Այս օրերին Հայաստանում կա դեռահաս մի աղջիկ, որն ամեն օր սպասում է մորը։ Նա չի կարող տեսնել, չի կարող գրկել և նույնիսկ լսել մոր ձայնը։ Նրա կյանքում հանկարծակի առաջացել է մի դատարկություն, որը ոչ ոք չի կարողանա լցնել։
Հուլիսի 9-ից անազատության մեջ գտնվող Արեգնազ Մանուկյանը փաստացի զրկված է ընտանիքի և դեռահաս դստեր հետ կապի որևէ միջոցից։ Նրա փաստաբանն է դարձել մոր և դեռահաս դստեր միջև միակ կապող օղակը։
Հանրությանը մինչ այժմ հայտնի չէ որևէ հիմնավորում, որը կբացատրեր, թե ինչո՛ւ էր 13-ամյա երեխայի հետ նույնիսկ հեռախոսային խոսակցությունը վտանգ ներկայացնում քննության համար։ Միևնույն ժամանակ, արդեն կա հոգեբանի մասնագիտական եզրակացություն, ըստ որի այդ սահմանափակումը երեխայի մոտ առաջացրել է սուր սթրես և հոգեսոմատիկ խնդիրներ։
Այս իրավիճակը ծնում է ոչ միայն իրավական, այլև բարոյական հարց, այն է՝ եթե դատարանի որոշման հետևանքով վնաս է հասցվում երեխային, կարելի՞ է այդ որոշումը համարել համաչափ։ Իսկ եթե այդ վնասը հնարավոր էր կանխել ավելի մեղմ միջոցներով, ապա կատարե՞լ է արդյոք պետությունը երեխայի նկատմամբ ունեցած իր պոզիտիվ պարտավորությունները։
ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան սահմանում է, որ երեխային վերաբերող ցանկացած որոշման դեպքում առաջնահերթ պետք է հաշվի առնվի նրա լավագույն շահը։
Հոգեբանները վաղուց են ապացուցել, որ դեռահասության շրջանում ծնողի հետ հուզական անվտանգ կապը երեխայի հոգեկան կայունության կարևորագույն հենարաններից մեկն է։ Երբ այդ կապը հանկարծակի և ամբողջությամբ խզվում է, երեխան կարող է զգալ անապահովություն, վախ, մեղավորություն, լքվածություն, ունենալ քնի խանգարումներ, կրթության հետ կապված դժվարություններ, սոցիալական մեկուսացում և խորացող հոգեբանական տրավմա։
ՄԱԿ-ի Բանգկոկյան կանոնները՝ կին իրավախախտների և բանտարկյալների համար, սահմանում են նման իրավիճակները՝ ելնելով այն փաստից, որ ազատությունից զրկված կանայք հաճախ միաժամանակ նաև մայր են, և նրանց նկատմամբ ցանկացած որոշում ուղղակիորեն ազդում է երեխաների վրա։ Այս կանոնները պահանջում են հնարավորության դեպքում կիրառել ազատազրկման այլընտրանքային միջոցներ, յուրաքանչյուր որոշման պարագայում գնահատել երեխաների շահերը, խրախուսել մոր և երեխայի կանոնավոր շփումը և բացառել այն սահմանափակումները, որոնք կարող են վնաս հասցնել երեխայի զարգացմանը։ Սա կանանց համար արտոնություն չէ, այլ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիր է։
Երբ ազատությունից զրկվում է մայրը, պետության յուրաքանչյուր որոշում ազդում է առնվազն երկու մարդու վրա, և երկրորդն այդ դեպքում ոչինչ չի կարող անել իր պաշտպանության համար։ Սա նշանակում է, որ արդարադատությունը պետք է տեսնի նաև երեխային, ոչ միայն մեղադրանքը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տասնամյակների ընթացքում ձևավորել է սկզբունք, ըստ որի ազատությունից զրկումն ինքնին չի վերացնում ընտանեկան կյանքի իրավունքը, որը պաշտպանվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով։ Օրինակ՝ «Հորիչն ընդդեմ Լեհաստանի» (Horych v. Poland, 2012) գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է կալանքի կիրառման ընթացքում կիրառվող հատուկ ռեժիմի համաչափության խնդիրները:
Դատարանը, մասնավորապես, քննադատել է տևական մեկուսացման, այցելությունների չափազանց կոշտ սահմանափակումների և անհատականացված գնահատման բացակայության պրակտիկան։
ՄԻԵԴ-ը գտել է, որ չնայած հատուկ ռեժիմում կալանքի տակ գտնվող անձանց դեպքում որոշակի սահմանափակումներն անխուսափելի են, սակայն ընտանիքի հետ շփման ընդհանուր և երկարատև սահմանափակումները չեն ապահովել արդար հավասարակշռություն պետության անվտանգային շահերի և անհատի՝ ընտանեկան կյանքի իրավունքի միջև։
Այս վճիռը հիմնարար չափորոշիչ է սահմանել բանտային վարչարարության մեջ ռիսկերի անհատականացված գնահատման և տեսակցությունների ժամանակ անհարկի ֆիզիկական խոչընդոտների բացառման համար:
Մեկ այլ՝ «Խորոշենկոն ընդդեմ Ռուսաստանի» (Khoroshenko v. Russia, 2015 թ.) գործով ՄԻԵԴ-ը հաստատեց, որ ազատությունից զրկվածների ընտանեկան կապերը պաշտպանելը պետության պոզիտիվ պարտավորությունն է, ընտանեկան կապերը նպաստում են անձի վերասոցիալականացմանը, իսկ առանց հիմնավոր պատճառների ավտոմատ սահմանափակումները ՄԻԵԿ-ի 8-րդ հոդվածի խախտում են։ Իսկ «Դելտուվան ընդդեմ Լիտվայի» (Deltuva v. Lithuania, 2023) գործով ՄԻԵԴ-ն ընդգծեց, որ պետությունը պարտավոր է հաշվի առնել երեխայի շահերը և ծնողի հետ կապը պահպանելու երեխայի կարիքը։
Այս նախադեպերը ցույց են տալիս, որ նույնիսկ քրեական վարույթի շահերը չեն ազատում պետությանը յուրաքանչյուր դեպք անհատապես գնահատելու և ցանկացած սահմանափակում հիմնավորելու պարտավորությունից, հատկապես երբ դրա հետևանքները կրում է անչափահաս երեխան։
Այսպիսով, եթե պետությունը չի կարող հիմնավորել, թե ինչու է նույնիսկ հեռախոսային շփումը դեռահասի հետ վտանգում քննությունը, եթե չի քննարկել երեխայի իրավունքին ավելի քիչ վնասող այլընտրանքները, եթե չի գնահատել հոգեբանական վնասը, որն արդեն արձանագրված է մասնագետի կողմից, ապա դժվար է պնդել, որ երեխայի լավագույն շահը եղել է առաջնային նկատառումը։
Այդ դեպքում վտանգվում է ոչ միայն մեկ ընտանիքի ու երեխայի ճակատագիրը, այլև արդարադատության նկատմամբ հանրային սպասելիքներն ու վստահությունը։
Օրենքը կարող է սահմանափակել անձի ազատությունը, բայց ոչ մի օրենք չի կարող արդարացնել մոր ձայնի բացակայությունը մի երեխայի կյանքում, որը դեռ սովորում է հասկանալ աշխարհը։ Եվ սպասման յուրաքանչյուր օր հարցականի տակ է դնում ոչ միայն մեկ դատական որոշում, այլև այն, թե որքանով ենք մենք որպես հասարակություն և իրավական պետություն պատրաստ պաշտպանելու նրանց, ովքեր ամենախոցելին են։
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am

