Տաշքենդից ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիացմունքով գրառում է կատարել․ «Մենք գտնվում ենք աշխարհի նոր տնտեսական և քաղաքական քարտեզի ձևավորման պատմական փուլում։ Եվ այստեղ տեսնում ենք և՛ մեծ ռիսկեր ու նաև նոր հնարավորություններ»:
Տելեգրամյան գրառումը իրազեկում է՝ Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Տաշքենդում մասնակցում են «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին։
Թեև Հայաստանը Կենտրոնական Ասիայի հետ կապ չունի, բայց դա չի խանգարել Վահան Քերոբյանին մեծ խանդավառությամբ մասնակցել դրան:
Ի պատասխան միջոցառումը վարողի հարցի՝ Հայաստանը Կենտրոնական Ասիայի մաս չէ, ինչպիսի՞ դերակատարություն է տեսնում նախարարը Հայաստանի համար այս տարածաշրջանում, և ո՞րն է հետաքրքրությունը, Քերոբյանը պատասխանում է.
«Ինձ համար շատ սիրելի քաղաք է Տաշքենդը, այստեղ կինս է ծնվել, շատ ընկերներ և հարազատներ ունենք, ես այստեղ նույնիսկ մի փոքր կարողություն ունեմ, որը դեռևս բիզնեսմեն եղած ժամանակ եմ ձեռք բերել՝ նպատակ ունենալով ընդլայնել իմ բիզնեսը այս հրաշալի երկրում, բայց բախտս չբերեց, և ես նախարար դարձա և չհասցրեցի ներդրումներ անել Ուզբեկստանում, բայց դեռ ունեմ այդ երազանքը»:
Քերոբյանի գործուղումները եւ այցերը ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում:
Օրինակ՝ դեկտեմբերի 3-5-ը Վահան Քերոբյանը տեղակալի հետ գործուղվել էր Դուբայ՝ մասնակցելու ոչ ավել, ոչ պակաս Ռուսաստանի Դաշնության օրերին:
Հաշվի առնելով Քերոբյանի մեծ սերը գործուղումների և թաքնված միջոցառումների ակտիվ մասնակցության նկատմամբ, «Մեդիալաբը» հարցում էր ուղարկել նախարարություն՝ ճշտելու պաշտոնավարելուց ի վեր նախարարի գործուղումների և պաշտոնական այցերի մասին:
Ո՞ր երկրներում ու քանի՞ աշխատանքային այց է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 26-ից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրած Վահան Քերոբյանը, ու այդ նպատակով որքա՞ն գումար է հատկացվել պետական բյուջեից՝ համապատասխան գերատեսչությունը այս հարցերին կպատասխանի 30 օրից միայն:
Իշխանության մոտ կարծես թե «բարի ավանդույթ» է ձևավորվում նույնաբովանդակ հարցումներին պատասխանելու համար ԶԼՄ-ներից խնդրել 30 օր լրացուցիչ ժամանակ:
Հիշեցնենք, որ նույն կերպ «Մեդիալաբին» պատասխանել էին նաև ՀՀ ԱԺ աշխատակազմից, երբ խնդրել էինք տեղեկատվություն տրամադրել խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ այդքան քննարկված Բալի կատարած ուղևորության ծախսերի ու այլ հարցերի վերաբերյալ:
MediaLab.am