Ըստ թուրքական աղբյուրի՝ Էրդողան-Փաշինյան հանդիպմանը կարող է առաջընթաց գրանցվել հարաբերությունների կարգավորման հարցում.«Ազատություն»

«Դեմ առ դեմ հանդիպումները միշտ ավելի արդյունավետ են, քան հեռախոսային խոսակցությունները: Դա լիովին վերաբերում է Թուրքիայի նախագահի և Հայաստանի վարչապետի առաջիկա բանակցություններին»,-ՏԱՍՍ-ին հայտնել է Անկարայի դիվանագիտական շրջանակների աղբյուրը։Այս մասին տեղեկացնում է «Ազատություն»-ը:

Ըստ աղբյուրի՝ Պրահայում կարող է առաջընթաց գրանցվել ինչպես Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագրի նախապատրաստման գործում։

«Սաբահ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանը մտադիր է Փաշինյանին առաջարկել կարգավորման հարցերի շուրջ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումները հերթով՝ Թուրքիայում և Հայաստանում անցկացնել, այլ ոչ թե երրորդ երկրների տարածքներում։

Բացի այդ, ինչպես նշվում է, Էրդողանը հանդես կգա տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկներով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր է աշխատանքային այցով մեկնում Պրահա։ Այցի շրջանակում տեղի կունենա Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: Նույն օրը Պրահայում նախատեսված է նաև Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: