«Հունվարի 28-ի առավոտյան իշխանական երեսփոխանների խայտառակության արձագանքները ցրելու համար կազմակերպվեց այս արշավը». Հայկ Մամիջանյան

Լուսանկարը՝ Ազգային ժողովի

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը

– Պարո՛ն Մամիջանյան, չնայած ձեր ու ձեր խմբակցության պարզաբանումներին, այնուամենայնիվ, իշխանական խմբակցության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ ԵԽԽՎ-ում դուք դեմ եք քվեարկել հայանպաստ բանաձևի։ Ի վերջո, ինչի՞ մասին էր բանաձևը, որին դեմ եք քվեարկել։ Սպասելի՞ էր, որ նման արձագանքի կարժանանար ձեր քվեարկությունը։

– Զեկույցն ամբողջովին կեղծ է և պարունակում է զեկուցումներ՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացվածության հետ կապված։ Զեկույցին Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է ավելացնել տասից ավելի առաջարկներ, որոնք, այո՛, խոցելիություն էին պարունակում ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում, որոնց դեմ պայքարում, այսպես ասած՝ հարթեցման աշխատանքներում, ես ակտիվորեն ներգրավված եմ եղել, թե ինչպես՝ կարող եք հարցնել Ռուբեն Ռուբինյանին, խոսքս դռնփակ նիստի մասին է։ 

Լիագումար նիստում այդ առաջարկները ադրբեջանական կողմից նույնպես քվեարկվել են: Գիտակցելով, որ զեկույցը, ամենայն հավանականությամբ, լիագումար նիստում ընդունվելու է, ես արել եմ ամեն ինչ, որպեսզի այն մաքրեմ թուրք-ադրբեջանական առաջարկություններից, դեմ եմ քվեարկել դրանց և այլն։ Որ դեմ եմ քվեարկելու այդ զեկույցին, կարծում եմ, կասկած լինել չէր կարող, որովհետև երեսպաշտություն կլիներ Հայաստանում խոսել ապաժողովրդավարացման, որոշ դեպքերում՝ նույնիսկ բռնատիրական դրսևորումներից, բայց կողմ քվեարկել զեկույցին, որում այդ ամենն արտացոլված չէ։ 

Այդ ամենից զատ՝ ունեցել եմ գրավոր ելույթ, որը հավասարապես նվիրված է եղել այս իշխանությունների հակաժողովրդավարական գործողություններին և թուրք-ադրբեջանական տանդեմի լկտի, հակահայկական պահվածքին։ Զեկույցը կա թե՛ իմ էջում և թե՛ ԵԽԽՎ պաշտոնական կայքում։ 

Ակնկալելի՞ էր ինձ համար նման արձագանք, թե՞ չէ․ հունվարի 28-ի առավոտյան իշխանական երեսփոխանների խայտառակության արձագանքները ցրելու և, առհասարակ, հունվարի 28-ի հետ կապված տոնակատարությունների, միջոցառումների, ուղերձների հետ կապված հասարակության բարձրացրած աղմուկը շեղելու համար կազմակերպվեց այս արշավը, ընդ որում՝ այս անգամ բավական լայնամասշտաբ էր․ պատգամավորներով, Հանրային հեռուստաընկերությունով և ֆեյքային ֆաբրիկաներով՝ ներառելով նաև կեղծ ընդդիմադիր կուսակցությունների ներուժը։ 

– Հունվարի 28-ի տոնակատարությունների մասին ասացիք, ինչպե՞ս եք վերաբերվում փաստին, որ Բանակի տոնը երեկ, ըստ էության, չնշվեց։

– Գրեթե վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն այս պահին ուսումնասիրում է աշխարհում տպագրվող բոլոր առողջապահական ամսագրերը, որպեսզի գտնի այն հիվանդությունը, որի պատճառաբանությամբ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի, օրինակ՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անցկացվող ավանդական միջոցառումներին։

Սա, իհարկե, իրավիճակի ֆուտուրիստական գնահատականն է, իսկ քաղաքական տեսանկյունից՝ այն, ինչ կատարվեց հունվարի 28-ին, նկատի չունեմ իմ դեմ արված արշավը, այլ պետական մակարդակով միջոցառումների բացակայությունը, իմ կարծիքով, լավագույնս ցույց է տալիս այս խունտայի վերաբերմունքը մեր փառապանծ զինված ուժերի նկատմամբ։

– Պարո՛ն Մամիջանյան, իշխանական պատգամավորները, խոսելով ձեր քվեարկության մասին, ակնարկեցին ձեր՝ օտարերկրյա ազդեցության գործակալ լինելու մասին։ 

– Տաքուկ տներից ֆեյսբուքյան ստատուսներով ինձ հետ շփվող երեսփոխաններին խորհուրդ կտամ գնալ ու նորից նայել, թե ինչպես են իրենք իրենց պահում ԱԺ-ում իմ և իմ գործընկերների ելույթների ժամանակ, իսկ դիմացս իրենց ասածները կրկնելու հնարավորություն, համենայնդեպս, իրենք ունեն գրեթե ամեն լիագումար նիստին։

– Կարծում եք, որ առերես չե՞ն հնչեցնի այդ մեղադրանքները։

– Տեսնենք, համենայնդեպս, Արցախը հանձնածների խունտայի ներկայացուցիչներից մեղադրանքներ լսելն ինձ համար գովեստի խոսքեր են։

– Այս իրավիճակում, երբ քաղաքական դիսկուրսը շատ հաճախ տեղափոխվում է անձնական վիրավորանքների դաշտ, հե՞շտ է միասին աշխատելը, պարո՛ն Մամիջանյան։

– Հայրենիքի համար մղվող պայքարը հեշտ ու դժվար չի լինում, դա մի առաքելություն է, որը դու պարտավոր ես անել։

– Պարո՛ն Մամիջանյան, հանրության մի հատվածի համար տեսանելի չեն ընդդիմության՝ ի դեմս նաև ձեր խմբակցության աշխատանքների արդյունքները։ Ձեր բնորոշմամբ՝ հայրենիքի համար մղվող պայքարի արդյունքները հանրության այդ հատվածը ե՞րբ կտեսնի։

– Երբ այդ ձեր նշած հարցը տվողների թիվը շատանա, այդ ժամանակ էլ արդյունքները կլինեն, բայց դրա համար պիտի ընդդիմությունն անի ամեն ինչ և օգտագործի ամբողջ գործիքակազմը, ինչը, հուսամ, մենք անում ենք։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am