«Ցուցարարների մեջ տեսա ոսկե հաստ շղթայով մի մարդու, որը խոսում է անտառի մասին, տուն պահելու մասին». Արմեն Մովսիսյան

«Ցուցարարների մեջ տեսա ոսկե հաստ շղթայով մի մարդու, որը խոսում է անտառի մասին, տուն պահելու մասին». Արմեն Մովսիսյան
«Ցուցարարների մեջ տեսա ոսկե հաստ շղթայով մի մարդու, որը խոսում է անտառի մասին, տուն պահելու մասին». Արմեն Մովսիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը։

– Պարո՛ն Մովսիսյան, ինչպե՞ս եք գնահատում Իջևանում տեղի ունեցած դեպքերը, երբ ցուցարարները քարերով ու փայտերով վնասվածքներ են հասցնում ոստիկաններին։ Սա ամենաթողությա՞ն հետևանք է։

– Նախ՝ այն, ինչ ցանել ենք 30 տարի կամ, ավելի ճիշտ՝ 70 տարի, դա էլ հնձում ենք։ Գործարանից էինք գողանում, ֆերմայից էինք գողանում։ Սովետական համակարգը այդպիսին էր, ով որտեղ աշխատում էր՝ այդտեղից մի բան գողանում էր։ Այդ արժեհամակարգը դարձել էր չափանիշ։ 

Դրա շարունակությունն էլ եղավ ամենաթողությունը, և այդ ամենն արդարացվում է նրանով, թե տուն ենք պահում, հացի փող ենք աշխատում։ Դա կարծես դարձել էր հարգելի պատճառ, որ մարդիկ այդպես են վարվում։ Հիմա այդ ամենի ցանածն ենք հնձում։ Մեկ տարվա մեջ չէր կարող ամեն ինչ այդքան արագ փոխվել։

Տասնամյակներով ընդունված չափանիշները, որոնք մատուցվել են որպես նորմալ, մեկ տարում չէին կարող փոխվել։ Հետևանքը այն է, որ մարդիկ որոշել են, որ անտառն իրենց պապական բոստանն է։ Նրանց մեջ բացակայում է գիտակցումը, որ անտառը ողջ ժողովրդինն է, ազգինն է, որ ապրում է Հայաստանում։

– Բայց այստեղ չկա՞ նաև սոցիալական շերտ, որն իսկապես հացի խնդիր է լուծում։

– Սոցիալական շերտով արդարացնել այս ամենը՝ ճիշտ չէ։ Այո՛, կա սոցիալական շերտ, բայց ես ցուցարարների մեջ տեսա նաև մարդու, որ հաստ ոսկե շղթան վզին խոսում է անտառի մասին, տուն պահելու մասին։ 

Ես չունեմ նման ոսկե շղթա, բայց չեմ համարում, որ դա կարող է արդարացում լինել, որ ես գնայի ու անտառի ծառերը կտրեի։ Իհարկե բոլորս էլ գիտենք, որ երկրում սոցիալական վիճակը լավ չէ, երկիրը տասնամյակներով թալանել են, գործարաններն են թալանել, որպես ջարդոն վաճառել են։

Բացի այդ, բնական ռեսուրսներ չունենք, Սևանի ձուկը սահմանափակ է, անտառները քիչ են, մենք Սիբիր չունենք։ Այդ գիտակցումը պետք է լինի, որ չի կարելի անտառին ձեռք տալ, հակառակ դեպքում մեր սերունդները կունենան անապատ տարածք։ Ի հետևանք՝ առանց պատերազմի կկորցնենք մեր հայրենիքը։ 

Հասարակության մեջ այդ գիտակցական փոփոխությունը տեղի չի ունեցել։ Չենք կարող հեղափոխությունից հետո բոլորին քաղաքացի կոչել ու առաջ գնանք։ Միայն խոսքով չէ, քաղաքացի լինելը մարդու միջից պետք է լինի։ Դա դաստիարակությունից է, նորմերից է, կրթությունից է։ 

Պետք է դպրոցից սկսվի քաղաքացու դաստիարակությունը։ Իհարկե, մարդկանց ինչ-որ բան արգելելուց առաջ մարդիկ պետք է տեսնեն, որ իշխանավորն էլ ազնիվ է ապրում, արդար ու սկզբունքային է։ Սխալ կլինի մի բան քարոզել, բայց ունենանք մեկ այլ բան։ Հասարակությունը պետք է տեսնի, որ արգելքը բոլորին է վերաբերում, ոչ թե մեկը չի տանում, մյուսն էլ տանում, իր դղյակն է կառուցում։ 

Մենք ունեցել ենք կաստայական երկիր, ունևորների, հարուստների խավ և մյուս կողմից՝ ժողովուրդ, որ մտածել է՝ ինքն էլ իր փայը փախցնի։ Հիմա ժողովուրդը՝ տեսնելով, որ չկա փայ փախցնելու գաղափարը, ինքն էլ կգա գիտակցության, որ դա չէ ճիշտ ապրելու սկզբունքը։

– Դատական բարեփոխումներին ուղղված քայլերն ինչպե՞ս եք գնահատում՝ հաշվի առնելով, որ մեկ վեթինգի մասին են հայտարարում, հետո պարզվում է՝ բարեվարքության կանոններ են մշակում։

– Շատ վատ եմ գնահատում։ Ես համոզված եմ, որ մարդիկ ճիշտ են, երբ բարձրաձայնում ու ահազանգում են, որ առանց իրավական, դատական համակարգի փոփոխության մեր պետական մեքենան դժվար առանց արգելակների առաջ շարժվի։ 

Իմ կարծիքով, այսօր մեր դատական համակարգը նեղ անձնական հարցեր է լուծում, մարդիկ պետական կառավարման սաբոտաժով են զբաղված։ Այս վտանգները կան, պետք է այդ խնդրին լուծում տալ։

– Իսկ ինչո՞ւ լուծումներ չեն տրվում, մեթոդներն ու ձևերը չե՞ն պատկերացնում։

– Ես չգիտեմ, չեմ պատկերացնում, թե ինչո՛ւ այդ փոփոխությունները չեն լինում։ Իսկապես չեմ հասկանում՝ սկսած այն քայլից, որ դատարանների դռները փակվեցին։ Այս հարցում ես էլ եմ շատ մտահոգ։

Թեկուզ ինքնապաշտպանական բնազդը, որ այդ սաբոտաժը կարող է բերել ավելի ծանր հետևանքների, պետք է հուշեր, որ համակարգը դեռ մեկ տարի առաջ փոփոխման ենթակա է։ Երբ հեղափոխությունը վերելքի վրա էր, առաջիններից մեկը հենց այս ոլորտի փոփոխությունները պետք է լինեին։ 

Մենք պետք է հասկանանք, որ նախկին դատական համակարգը թաղված էր կոռուպցիայի մեջ։ Նրանց հայտարարագրերը, որոնց մամուլը հաճախ անդրադառնում է, դրա վառ ապացույցն են։ Ես չգիտեմ, թե ինչո՛ւ դա չի արվում։ 

Ակնառու է փաստը, որ այդ համակարգը չի աշխատելու ի նպաստ ձևավորվող նոր Հայաստանի։ Ես բավարար չեմ համարում մեթոդները նոր դատական համակարգի ձևավորման համար։

– Սաբոտաժի տարրեր հիմա՞ էլ եք տեսնում։ 

– Իհարկե հիմա էլ եմ տեսնում։ Հիմա էլ տեսանք՝ ՍԴ-ի որոշումը Քոչարյանի գործի վերաբերյալ։ Սա ցույց է տալիս, որ մեր դատական համակարգը ոչ թե անկախ է, այլ տղա է կանչում երկրի վրա։

– Եթե դատական համակարգի բարեփոխումներն ուշանան, ինչ վտանգներ եք տեսնում, և արդյոք ուշացած չէի՞ն բոլոր այս քայլերը։

– Ես արդեն ասացի, որ նախորդ տարվա գարնանը արդեն պետք էր սկսել դատական համակարգի փոփոխությունները՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարելու հետ մեկտեղ։ 

Ուշացումները իրենց բացասական հետևանքները տալիս են։ Իհարկե շատ վտանգավոր եմ համարում։ Քնել չի կարելի, պետք է արթուն մնալ։ Չի կարելի համարել, որ մեկ տարվա մեջ հարցերն այնքան արմատական են լուծվել, որ հները ատամները չեն կրճտացնում։ 

Ես վստահ եմ, որ նրանք ամեն օր իրենց ատամները կրճտացնում են, ամեն մի փոքր սայթաքումից կախվում են։ Նրանց օգտին են աշխատում հսկայական լրատվամիջոցներ, որոնք հասարակական կարծիք են ստեղծում։ 

Փաստորեն այսօր նրանց օգտին է աշխատում դատական համակարգը՝ իրենց ժանգոտած մեխանիզմով։ Եթե այսպես շարունակվի, ես լավ կանխատեսումներ չունեմ։ Բայց վատն այն է, որ արձագանքներն էլ լավը չեն, որ միտք կա իսկապես գործի են անցելու։ 

Ամեն ինչ մնում է խոսքի մակարդակում, ու դա ինձ չի բավարարում։ Վեթինգը մնաց խոսքի մակարդակում։ Դա այն հարցը չէ, որ կարելի է տարիներով սպասել։ Երկիրն այն վիճակում չէ, որ կարելի է տարիներով սպասել։

Մանե Հարությունյան

MediaLab.am