Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Մոսկվային և Մինսկին Բելառուսում միջուկային զենքի տեղակայման վտանգի մասին

Ավելի վաղ անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքում Բելառուսը թույլատրեց իր տարածքում միջուկային զենքի առկայություն, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Մոսկվային և Մինսկին Բելառուսում միջուկային զենքի հնարավոր տեղակայման հետ կապված վտանգի մասին։ Նախազգուշացումը հնչել է հինգշաբթի օրը ՄԱԿ-ի զինաթափման համաժողովում:

«Ռուսական միջուկային զենքի ցանկացած փոխանցում Բելառուսին վտանգավոր է և սադրիչ ու կհանգեցնի տարածաշրջանում էլ ավելի մեծ ապակայունացման։ Մենք Բելառուսին կոչ ենք անում հրաժարվել միջուկային սպառնալիքի և ահաբեկման Ռուսաստանի քաղաքականությունից»,- ասել է ԱՄՆ ներկայացուցիչ Օդ-Ֆրանս ՄակՔերնանը։

Նրա ելույթը հնչեց այն բանից հետո, երբ Կիևը ֆորումի ընթացքում մեղադրեց Մոսկվային «զինաթափման բոլոր հիմնական պայմանագրերը խախտելու մեջ»:

Կիրակի օրը Բելառուսում անցկացված հանրաքվեն նշանավորեց երկրի՝ միջուկային զենքից զերծ նախկին կարգավիճակից հրաժարվելը։

Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Բելառուսը դարձավ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկային հարթակ: Նոր սահմանադրության ընդունման շնորհիվ միջուկային զենքերը կարող են հայտնվել Բելառուսի տարածքում առաջին անգամ այն բանից հետո, երբ երկիրը հրաժարվեց դրանցից 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան այս շաբաթ ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ ռուսական զորքերի կողմից իրականացված ռմբակոծությունները կարող են հավասարվել ռազմական հանցագործությունների:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս շաբաթվա սկզբին ասել էր, որ Կիևը ձգտում է միջուկային զենք ձեռք բերել, և որ Մոսկվան պետք է կանխի դա։ Չորեքշաբթի օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին Վիեննայում լրագրողներին ասաց, որ իր ղեկավարած գործակալությունը Լավրովի պնդումները հաստատող ապացույցներ չունի։

«Մեզ համար դա միանգամայն պարզ է: Մենք չունենք որևէ տեղեկություն, որը կասկածի տակ կդնի Ուկրաինայի հեղինակությունը միջուկային զենքի չտարածման ոլորտում», – ասել է Գրոսսին: