«Իմ ընտանիքը միշտ կա և ապրում է իմ սրտում». ավիավթարի հետևանքով մենակ մնացած Իդայի պատմությունը

«Իմ ընտանիքը միշտ կա և ապրում է իմ սրտում». ավիավթարի հետևանքով մենակ մնացած Իդայի պատմությունը
«Իմ ընտանիքը միշտ կա և ապրում է իմ սրտում». ավիավթարի հետևանքով մենակ մնացած Իդայի պատմությունը

Ութ տարի կրելով անդառնալի կորստյան ցավն ու տառապանքները, անցկացնելով անքուն գիշերներ և սրտում փարատելով կորցրած ծնողների ու եղբոր կարոտը՝ 27- ամյա Իդա Էբզիմյանն այսօր էլ ապրում է նույն զգացողություններով:

19 տարեկան էր, երբ 2006-ի մայիսի 3-ին Երևան-Սոչի թռիչքի ժամանակ ավիավթարից զոհվեցին ծնողները՝ Ռուզաննան ու Հարությունը, և իրենից 4 տարի մեծ եղբայրը՝ իրավաբան Նազար Էբզիմյանը:

«Նույն ցավը, նույն տխրությունը՝ այդ ամենը չի կարող փոխվել, բթանալ… տարիների ընթացքում իմ ներսում ոչինչ չի փոխվել: Նույն կերպ ապրում եմ, նույն կերպ կարոտում, ու այդ ամենի մասին դժվար է անգամ խոսելն ու ինչ-որ բառեր ասելը»,-«Մեդիալաբին» ասում է 27-ամյա Իդան:

Ընտանիքի մասին խոսելիս նրա աչքերը տարիների խոր տխրությունն են արտահայտում, միևնույն ժամանակ անցյալի հիշողությունները պայծառանում են:

Նա հիշում է իր մանկությունը, թե ինչ բարի, սիրով ու ջերմությամբ լի ընտանիքում է մեծացել, որտեղ տիրել են ընտանեկան երջանկությունն ու անդորրը:

Էբզիմյանները հաճախ էին մեկնում Սոչի, այնտեղ բազմաթիվ ընկերներ ու հարազատներ են ունեցել: Իդան պատմում է, որ մի քանի տարի նույնիսկ Սոչիում են ապրել: Սակայն 2006-ի այցելությունը Էբզիմյանների ընտանիքի համար ճակատագրական եղավ:

«Ես վերջին անգամ նրանց տնից ճանապարհել եմ ու էլ չեմ տեսել: Դեպքից հետո ինձ ուղղակի ուժ են տվել ապրելու նրանց տված խորհուրդները, նրանց թողածը ինձ, նրանց սովորեցրածը,- ասում է Իդան: – Նրանք միշտ կան, ամեն պահի, ամեն ժամի միշտ ինձ հետ են: Իմ զգացողությունը նրանց միշտ կենդանի զգալն է, և էդ կապը ոչ մի կերպ չի կտրվում»:

Նա հիշում է, որ ինքը նույնպես պետք է մեկներ ընտանիքի հետ, և նախատեսել էր ինստիտուտում նախապես հանձնել կիսամյակային քննությունները: Սակայն ինստիտուտից նրան չեն թույլատրում, և Իդան մնում է Հայաստանում այն հույսով, որ կմիանա ընտանիքին ամռանը՝ քննություններից հետո:

Այդ ժամանակ Իդան սովորում էր Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի 2-րդ կուրսում: Դեպքից դեռ 40 օր էլ չանցած՝ հոգեկան ծանր ապրումների ու չգիտակցված օրերի մեջ, նա ստանում է մեկ այլ ծանր հարված:

«Հորական տատս, որ ապրում էր մեզ հետ նույն տանը, ինձ ասաց. «Ձերոնք չկան, դու էլ ստեղ անելիք չունես, էս տանը ապրելու են հորքուրդ ու իր տղաները»: Ու ծնողներիս մահվան քառասունքը չլրացած՝ ինձ տնից դուրս հանեցին: Ես զանգը տալիս էի, իրանք տան պատուհաններից նայում էին ու դուռը չէին բացում»,-պատմում է Իդան:

Ընտանիքի կորստից հետո Իդայի նկատմամբ հարազատների անսպասելիորեն նման վերաբերմունքը սակայն չի ավարտվում: Հորական տատը դիմում է դատարան` Իդայի վտարման պահանջով:

Սակայն անարդարության բախվելը նրան ստիպում է ոչ թե անձնատուր լինել, այլ, ինչպես ինքն է ասում՝ «հանուն իր ընտանիքի սիրո պայքարել»:

«5 տարի տևեց ողջ գործընթացը: Էլ դատարաններով պայքարել, ապացույցներ բերել: Տան վաճառողին գտնել, ումից նորապսակ ծնողներս գնել էին տունը, վարպետներին բերել, որոնք վերանորոգել են տունը: Վկաներով, կնիքներով, փաստաթղթերով ամեն ինչ ապացուցել եմ: Արդարության հասնելու համար իհարկե իմ կողքին են եղել, ինձ օգնել են իմ շատ լավ հարազատներն ու ընկերները»,- ասում է Իդան:

Այդ ընթացքում նա ապրել է մորաքրոջ և մորական տատի հետ, ովքեր իրենց ջերմությամբ ու սիրով հոգ են տարել Իդայի մասին՝ իրենք նույնպես ապրելով ու կրելով նույն ցավը:

Եվ չնայած ամենածանր և ամենասուր սթրեսային օրերին՝ Իդան իր մեջ ուժ է գտնում կառուցելու ընտանիքի գերեզմանը:

Բոլոր աշխատանքներին մանրամասն մասնակցելն ավելի է խորացնում ու ծանրացնում նրա վիշտը, սակայն մեկ տարի անց ավարտին է հասցնում:

Անքուն գիշերների ու վշտի մեջ նա կամք է ունենում նաև ուսումը շարունակելու:

«Ուսման տարիներին համալսարանը ինձ համար ոչ միայն ուսումնական հաստատություն է եղել, այլև մի նոր ընտանիք, մի նոր տուն, որ հոգ է տարել իմ մասին»,- ասում է Իդան:

2012-ին նա ավարտում է 8 տարի տևած կրթությունը բժշկական համալսարանում, միևնույն ժամանակ հաջողության հասնում դատավարություններում: Դատարանի որոշմամբ նրան է հատկացվում տան 75 տոկոսը, իսկ հորական տատին՝ 25 տոկոսը՝ շնորհիվ «Կենտրոն» հեռուստաընկերության «Դիպված» հաղորդաշարի ստեղծագործական խմբի լրագրողական հետաքննության աշխատանքի:

«Ես ինչ որ արել եմ, արել եմ իմ ընտանիքի համար, այն զգացումով, որ նրանք կան, որ նրանց ցանկությունները, նրանց նպատակներն իրագործեմ, ավարտեմ ու դառնամ նրանց ուզած մարդը: Եթե նրանք լինեին, ես կլինեի մեր տանը, ուրեմն նրանք այնքան կան, որ ես նորից պայքարել եմ ու հասել եմ մեր տուն»,- ասում է Իդան:

Ընտանիքի բոլոր անդամների տարեդարձին, Ամանորին և առօրյայում իր հետ կատարվող ցանկացած իրադարձության ու առիթի դեպքում Իդան գնում է իրենց ընտանեկան գերեզմանոց:

«Հայրս ու մայրս նույն տարվա նույն օրն են ծնվել: Տանը միանգամից երկուսի համար էր տոնը սկսվում: Առավոտյան ես ու եղբայրս արթնանում էինք, մոտենում ծնողներիս, գրկում, շնորհավորում երկուսին»,- ասում է Իդան:

Նա նշում է, որ մարդ պետք է կարողանա այնպես ապրել, որ իր չլինելուց հետո մարդիկ ափսոսան:

«Իմ ընտանիքը միշտ կա և ապրում է իմ սրտում: Ուրախության դեպքում, թե տխրության ես միշտ այցելում եմ իմ հարազատների գերեզման: Մարդ ապրում է այնքան, քանի դեռ նրան հիշում են»:

Եղբոր մասին խոսելիս Իդան հիշում է նրա հոգատարությունն ու խորհուրդները, մորը նկարագրում է խոհեմության, մայրական գուրգուրանքի և իմաստության մեջ: Իսկ հորը միշտ տեսել է գործունյա, աշխատասեր և ընտանիքին նվիրված:

«Ամեն ինչ իմ ընտանիքում ու կյանքում շատ բարի ու դրական է եղել, սիրով ու ջերմությամբ լի: Այս բարությունն ու սերն էլ ինձ ուժ են տվել, որ հաղթեմ ու առաջ գնամ»,-ասում է Իդան:

Լիլիթ Առաքելյան 

© Medialab.am