Պետռեգիստրի տվյալները լրատվամիջոցներին կտրամադրվեն անվճար. Կառավարությունը հաստատեց նախագիծը

Պետռեգիստրի տվյալները լրատվամիջոցներին կտրամադրվեն անվճար. Կառավարությունը հաստատեց նախագիծը
Պետռեգիստրի տվյալները լրատվամիջոցներին կտրամադրվեն անվճար. Կառավարությունը հաստատեց նախագիծը

Պետռեգիստրի տվյալները անվճար հիմունքով լրատվամիջոցներին հասանելի դարձնելու նախագծերի փաթեթն այսօր արժանացավ Կառավարության հավանությանը, տեղեկացնում  Արդարադատության նախարար ռուստամ Բադասյանը:

«Այն արտոնություն է սահմանում լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում առկա տեղեկությունները ստանալիս։ Նշված արտոնությունը կայանում է նրանում, որ նախագծերի փաթեթով սահմանված կարգով իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը հայտ ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին կտրամադրվի իրավաբանական անձանց Պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում առկա տեղեկատվությունն անվճար ստանալու հնարավորություն։ Նշեմ, որ ներկայում լրատվական գործունեություն իրականացնողները իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանից տեղեկատվություն ստանալու համար վճարում են պետական տուրք։

Նախագծերի փաթեթով նաև ընդլայնվել է «զանգվածային լրատվության միջոց» եզրույթի հասկացությունը՝ դրանում ընդգրկելով համացանցային կայքերի միջոցով լրատվական գործունեություն իրականացնողներին։

Նշեմ, որ այս բարեփոխումը բխում է ՀՀ Կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 51.2-րդ կետից, և անվճար տեղեկության տրամադրման որևէ սահմանափակում չենք նախատեսել, տեղեկության ծավալը չենք սահմանափակել էջերով, սահմանվել է լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տալու կարգը՝ այդպիսով նախատեսելով առավել լայն երաշխիքներ ազատ մամուլի զարգացման համար։

Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի համար նման հնարավորության նախատեսումը կամրապնդի հետաքննող լրագրության և ընդհանրապես մամուլի ազատության երաշխիքները, կնպաստի նրանց կողմից հանրությանն առավել ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն տրամադրելուն»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Բադասյանը: