Բռնությունը՝ դատապարտելի, բայց յուրայինների բռնությունը՝ արդարացված․ ինչ ուղերձ հղեց իշխանությունը 

Ազգային ժողովում նախօրեին տեղի ունեցածը պարզապես հերթական քաղաքական սկանդալ չէ, այն մի կողմից արժեհամակարգային մերկացում է, մյուս կողմից՝ նոր խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման փուլ, որտեղ ուժերն են չափում ու ցուցադրում խորհրդարանականները՝ քաղաքական բովանդակության բացակայության պայմաններում։ Այն նաև փորձություն է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների, իրավունքի գերակայության և պետական իշխանության ներկայացուցիչների համար՝ սեփական խոսքի ու վարքի համար պատասխանատվություն ստանձնելու կարողության վերաբերյալ։

Պատգամավորները, որոնք օրենսդիր մարմնում պետք է բանավիճեն երկրի խնդիրների, քաղաքացիների իրավունքների ու պետական քաղաքականության շուրջ, միմյանց հարվածում էին բռունցքներով ու ոտքերով։ 

ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ։ Կային վնասվածքներ ստացած պատգամավորներ, կոտրված կահույք, միջամտող անվտանգության աշխատակիցներ։ Խորհրդարանի նիստերի դահլիճում սկսված բախումը քրեական ենթամշակույթի լավագույն ավանդույթների ոգով շարունակվեց նաև միջանցքներում, շենքի հետնամասում և դեռ շարունակվելու է․․․ 

Ինչո՞ւ, կհարցնեք դուք, որովհետև քաղաքական պատվեր-պահանջ կա՝ լցնել տարածքը տեսարաններով, խրախուսել տեսարանների մասնակիցներին և սպորտային երկրպագուի կեցվածքով միավորներ շնորհել յուրայիններին։ Այո՛, հստակ է, որ օրենքի ուժով նման տեսարանները կանխելու գործիքներն առկա են, բայց այդ գործիքներին տիրապետողները նախընտրում են հանրությանը ցուցադրել հենց այս կինոն:

Իսկ ի՞նչ էր ուղիղ եթերում տեսնում հանրությունը։ Ոչ թե արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն, ոչ թե քաղաքական բանավեճի մշակույթ, ոչ էլ կարգուկանոնի ապահովման հետևողական փորձ, այլ մի իրավիճակ, երբ ֆիզիկական բռնությունը շարունակվում էր, իսկ նիստը նախագահողը հորդորում էր պատգամավորներին ինքնուրույն կողմնորոշվել՝ շարունակել կռիվը, թե՝ ոչ։

Նիստը նախագահողի լիազորությունները ձևականություն չեն։ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը նրան իրավունք է տալիս կարգապահական միջոցներ կիրառելու, երբ պատգամավորը խախտում է նիստի կարգը կամ խոչընդոտում դրա բնականոն ընթացքը։ Հետևաբար, հարցն այն է, թե արդյոք ձեռնարկվեցի՞ն անհրաժեշտ միջոցներ՝ բռնությունը կանխելու, դրա շարունակությունը դադարեցնելու և խորհրդարանի բնականոն աշխատանքը վերականգնելու համար։

Փաստացի, բռնությունը չկանխվեց, թեև առկա էին բոլոր գործիքները օրինական ճանապարհով դա իրականացնելու, և ավելին, նոր հարցեր առաջացրեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը:

«Եթե որևէ մեկը կա, որ մտածում է, որ կարող է ձեռքը երկարացնի, որ Ազգային ժողովի պատգամավորին խփի, այդ ձեռքը մենք կջարդենք ուղղակի։ <…> Պետք լինի՝ աթոռով էլ կջարդենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետը։ Նա նաև հայտարարեց, որ դատապարտում է բռնությունը, բայց աջակցում է ՔՊ պատգամավորների գործողություններին՝ դրանք բնորոշելով որպես համարժեք և ճիշտ։ 

Այս հայտարարության մեջ խնդիրը միայն կոշտ բառապաշարը չէ։ Խնդիրը հակասությունն է, որը դժվար է անտեսել։ Մի կողմից՝ վարչապետը հայտարարում է, թե դատապարտում է բռնությունը, իսկ մյուս կողմից՝ ողջունում է իշխանական պատգամավորների գործողությունները, այդ թվում՝ աթոռի նետումը, և սպառնում է ֆիզիկական հաշվեհարդարով։

Երբ պետության ղեկավարը սպառնում է ձեռք ջարդել, դա չի կարող դիտարկվել միայն որպես հուզական արտահայտություն։ Հանրային պաշտոն զբաղեցնող անձի խոսքը պատասխանատվություն է ենթադրում, հատկապես երբ խոսքը վերաբերում է բռնությանը, որի մասին խոսելը, հատկապես վերջերս, դարձել է խիստ նորաձև:

Ընտանեկան բռնության դեմ պայքարին է լծվել վարչապետի կինն ու գրեթե ամենօրյա ռեժիմով խոսում է բռնության անթույլատրելիության, բռնության ենթարկված անձանց պաշտպանության անհրաժեշտության, բռնություն գործադրողների պատասխանատվության և բռնի վարքագծի փոփոխության կարևորության մասին։ Ազգային ժողովի օրակարգ է մտել ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրության և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը։

Ի հակադրություն օրենսդրական նախաձեռնության և բռնության դեմ արշավի՝ երկրում համառորեն հագուրդ է տրվում մի սոցիալական ու քաղաքական միջավայրի կայացման, որտեղ բարձրագույն օրենսդիր մարմնում տղամարդիկ միմյանց հարվածում են, աթոռներ նետում: 

Այս համատեքստում ոչ պակաս մտահոգիչ է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնորոշումը, որը որպես «պառլամենտարիզմի սովորական պրոցես» և «հայկական, նորմալ կռիվ» է որակել կատարվածը։

Պառլամենտարիզմը քաղաքական տարաձայնությունների ինստիտուցիոնալ կառավարման համակարգ է և ենթադրում է, որ հակադիր դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերը պայքարեն փաստարկներով, օրենսդրական նախաձեռնություններով, քննադատությամբ և հանրային հաշվետվողականությամբ։ Խորհրդարանը հենց այն վայրն է, որտեղ քաղաքական հակասությունները պետք է լուծվեն առանց ֆիզիկական բռնության։

Եթե պատգամավորները միմյանց հարվածելը ներկայացնում են որպես սովորական քաղաքական գործընթաց, նրանք ոչ միայն արդարացնում են իրենց վարքագիծը, այլև աղավաղում խորհրդարանական ժողովրդավարության իմաստը։ Բռնությունը չի դառնում ընդունելի՝ այն «հայկական» անվանելուց։ Այն չի դառնում քաղաքական պայքարի օրինաչափ գործիք՝ այն «համարժեք պատասխան» որակելուց։

Եվ եթե քաղաքական գործիչները կարծում են, որ իրենց արժանապատվությունը, հեղինակությունը կամ քաղաքական դիրքը պաշտպանելու համար կարող են դիմել ֆիզիկական ուժի, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ չափանիշ են նրանք առաջարկում հասարակությանը՝ տարաձայնությունները լուծելու համար։

Մի կողմից՝ պետությունն ասում է, որ բռնությունն անընդունելի է։ Մյուս կողմից՝ նրա ներկայացուցիչները ցույց են տալիս, որ որոշ հանգամանքներում բռնությունը կարող է արդարացվել, եթե այն ներկայացվում է որպես պատասխան հակառակորդի վարքագծին։

Ընտանեկան բռնության համատեքստում ևս հաճախ հանդիպում է նույն տրամաբանությունը՝ «նա ինձ հասցրեց դրան», «ես ստիպված էի», «ինքը սկսեց», «պետք էր իր տեղը ցույց տալ»։ Այս արտահայտությունները չեն ապացուցում, որ խորհրդարանական բախումն ու ընտանեկան բռնությունը նույն երևույթներն են։ 

Դրանք տարբեր իրավական և սոցիալական համատեքստ ունեն, արդարացման վտանգավոր մեխանիզմը նույնն է՝ բռնություն գործադրողը սեփական գործողությունը ներկայացնում է որպես ուրիշի վարքագծով պայմանավորված ու, հետևաբար, արդարացված։ Սա կարևոր սկզբունք է ոչ միայն ընտանեկան բռնության կանխարգելման, այլև հանրային կյանքի բոլոր ոլորտներում։

Բռնության դեմ պայքարը սկսվում է այն պահից, երբ իշխանությունը հրաժարվում է բռնություն արտադրելուց և արդարացնելուց։ Իսկ միգուցե իշխանությունը բռունցքներով ճանապարհ է բացում նոր խորհրդարանական ընտրությունների համար, այս համատեքստում իրադարձությունները դիտարկվում են բոլորովին այլ լույսի ներքո։

Չմոռանանք Նիկոլ Փաշինյանի վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ եթե չհաջողվի ընդդիմությանը համոզել՝ աջակցել նոր Սահմանադրության ընդունմանը, իշխանությունը կարող է գնալ նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ 

Եվ ահա այս ֆոնին խորհրդարանը վերածվում է բռնցքամարտի ռինգի։ Իշխանական պատգամավորները բռունցքներ են թափահարում, աթոռներ նետում, վարչապետը հետևում է իր թիմի մարտին ու ոչ միայն չի սահմանազատվում բռնությունից, այլև հրապարակային աջակցություն է հայտնում թիմակիցներին՝ սպառնալով, որ պատգամավորին հարվածող ձեռքը կջարդեն։

Հարց է առաջանում՝ արդյոք այս ամենը պարզապես վերահսկողությունից դուրս եկած քաղաքական բախո՞ւմ էր, թե՞ իշխանության համար այն նաև քաղաքականապես շահավետ տեսարան դարձավ՝ ընտրություններից առաջ սեփական ընտրազանգվածին ուժի, վճռականության և հակառակորդին պատասխան տալու պատրաստակամության ուղերձ հղելու համար։

Երբ բռնությունը դառնում է նախընտրական տեխնոլոգիա, իսկ պետության ղեկավարը՝ դրա քաղաքական հովանավորը, հանրությունը ստանում է ամենավտանգավոր ուղերձը, այն է՝ արտոնյալների համար բռնությունը լեգիտիմ է։ Իսկ դա նշանակում է, որ խորհրդարանից արտանետված բռնության ալիքը անխուսափելիորեն հասնելու է փողոց, ընտանիք և հանրային կյանքի բոլոր խորշերը՝ քանդելով առանց այդ էլ փխրուն հասարակական միջավայրը:

Զարուհի Հովհաննիսյան

MediaLab.am