Գոյության տարածք. Էլինան՝ երազանքներից դեպի իրականություն. «Եթե կարողանամ գոնե մեկ հոգու մոտիվացնել, անչափ ուրախ կլինեմ»

«Իսկապես չէի սպասում, որ այդքան դժվարությունների մեջով անցնելուց հետո կարողանալու եմ Հայաստանում ոչ միայն իմ փոքրիկ գործը հիմնել, այլև շատերին ոգեշնչել ու նոր հաջողությունների հասնել»,- անկեղծանում է «Լուսէծինի» հիմնադիր, 23-ամյա Էլինան, որ Արցախից 2023-ին տեղահանված տասնյակ հազարավոր քաղաքացիներից մեկն էր։ 

Շատերի նման Էլինայի ճակատագրի պատմության հունը փոխվեց։ Ստիպված եղավ Արցախից բռնի տեղահանությունից հետո Հայաստան տեղափոխվել և կյանքը զրոյից սկսել՝ ոչինչ չունենալով: Դժվարություններ հաղթահարած երիտասարդ աղջկա՝ կյանքի հանդեպ ունեցած սերը, աշխատասիրությունը և նախաձեռնողականությունը հուզեցին հազարավոր մարդկանց: 

Էլինայի տեղահանությանն ու Հայաստանում նոր կյանք սկսելու պատմությանը տարեսկզբին առաջին անգամ անդրադարձավ «Մեդիալաբը»: 

Կարճ ժամանակ անց Էլինայի պատմությունը հայտնվեց տարբեր լրատվամիջոցներում: 

Արցախից տեղահանվելու երկար ու տանջալից ճանապարհին Էլինայի ընտանիքը 3 անտեր, ուժասպառ հավերին վերցրեց իրենց հետ։ 13 ժամ ճանապարհին, երբ սնունդն արդեն սպառվել էր, զարմանքը մեծ էր, երբ հավերը սկսեցին կչկչալ ու ձու ածել: Էլինան ճանապարհին սուրճ եփող հայրենակիցներին խնդրել էր եփել նաև այդ ձուն, ու տվել էր երկու տարեկան դստերը, որ սովից արդեն լաց էր լինում։

«Ես ասեցի՝ ինչ էլ լինի, էս հավերին պահելու եմ, որովհետև իմ երեխուն փրկեցին սովից, ու էդպես որոշեցի հավ պահել»,- ասում է Էլինան:

Հայաստան հասնելուն պես, Էջմիանում վարձակալած տան բակում Էլինան եղբոր օգնությամբ հավաբուն սարքեց ու այդպես սկիզբ դրեց իր փոքր բիզնեսին։

«Անգամ առաջարկ ստացա, որ իմ մասին ֆիլմ նկարվի, ու չեմ մերժել»,- «Մեդիալաբին» պատմում է Էլինան։ 

Էլինայի նպատակներն ու ծրագրերը միշտ ավելի հեռուն են գնում։ Շատ էր հավանել Լոռվա բնությունը, երազում էր այնտեղ տուն ունենալ ու բիզնեսը զարգացնել։ Պարբերաբար Լոռի էր գնում, տների գներին ծանոթանում, մինչև որ բարի մարդկանց շնորհիվ նպատակն իրագործեց։ 

Շուտով Լոռվա չքնաղ բնաշխարհում գտնվող տներից մեկում կտեղավորվի Էլինայի փոքրիկ ընտանիքը։ Սա Էլինայի երազանքն էր Արցախից բռնի տեղահանվելուց հետո՝ Լոռվա գյուղերից մեկում տուն ձեռք բերել ու զարգացնել փոքր բիզնեսը, որովհետև Լոռվա բնությունը Արցախին էր նմանեցրել։

Տունը, որտեղ բնակվելու է էլինան, Սարատովկա գյուղում է՝ Լոռու մարզի Տաշիր համայնքում: 400-500 բնակիչ ունեցող գյուղի բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, կարտոֆիլի, կաղամբի և կերային մշակաբույսերի մշակումը։ Նախկինում գյուղը բնակեցված է եղել հիմնականում ռուսներով, դրանով էլ պայմանավորված է ռուսական անունը, ինչն Էլինայի սրտով չէ։ Մուշկապատ է փոխել գյուղի անունը։

«Ինչո՞ւ պետք է հայկական գյուղը ռուսական անուն ունենա, ու ես ինքս ինձ համար այդ խնդիրը լուծեցի։ Մուշկապատը տատիս գյուղի անունն է, ինձ համար այսուհետև ոչ թե Սարատովկա է, այլ Մուշկապատ։ Համ էլ տատս հաճախ ու սիրով հյուր կգա»,- ծիծաղում է Էլինան։ 

