստանի նախկին ընտրությունները լեգիտիմացնելուն ուղղված միջազգային կազմակերպությունների հայտարարությունների մասին ձեր թիմի նախկին վարքագիծը, երբ ընդդիմություն էիք։ 

– Դա նկատի ունեմ, երբ ասում եմ՝ քննադատություններ հնչեցնելիս պետք է հաշվի առնել, որ միանգամայն այլ իրավիճակ է ներքաղաքական կյանքում, և լրիվ այլ ընթացակարգ ու կանոններ են գործում արտաքին հարաբերություններում։

Դա է իմ ասածը։ Արտաքին հարաբերություններն ունեն իրենց սպեցիֆիկան, ունեն տարբեր շերտեր, որոնք առաջին հայացքից կարող են ակնհայտ չթվալ, և այդ նույն, բացարձակ նույն ստանդարտները կարող են չկիրառվել։

Կարող են մարդկանց անհասկանալի թվալ ինչ-որ իրավիճակում, բայց եկեք ընդունենք, որ մեզանից ոչ մեկը ի վերջո իրավունք չունի դատելու այլ երկրում տեղի ունեցող գործողությունների, իրադարձությունների մասին, առավել ևս, որ այդ երկրի մասնագետը չէ։

Օրինակ՝ երբ ես դատողություններ եմ անում Ադրբեջանի ներքաղաքական կյանքի մասին, դա նրանից չէ, որ ես պատգամավոր եմ, դա նրանից է, որ ես երկար տարիներ ուսումնասիրել եմ և կարող եմ կանխատեսումներ անել դրա վերաբերյալ։

Բայց չհասկանալով՝ իրականում ինչ է տեղի ունենում այդ երկրում, ինչ ընթացակարգեր են, շատ դժվար է գնահատականներ հնչեցնել, առավել ես երբ դու քաղաքական մարդ ես ու քաղաքական թիմի անդամ։ Մնացածը կարող է վերլուծական համայնքը դատողություններ անել, խոսել, քննադատել։

– Դուք տեսնո՞ւմ եք համեմատության եզրեր 2018-ի Հայաստանի և այժմյան Բելառուսի միջև։

– Ես նախ կարծում եմ, որ յուրաքանչյուր ժողովուրդ և յուրաքանչյուր պետություն իր ուղիով առանձնահատուկ է, և եկեք ընդունենք, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք որևէ մեկի կողմից կանխատեսված չէին, անսպասելի էին, ոչ մի ընդհանուր եզր չունեն մեկ այլ երկրում տեղի ունեցող փոփոխությունների հետ։

Ամեն երկիր, ամեն ժողովուրդ ունի իր սպեցիֆիկան և իր ճանապարհը։ Պետք է այդ ամենին ըմբռնումով, հարգանքով ու նաև արտաքին հարաբերությունները հաշվի առնելով, դիվանագիտորեն մոտենալ։

– Նրանց երկրում էլ երկար տարիներ նույն անձն է ղեկավարում երկիրը, ինչպես մեր երկրում՝ մեկ ուժը․․․ Ի՞նչը այստեղ համեմատելի չէ։

– Ինձ համար Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ցանկացած այլ երկրում տեղի ունեցած իրադարձությունների հետ համեմատելի չեն, որովհետև այն, ինչ տեսել և ապրել եմ Հայաստանում, չեմ կարող ասել կապրեի Բելառուսում։

Ես Բելառուսում չեմ, ծանոթ չեմ այդ երկրի կյանքին, չունեմ այդ ընկալումները, որպեսզի համեմատելի դարձնեմ։ Ես այս պարագայում վերաբերվում եմ խնդրին արտաքին հարաբերությունների տեսանկյունից։

Իսկ մնացածը այդ երկրի ներքին գործերն են, այդ ժողովրդի կամքը։ Ինչպե՞ս կարող է Հայաստանը միջամտել մեկ այլ երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Դուք արդյոք դա ճի՞շտ եք համարում, չէ՞ որ մեզ հաճելի չէր նաև, երբ 2018-ին այլք փորձում էին միջամտել մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին։

– Ի դեպ, Փաշինյանին Լուկաշենկոյին շնորհավորելու համար քննադատում են այն անձինք, ովքեր 2018-ին ձեր կողքին էին։

– Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորելիս ելել է արտաքին հարաբերությունների սպեցիֆիկայից, դիվանագիտական հարաբերությունների բնույթից և արել է իր գործողությունները։

Մնացած զարգացումները, իրադարձությունները արդեն մեզանից դուրս են, և մենք այդտեղ որևէ միջամտություն անել չենք կարող, և, կարծում եմ՝ պետք է հարգանքով վերաբերվենք այդ ամենին։ Մնացածը վերլուծական համայնքի գործն է։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am