Հաճելի չէ այս իրավիճակը, բայց օրենքի գերակայությունը կարևոր է. վարչապետը՝ Փիլոյանի ձերբակալության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալությանը, ինչպես նաև ԱԻՆ-ի շուրջ տեղի ունեցող իրավիճակին։

«Այս պահի դրությամբ այդ գործով կան ձերբակալված անձինք, և նաև ձերբակալված է Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Շատ ցավով եմ ասում, շատ ցավալի փաստ է։ Իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք որևէ  կերպ, բայց ես նաև ուզում եմ արձանագրել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ և շատ կարևոր է, որ մենք այդ դիրքորոշումը հետևողականորեն և սկզբունքորեն պահենք, ինչը որևէ բան չի նշանակում, որովհետև պետք է տեղի ունենա նախաքննություն, գործը գնա դատարան և օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո կարելի կլինի որևէ եզրակացություն անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց նաև, որ հաճելի չէ այս իրավիճակը, բայց հանրության առաջ ստանձնած պարտավորությունները, օրենքի գերակայությունը, օրենքի առաջ հավասարությունն ավելի կարևոր են։

«Համոզված եմ, որ նախաքննությունը կընթանա օբյեկտիվ, օրինականության տառին և ոգուն համապատասխան, և բոլոր մեղավորները կստանան օրենքով նախատեսված պատիժ, եթե պարզվի և ապացուցվի մեղավորությունը»-եզրափակեց Փաշինյանը։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում`  տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: