Պատասխանատու կերպով ասում եմ, որ այս ընթացքում և այս պահին չի եղել և չկա ղարաբաղյան կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա կամ շրջանառության մեջ դրված լինի: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բացառում եմ, որ գոյություն ունենա ստորագրմանը շատ, թե քիչ մոտիկ մի փաստաթուղթ, որը ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում՝ Արցախի հանրության բոլոր շերտերի հետ։ Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն. հազար անգամ ներողություն խնդրելով՝ ստիպված եմ արձանագրել, որ Արցախը իր, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես, Արցախը առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է:
Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձը իրենց տներ: Արցախը հանձնողը, ընդհակառակը, պատերազմից հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի, և Արցախի հանձնումը, ըստ էության, իրականություն դարձած կլիներ», -հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: