Ինչքա՞ն է արժեցել Ալեն Սիմոնյանի աղմակահարույց ուղևորությունը. 30 օր ժամանակ՝ Բալի հնգօրյա ուղևորության հարցերին պատասխանելու համար

Վերջին օրերին բուռն քննարկումների առիթ հանդիսացած Ալեն Սիմոնյանի և բացառապես իշխանական պատգամավորներից կազմված 11 հոգանոց պատվիրակության Բալի այցելության վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար ԱԺ աշխատակազմը ի պատասխան «Մեդիալաբի» հարցման 30 օր ժամանակ է խնդրել։ 

«Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկացնում ենք, որ Ձեր հարցման պատասխանը կտրամադրվի մինչև ս․թ․ ապրիլի 20-ը»,- ի պատասխան «Մեդիալաբի» տեղեկացրել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ 

No description available.

Հիշեցնենք, որ մարտի 15-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ինդոնեզիայի Բալի կղզում կազմակերպված Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու համար մարտի 15-ին կարգադրություն էր ստորագրել։ Կարգադրության համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը 11 հոգանոց կազմով, 2022 թվականի մարտի 18-23-ը պետք է մասնակցեր վեհաժողովին։ 

Ինչպես տեղեկացնում է ԱԺ հաղորդագրությունը՝ գագաթնաժողովի հիմնական ուղղվածությունը «Հասնելով զրո արտանետումների. խորհրդարանների մոբիլիզացիան կլիմայի փոփոխությունների շրջանակում գործելու համար» խորագրով քննարկումների շարքն է: 

Ուշագրավ է, որ վեհաժողովի հիմնական օրակարգին՝ կլիմայի փոփոխությանը և փոփոխությունների դեմ համախմբված պայքարին, մասնակիցներից և որևէ մեկը մասնագիտական առնչություն չի ունեցել։ Պատվիրակության կազմում, բացի Ալեն Սիմոնյանից, երկու պատգամավորներ են՝  Ծովինար Վարդանյանը (մասնագիտությամբ՝ տնտեսագետ) և Հասմիկ Հակոբյանը (մասնագիտությամբ՝ լրագրող, սցենարիստ): Վերջինը, ի դեպ, դեռևս նախորդ գումարման Ազգային ժողովում պատգամավոր Ալեն Սիմոնյանի օգնականն էր: 

Պատվիրակության մնացած 9 անդամները ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ են՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, որը գրեթե բոլոր արտերկյա ուղևորություններին ներկա է, ԱԺ նախագահի օգնական Դավիթ Առաքելյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը, ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, ԱԺ արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը, ԱԺ արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ Մամիկոն Մարգարյանը և Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր Դավիթ Հակոբյանը։

ՀՀ բյուջեից Բալի ուղևորության ֆինանսական ծախսերի մասին հարցերից զատ, «Մեդիալաբի» հարցումը նպատակ ուներ նաև հստակություն մտցնել պատվիրակության կազմի հաստատման սկզբունքների, վեհաժողովին ՀՀ-ի մասնակցության անհրաժեշտության ու այլնի մասին, որոնց համար առավելագույն ժամանակն է պահանջվել։ 

Սակայն, հաշվի առնելով գործուղման շուրջ բարձրացած մեծ աղմուկը, ԱԺ-ն բավականին ակտիվորեն հաղորդագրություններ էր տարածում Բալիում ընթացող վեհաժողովի և Հայաստանի, իսկ ավելի կոնկրետ՝ Ալեն Սիմոնյանի մասնակցության մասին՝ հրապարակելով տարբեր լուսանկարներ տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ նրա ձեռքսեղմումների, ժպիտների փոխանակման մասին։

Իսկ ավելի ուշ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը լրատվամիջոցներից մեկին տված մեկնաբանության մեջ, բացատրելով Հայաստանի պատվիրակության Բալի մեկնելու կարևորությունը, շեշտել էր, թե համաժողովին 110 երկիր է մասնակցում, և «գրեթե բոլոր երկրները խորհրդարանների նախագահների մակարդակով են ներկայացված»:

«Հայաստանը մասնակցել ու շարունակելու է մասնակցել միջազգային բոլոր այն կառույցների աշխատանքներին, որտեղ ներկայացված է: Կարծում եմ՝ համացանցում աժիոտաժ առաջացել է «Բալի» բառի հետևանքով: Եթե այդ համաժողովն անցկացվեր այլ երկրում, որը մեր հասարակության մեջ տպավորված չէ որպես տուրիստական երկիր, առհասարակ խնդիր չէր առաջանա, այսքան քննարկումներ չէին լինի»,- նշել էր Խաչատրյանը:

Սակայն, «Մեդիալաբի» Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովից ստացած պատասխանները մասնակիցների մասով այնքան էլ չեն համապատասխանում Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարի՝ «գրեթե բոլոր երկրները խորհրդարանների նախագահների մակարդակով են ներկայացված» լինելու պնդումներին։

Ինդոնեզիայի կառավարության կազմակերպած վեհաժողովին մասնակցություն են ունեցել 110 խորհրդարանների ներկայացուցիչներ, որին խորհրդարանների նախագահի մակարդակով ներկայացել է մասնակից երկրների շուրջ 15%-ը միայն։ Այդ երկրներն են՝ 

Հայաստանը

Տանզանիան

Զամբիան

Զիմբաբվեն

Բոթսվանան

Գայանան 

Քենիան 

Քուվեյթը

Մալավին

Մավրիկին

Սիերա Լեոնեն

Նամիբիան

Հարավային Աֆրիկան

Շրի Լանկան

Արևելյան Թիմորը (Թիմոր Լեստե)

Նիգերիան (Սենատի նախագահ)

Կորեան:

Ըստ երևույթին, փորձելով կշիռ տալ և արդարացնել Հայաստանից մեծ պատվիրակության այցելությունը, մասնագետների գնահատմամբ՝ ոչ այնքան կարևոր այս միջոցառմանը՝ ԱԺ համապատասխան պաշտոնյաները մոլորության մեջ են գցում հանրությանը՝ նշելով, որ թե՛ համաժողովը և թե՛ հայերի պատվիրակության այցը չափազանց կարևոր էր «հույժ ազդեցիկ» այս միջոցառմանը՝ ակնհայտորեն խառնելով մեկ այլ՝ անցյալ տարեվերջին Գլազգոյում կազմակերպված ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (COP26) հետ, որին ներկա էին ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ավստրալիայի, Իսրայելի, Հնդկաստանի, Արգենտինայի, Բրազիլիայի և այլ երկրների ղեկավարներ։

Այնուամենայնիվ, ինչ է արժեցել ՀՀ բյուջեի վրա Ալեն Սիմոնյանի և գաղափարակիցների այցելությունը դեպի էկզոտիկ Բալի կղզի, որի ժամանակ Սիմոնյանը 5-րոպեանոց չափազանց ընդհանուր և ոչ մի ցնցող բան չասող ելույթ է ունեցել, իշխանությունները չեն շտապում բարձրաձայնել՝ 30-օրյա ժամկետ սահմանելով պարզագույն այդ հարցի համար։ 

Հաշվի առնելով, որ Բալիում կայացած համաժողովի կազմակերպիչ Ինդոնեզիայի կառավարության պահանջներից մեկը իրենց ընտրած 6 թանկարժեք հյուրանոցներից մեկում հյուրանոցային համար ամրագրելն էր, որոնցից 4-ը` 5, իսկ երկուսը` 4 աստղանի են՝ քովիդի կանխարգելիչ միջոցառման պատրվակով, ապա կարող ենք ասել, որ Հայաստանի պատվիրակությունը ևս չէր կարող խուսափել այդ կանոնից՝ միջինում վճարելով ամեն անձի համար 200-300 դոլար մեկ անձը մեկ համարում։ Երևան-Բալի-Երևան տոմսերը ևս դժվար է մատչելիների շարքին դասելը, մեկ հոգու էկոնոմ դասի տոմսը ամենահամեստ հաշվարկներով կարող է արժեցած լինել 2000-2500 դոլար։

Սակայն, հաշվի առնելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեծ սերը թանկարժեք իրերի և շռայլ կյանքի հանդեպ, վստահ չենք, որ էկոնոմ դասով հարցերը լուծվել են։

Ինչևէ, կարող ենք 30 օր ենթադրություններ անել, մինչև ԱԺ-ն ի վիճակի կլինի հաշվարկելու հնգօրյա ուղևորության ծախսերը և կարողանա բացատրություններ ներկայացնել ինդոնեզական ափերում «հույժ կարևոր» այս միջոցառմանը 11 հոգանոց պատվիրակության ընտրության, մասնակցության նպատակների և այլնի մասին։

Մարի Ներսեսյան

MediaLab.am