Արագածոտնի մարզի Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը։ Հանցագործությունը քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով դիակը նրանք տեղափոխել են կիսակառույց մի շինություն և թաքցրել հողաշերտի տակ։ Հանցագործությունը կատարվել է այս տարվա մարտ ամսին, սակայն բացահայտվել է հուլիսի 22-ին։
Ցավոք, ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության դեպքերը մեր հասարակությունում շարունակում են աճել, իսկ կանանց նկատմամբ բռնության դաժանագույն դրսևորումներից մեկը կնասպանությունն է։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2026 թվականի 6 ամսվա ընթացքում Ոստիկանություն ստացվել է ընտանեկան և կենցաղային բռնության մասին 1375 հաղորդում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված 1297-ի համեմատ։
Ինչ վերաբերում է կնասպանության դեպքերին, ապա ֆեմիցիդի պաշտոնական վիճակագրություն Հայաստանում չի վարվում։ Մամուլից և այլ աղբյուրներից հավաքված տվյալներով՝ 2022-2025 թթ․ ընթացքում Հայաստանում սպանվել է առնվազն 50 կին՝ հիմնականում ընտանիքի անդամի կամ զուգընկերոջ կողմից։ Այս ընդհատված կյանքերը զուտ վիճակագրություն չեն, այլ ազդակ, որ Հայաստանը ճանաչի և համապատասխան քայլեր ձեռնարկի կանանց կյանքերը փրկելու ուղղությամբ։
Ժամանակակից միջազգային իրավունքում ֆեմիցիդի կանխարգելումը դիտարկվում է ոչ միայն որպես քրեական արդարադատության, այլև մարդու իրավունքների պաշտպանության խնդիր։ Եթե մինչև սպանությունը առկա են եղել բռնության մասին ահազանգեր, ոստիկանություն դիմումներ, դատական պաշտպանական միջոցներ, սոցիալական ծառայությունների ներգրավվածություն կամ այլ նախազգուշացնող ազդակներ, ապա անհրաժեշտ է գնահատել նաև պետական մարմինների արձագանքի արդյունավետությունը։ Այսինքն՝ յուրաքանչյուր կնասպանության դեպքից հետո պետք է տրվի ոչ միայն ով սպանեց հարցի պատասխանը, այլև՝ ինչո՛ւ պետությունը չկարողացավ կանխել սպանությունը։
Օրերս Իտալիան կարևոր քայլ կատարեց կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում՝ քրեական օրենսգրքում առանձին հանցագործություն սահմանելով ֆեմիցիդը՝ կնասպանությունը։ Նոր օրենքով նման հանցագործության համար նախատեսվում է ցմահ ազատազրկում, իսկ ավելի խիստ պատիժներ են սահմանվում նաև սեռով պայմանավորված այլ հանցագործությունների՝ հետամտման, հարկադրանքի, ինչպես նաև առանց համաձայնության անձնական բնույթի լուսանկարների կամ տեսանյութերի տարածման համար։
Կնասպանություն (ֆեմիցիդ) եզրույթը միջազգային իրավական և ակադեմիական շրջանակներում օգտագործվում է կանանց սպանությունները բնութագրելու համար, ավելի հաճախ, երբ սպանությունը տեղի է ունենում նախկին կամ ներկա զուգընկերոջ, ընտանիքի անդամի կողմից, պատվի շարժառիթով, սեռական բռնության ընթացքում կամ կանանց նկատմամբ համակարգային խտրականության պայմաններում։ Այս հասկացությունը տարբերվում է սովորական սպանությունից, քանի որ ուշադրությունը կենտրոնացնում է ոչ միայն հանցագործության փաստի, այլև դրա գենդերային շարժառիթի և նախապատմության վրա։
Շատ դեպքերում կնասպանության դեպքերին նախորդում են տարիներ տևող հոգեբանական, ֆիզիկական, տնտեսական կամ սեռական բռնությունը, հետամտումը, վերահսկողությունը, խանդը, մեկուսացումը և սպառնալիքները։ Հետևաբար, կնասպանությունը մեկ ակնթարթում կատարված հանցագործություն չէ. այն բռնության շարունակական շղթայի վերջին օղակն է։ Հիշենք այս տարվա մայիսին տեղի ունեցած 22-ամյա հղի կնոջ դեպքը, որը Երևան-Սևան ճանապարհին մեքենայից դուրս նետվեց, իսկ նրա քրոջ վկայությամբ երիտասարդ կինը ենթարկվել էր երկարատև ֆիզիկական ու հոգեբանական բռնության, վերահսկողության, նվաստացման։
Վերջին տարիներին բազմաթիվ երկրներ փոխում են իրենց մոտեցումը և հրաժարվում են կնասպանությունը դիտարկել որպես պարզապես սպանություն, քանի որ ըստ հեղինակավոր կազմակերպությունների զեկույցների աշխարհում ամեն տարի տասնյակ հազարավոր կանայք սպանվում են իրենց զուգընկերների կամ ընտանիքի անդամների կողմից։
«ՄԱԿ-Կանայք» միջազգային կազմակերպության 2025 թվականի զեկույցի համաձայն՝ ամեն օր 137 կին և աղջիկ են սպանվում ընտանիքի անդամի կամ մտերիմ զուգընկերոջ կողմից։ Իր հերթին, Եվրոպայի խորհրդի զեկույցներում բազմիցս ընդգծվել է, որ պետությունները պետք է ոչ միայն պատժեն կատարված սպանությունները, այլև ստեղծեն կնասպանության դեպքերի առանձին հաշվառման, վերլուծության և կանխարգելման համակարգեր, որպեսզի պարզվեն այն համակարգային բացերը, որոնք ձախողել են սպանության կանխումը։
Սակայն մինչ այժմ Հայաստանի քրեական օրենսգիրքը չի առանձնացնում կնասպանությունը որպես առանձին հանցագործություն։ Կանանց սպանությունները քննվում են սպանության ընդհանուր հոդվածներով՝ առանց գնահատելու՝ արդյոք դրանք պայմանավորվա՞ծ են եղել գենդերային խտրականությամբ, ընտանեկան բռնությամբ կամ վերահսկողական վարքագծով։ Մինչդեռ հենց այդ հանգամանքները հաճախ տարբերակում են կնասպանությունը այլ սպանություններից, և հաղորդում ազդակ, որ կնոջ կյանքը, անվտանգությունն ու արժանապատվությունը հատուկ պաշտպանության ենթակա արժեքներ են։
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am