«Հայաստան տեղափոխվելիս բոլորս էինք վատ հոգեվիճակում։ Իսկական սարսափների միջով ենք անցել, ու երեխաս էր միայն ուժ տալիս, որ առաջ նայեմ։ Հայաստանում շատերն օգնության ձեռք մեկնեցին, առանց որի ես միայնակ չէի կարողանա այսքան արագ հաղթահարել։ Էլինան 2 տարեկան դստերը՝ Լուսեին, միայնակ է մեծացնում։ Ամուսնալուծվել է դստեր ծնվելուց հետո ու 21 տարեկանում Արթիկից ստիպված եղել կրկին Արցախ՝ հայրական տուն վերադառնալ։ 

Հիմա Էլինան փոքր բիզնեսն ու նոր ձեռք բերած տունը զարգացնելու, շենացնելու գործերով է տարված։ Ասում է՝ բնությունը լավն է, բայց նոր տան շուրջբոլորը ծառեր չկան։  50 նվեր ստացած ծառերը  պատրաստվում է տնկել իր Մուշկապատում։

«Անպայման կխոսեմ գյուղապետի հետ ու կառաջարկեմ ծառատունկ կազմակերպել։ Տեսնեմ՝ ինչո՛վ կկարողանան օգնել, եթե չօգնեն էլ, միևնույն է, ես իմ հնարավորության սահմաններում ծառեր կտնկեմ»,- ասում է Էլինան: 

Նոր տան հետ կապված ծրագրերը շատ են։ Հավերից բացի՝ Էլինան նաև գոճիներ է ձեռք բերել, հետո նապաստակներ էլ կգնի ու անպայման մեղու կպահի։ Էլինան 10 տարեկանից մոր հետ մեղու է պահել Արցախում, հող մշակել։ Նոր տանը 4000 քմ հող ունի, այն անմշակ չի թողնի։

«Երբ ամեն ինչ իմ ծրագրածով լինի, հետագայում ուզում եմ տան մի հատվածը հյուրատան վերածել, որը կլինի հին ավանդական ոճով կահավորված, որտեղ մարդիկ կգան ու նաև իմ արտադրանքն ու հրուշակեղենը կվայելեն»,- ասում է նա և հավելում, որ կարճ ժամանակահատվածում հասցրել է նաև հրուշակագործություն սովորել Երևանում՝ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի իրականացրած ծրագրով: 

Ասում է, որ հրուշակագործությունն է ընտրել, քանի որ Արցախում էլ սովորել ու կարճ ժամանակ նաև աշխատել է խմորեղենի արտադրամասում։

«Արցախի արհեստագործական ուսումնարանում սովորել եմ խոհարարություն, հրուշակագործություն ու տարբեր աշխատանքներ եմ արել։ Հյուրանոցում որպես խոհարար, հետո ադմինիստրատոր եմ աշխատել, խմորեղենի արտադրամասում եմ աշխատել, մի խոսքով՝ տարբեր բաներ եմ փորձել և բոլոր ոլորտներից մի քիչ հասկանում եմ ու երբ հյուրատուն ունենամ, իմ սովորածն ինձ կօգնի գործը ճիշտ կազմակերպել»,- ասում է Էլինան։

Էլինան Հայաստանում սպասվածից ավելի լավ ու արագ կարողացավ հարմարվել ու մեջքն ուղղել։ Ասում է՝ ուժը բավարար է նոր ծրագրեր կազմելու և իրականացնելու համար:

Բացի գործնական հաջողություններից, անձնական կյանքում ևս փոփոխություն կա. Էլինան Հայաստանում հանդիպել է իր կյանքի ընկերոջը, որի հետ և առաջիկայում պատրաստվում է ընտանիք կազմել: 

«Ուզում եմ, որ բոլորն էլ կարողանան երազել, բոլորն էլ կարողանան իրենց նպատակների հետևից գնալ, քանի որ այդպես թե՛ ցավն է հեշտ հաղթահարելի դառնում, թե՛ կյանքի որակն է փոխվում։ Ու եթե կարողանամ գոնե մեկ հոգու մոտիվացնել կյանքում իմ պես նոր էջ բացելու, անչափ ուրախ կլինեմ»,- ժպտում է Էլինան՝ երազանքներից իրականություն գնացող աղջիկը Արցախից: 

Սաթենիկ Հայրապետյան

MediaLab.am