«Այո՛, ես «կանաչ ձեռնափայտ եմ նետել» մարտահրավերներին». Անուշը՝ կարծրատիպեր կոտրող աղջիկը՝ Վանաձորից

Անուշ Ասլանյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, www.DaphneArmenia.com)

«Դափնե» նախագծի հաջորդ պատմությունն Անուշ Ասլանյանի մասին է: «Դափնեն» նախագիծ է, որը պատմում է մարդկանց մասին, որոնք անցել են բազում դժվարությունների միջով, սակայն կարողացել են հաղթահարել և նոր կյանք սկսել։ «Ոչ թե զոհ, այլ հաղթած» կարգախոսով մյուս հերոսների պատմությունները  www.DaphneArmenia.com կայքում:

Լոռու մարզի Դարպաս համայնքից նա, իր զարդանախշ գունավոր ձեռնափայտով, որոնց գույնը փոխվում է ըստ տրամադրության, դուրս է գալիս տնից, բավական երկար քայլում մինչև գյուղի հայտնի խանութը, որտեղից երթուղայինը քաղաք է տանում: Այդ կանաչ, երբեմն՝ դեղին ձեռնափայտով նա ձեռնոց է նետում թե՛ հասարակության գորշությանը, թե՛ սահմանափակ մտքերին: 

32-ամյա Անուշ Ասլանյանին Վանաձորում գրեթե բոլորն են ճանաչում: «Էրեո» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է ու սոցիալական ձեռներեց: Անուշն է: Իսկ Անուշ դառնալու ճանապարհը հաճախ դառն է եղել: 

Անուշ Ասլանյանն ունի մանկական ուղեղային կաթված ու բազմաթիվ զարտուղի ճանապարհներ է անցել՝ սկզբում իր հավատարիմ ձիու՝ Օրլիկի, հետո՝ ամեն ամիս գույնը փոխող իր ձեռնափայտերի հետ: Հասարակական կազմակերպության նպատակն է հավասար հնարավորություններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց համար Լոռու մարզում: 

«Ես ու Օրլիկն ընկերներ էինք, դե, ո՜նց չլինեինք, ամեն օր իրար հետ դասի էինք գնում, այնքան ժամանակ, մինչև մի օր Օրլիկին գողացան: Գողացողը երևի չգիտեր, որ եթե Օրլիկը չլիներ, ես դպրոց չէի կարող գնալ, դրա համար էլ հանգիստ խղճով տարել էր: Երբ իմ՝ այստեղից այնտեղ տեղափոխելու միակ օգնականն էլ չկար, մերոնք պիտի որոշեին՝ կա՛մ ինձ դպրոց ուղարկել, կա՛մ տնային ուսուցում տալ: Այդ ժամանակ ես ինքնուրույն ոչինչ չէի կարող որոշել, որովհետև «ես չէի ինձ դպրոց տանողը»՝ մյուս երեխաների պես: Սա բեկումնային պահ էր, ու այնքան ուրախ եմ, որ թե՛ ինքս երկու ոտքս մի մաշիկի մեջ դրեցի, թե՛ ծնողներս համառ գտնվեցին»: 

Սկզբում քայլակով, հետո մոր ուղեկցությամբ, իսկ հետո արդեն՝ իր աչք ծակող գունավոր ձեռնափայտով, որ մի տեսակ ձեռնոց էր նետում երբեմն իր կարծրատիպերի մեջ պարփակված հասարակությանը, նա սկսեց ինքնուրույն դառնալ: Անուշի փոխարեն ցանկացած մեկը ձեռնափայտի համար աչքի չզարնող մի գույն կընտրեր, բայց նա սիրում է մարտահրավերներ: 

90-ականներին շատ ընտանիքներում ընդունված էր հաշմանդամություն ունեցող երեխաներին պահել տանը, մարդամեջ դուրս չբերել, իսկ Անուշենց տանը հակառակն էր: Նա փոքր ժամանակ անգամ հովիվ է եղել, վարուցանք արել, գյուղի բոլոր աշխատանքներին մասնակցել: Դասընկերների համար նա սովորական երեխա էր բոլոր սովորական երեխաների նման: 

«Ծնողներս երբեք չեն ասել՝ դուրս չգաս, չանես, չխաղաս: Ընդհակառակը՝ գյուղում երեխաներով խաղում էինք, ամենավերջինը ինձ էին տուն կանչում: Ես երբեք ինձ տարբերվող չեմ համարել, քանի դեռ համալսարան չէի գնացել: Ես անսովոր դարձա, երբ ընդունվեցի Վանաձորի պետական մանկավարժական համալսարան: Դժվարանում էի տրանսպորտից օգտվել, մայրս գալիս էր, նստում, սպասում, մինչև դասերն ավարտվեին: Կուրսընկերներս, որ մեկը մյուսից լավն էին, հետո խոստովանում էին, որ վախենում էին ինձ մոտենալ, չգիտեին՝ ինչպես»: 

Ավելին՝ այստեղ