Մենք հաշտվել ենք այն համակարգի հետ, որը լափում է մեր զավակներին. նորից զինվոր է (ինքնա)սպանվել

Օգոստոսի 13-ին զինված ուժերից հերթական գույժը եկավ. զորամասերից մեկում զինծառայող է մահացել, նրան գտել են հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Այսպիսի հաղորդագրությունները, ցավոք, եղել են ու մինչ այժմ շարունակվում են համակարգային լռության պայմաններում։ Յուրաքանչյուր նման դեպք սովորաբար անցնում է նույն ճանապարհը՝ պաշտոնական հաղորդագրություն, քրեական վարույթ, քննություն։ Բայց եթե տարիների ընթացքում նույն համակարգում կրկնվում են մահերը, բռնության, նվաստացման, ինքնասպանության և սպանության դեպքերը, ինչո՞ւ չենք կարողանում կանխել դրանք։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն. «Իմ գնահատականը այն չէ, որ էս իրադրությունում գլխավոր շտաբի պետը և պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում էդ խնդիրը լուծելու համար»,- ասել է նա:

Արձագանքը կարևոր է, բայց եթե զինծառայողների մահերը կրկնվող և երկարաժամկետ խնդիր են, ապա կադրային փոփոխությունը կարող է լինել միայն առաջին անհրաժեշտ քայլը, իսկ խնդրի լուծումը համալիր ու խորքային աշխատանքի կարիք ունի։ Որովհետև պետք է պատասխանել ոչ միայն հարցին՝ ո՞վ է պատասխանատու, այլև՝ ի՞նչը չի աշխատում։

Զինծառայողը գտնվում է պետության անմիջական վերահսկողության ներքո՝ փակ, հիերարխիկ և խիստ կանոնակարգի պայմաններում։ Այդ միջավայրում մարդու կյանքի, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության պաշտպանության համար պետության պարտավորությունը առանձնահատուկ է։ Արդյո՞ք համակարգային անտարբերությունը բանակի նկատմամբ չի հանգեցրել այս իրավիճակին։ 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի երկարաժամկետ տվյալներն առավել մտահոգիչ պատկեր են ցույց տալիս։ 2010-2017 թվականներին ՀՀ և Արցախի զինված ուժերում արձանագրվել է 462 զինծառայողի մահ, որից 299-ը՝ ոչ մարտական պայմաններում։ 2018-2025 թվականներին արձանագրվել է 511 մահ, որից 427-ը՝ ոչ մարտական պայմաններում։ Այսինքն՝ ընդհանուր մահերի թիվն աճել է մոտ 11 տոկոսով, իսկ ոչ մարտական պայմաններում մահերի թիվը՝ 45 տոկոսով։

Առանձնահատուկ ուշադրության են արժանի ինքնասպանության և սպանության դեպքերը։ 2010-2017 թվականներին նման պատճառներով արձանագրվել է 131 մահ, իսկ 2018-2025 թվականներին՝ 120։ Վերջին թիվը կազմում է ոչ մարտական մահերի 28 տոկոսը։

Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն։ Դրանք պետական համակարգի կանխարգելման անկարողության ցուցիչ են։

Եթե մարդը մահանում է այնպիսի միջավայրում, որտեղ պետությունն ունի նրա նկատմամբ անմիջական վերահսկողություն, պետք է ուսումնասիրել ոչ միայն մահվան պատճառը, այլև մահվանը նախորդած ամբողջ շղթան՝ ինչ է տեղի ունեցել նրա հետ, ում է նա դիմել, ինչ ազդակներ են եղել, ով է դրանք նկատել կամ չնկատելու տվել, ինչ տեղեկություն են ունեցել հրամանատարությունը, հոգեբանը, բուժանձնակազմը, ռազմական ոստիկանությունը, և արդյոք այդ տեղեկությունից հետո որևէ բան նախաձեռնվել է։

Այս հարցի կարևոր պատասխանը տալիս է «Բռնության և վատ վերաբերմունքի դրսևորումները ՀՀ զինված ուժերում․ դատական պրակտիկայի ուսումնասիրություն» 2026 թվականին հրապարակված զեկույցը, որն անդրադարձել է ՀՀ զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի դեպքերի դատական պրակտիկային։ 

Ուսումնասիրված գործերը բացահայտում են զինված ուժերում բռնության տարբեր դրսևորումներ՝ ֆիզիկական բռնությունից մինչև նվաստացում, հոգեբանական ճնշում, ահաբեկում, հարկադրանք, ոչ կանոնադրական հարաբերություններ և իշխանության չարաշահում։ Առավել կարևոր է, որ բռնության պատճառների թվում ուսումնասիրությունը առանձնացնում է ոչ միայն առանձին միջանձնային կոնֆլիկտները, այլև վերադաս-ենթակա հարաբերությունների խախտումները, ծառայողական պարտականությունների շուրջ խնդիրները, դաժան վերաբերմունքն ու հոգեբանական ճնշումը։

Այսինքն՝ խնդիրը չի կարելի ամբողջությամբ բացատրել երկու զինվորների միջև առաջացած կոնֆլիկտով։ Զինված ուժերի փակ և հիերարխիկ համակարգում բռնությունը հաճախ ընկալվում է որպես վարքագծի նորմ։ Այն կարող է կրկնվել, աստիճանաբար սաստկանալ և երկար ժամանակ մնալ աննկատ կամ չկանխվել։ Ինչո՞ւ, քանի որ այդ համակարգում մարդը ոչինչ է, իսկ զինվորն իրավունքներ չունի։ 

Զինծառայողի նվաստացումը դիտարկվում է որպես ընդունելի վարք, ու քանի դեռ չի հասցվել ֆիզիկական տեսանելի վնասի, որևէ կերպ չի դիտարկվում որպես մարդու իրավունքների խախտում։ Մարդու արժանապատվության, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության պաշտպանությունը պետության պարտավորությունն է, իսկ պետությունը միշտ մահվան ելքով դեպքերն արձանագրում է որպես կանոնադրական հարաբերությունների խախտում ու սահմանափակվում մեկ կամ մի քանի պայմանական մեղավորների պատժով։

ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքը ևս պետության պարտավորությունը չի սահմանափակում միայն արդեն կատարված բռնության համար մեղավորին պատժելով։ Պետությունը պարտավոր է իր վերահսկողության ներքո գտնվող անձանց պաշտպանել վատ վերաբերմունքից, ունենալ արդյունավետ կանխարգելիչ մեխանիզմներ և ապահովել արդյունավետ, անկախ, բազմակողմանի քննություն, երբ նման դեպքի մասին տեղեկություն է ստացվում։

Զինված ուժերի պայմաններում այս պահանջն ավելի կարևոր է, որովհետև զինծառայողը չի կարող պարզապես հեռանալ վտանգավոր միջավայրից։ Նա գտնվում է նույն համակարգում, նույն հրամանատարական շղթայում և հաճախ՝ նույն վարքը դրսևորող մարդկանց հետ։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս նաև արդարադատության համակարգի մի շարք խնդիրներ։ Գործերի զգալի մասը քննվել է արագացված կամ համաձայնեցված ընթացակարգերով, իսկ մի շարք գործեր ավարտվել են հաշտությամբ։

Իրավական առումով այս մեխանիզմներն ինքնին խնդրահարույց չեն, բայց զինվորական հիերարխիայի պայմաններում պետք է ավելի զգուշավոր լինել դրանց կիրառման հարցում։ 

Կարո՞ղ է արդյոք խիստ հիերարխիկ հարաբերության մեջ գտնվող զինծառայողը ազատ կամք դրսևորել հաշտության հարցում։ Արդյո՞ք տուժողը, որը շարունակում է գտնվել նույն համակարգում, կարող է առանց որևէ ճնշման հրաժարվել իր պահանջներից։ Արդյո՞ք արագացված վարույթը թույլ է տալիս բացահայտել ոչ միայն կատարված կոնկրետ արարքը, այլև այն միջավայրը, որտեղ այդ արարքը տեղի է ունեցել։ Տպավորություն է, որ դատական համակարգում հակվածությունն արագ-արագ գործն ավարտելն ու փակելն է, որպեսզի համակարգային խնդիրները ջրի երես չելնեն։ Վերադասի կողմից ծեծի ենթարկելը, նվաստացնելը, զինվորների վրա թքելը, հոնքերը սափրելը՝ սրանք շարունակական ընդունված վարքաձևեր են, որոնք եթե չեն հանգեցնում ինքնասպանության, դատական համակարգի կողմից լուրջ չեն դիտարկվում։

Փաստացի, ուսումնասիրված 52 դեպքից` 2 մեղադրյալի նկատմամբ կիրառվել է պատիժ զինվորական ծառայության մեջ սահմանափակման ձևով՝ որոշակի ժամկետով դրամական բավարարման գումարից 5 կամ 10 տոկոսի պահումով, մեկ դեպքում մեղավոր է ճանաչվել, բայց պատիժ չի նշանակվել, քանի որ մեղադրյալն ու տուժողը հաշտվել են, 4 մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ռեալ ազատազրկում՝ ինքնասպանության հասցնելու գործերով, մնացյալ 45 մեղադրյալի դեպքում նշանակվել է փորձաշրջան։ Փորձաշրջան է կիրառվել անգամ 8 տարի ազատազրկում նշանակելու դեպքում։ Նման մոտեցման դեպքում պատժի կանխարգելիչ նշանակությունը ևս նվազում է։ 

Ուսումնասիրության մեջ առանձնահատուկ մտահոգիչ են այն գործերը, որոնցում նախքան ծանր հետևանք ինքնասպանությունը, արդեն եղել են ազդանշաններ՝ շարունակական կոնֆլիկտ, կրկնվող բռնություն, սոցիալական մեկուսացում, հոգեբանական ճնշվածություն, հայհոյանք, նվաստացում կամ հարկադրանք։

Եթե վտանգի ազդանշաններն արդեն կային, ո՞վ պետք է դրանք նկատեր, և ինչո՞ւ չնկատեց կամ չգործեց։ Եթե այս հարցերի պատասխանները չենք ստանում, ապա քննությունը տարվում է հարցի շուրջ, թե ինչպե՛ս մահացավ մարդը, սակայն չի տալիս ամենակարևոր հարցի պատասխանը, թե ինչո՛ւ չհաջողվեց փրկել հերթական զինվորի կյանքը, և թե էլի քանի զինվոր կհոշոտվի նույն համակարգային խնդիրների պատճառով։

Զարուհի Հովհաննիսյան

MediaLab.am