«Բացի նրանից, որ հները հանգուցյալներ են, նրանք նաև փորձում են թերագնահատել հանրության մտավոր ունակությունները»․ Ռուբեն Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

Պարո՛ն Մեհրաբյան, ընդդիմությունը հայտարարեց, որ նստացույց է անելու և չի դադարեցնելու ակցիաները, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել։ Որքանո՞վ կհաջողեն այս գործընթացը, ինչո՞ւ նրանց աջակիցների թիվը չի մեծանում։

– Սա արդեն իսկ մեռելածին շարժում է, որը ձեռնարկել են քաղաքական հանգուցյալները։ Եվ արդեն տեսանելի է, որ դա որևէ հեռանկար չունի՝ արդեն իսկ ուրվագծված շրջանակից դուրս գալու։

Այսինքն՝ այո՛, կլինի աղմուկ-աղաղակ, կլինեն կոկորդից արձակված բարձր դեցիբելներ, բայց դա որևէ ուղիղ համեմատական չունի ազդեցության աճի տենդենցի հետ։

Ինչո՞ւ մեծ թվով մարդիկ դուրս չեն գալիս փողոց, որովհետև չե՞ն վստահում այդ ուժերին, քանի որ նրանք հների հետ են ասոցացվում, թե՞ անտարբեր են։

– Որովհետև բացի նրանից, որ հները հանգուցյալ են և մեռելածին շարժումներ են ստեղծում, նրանք նաև փորձում են թերագնահատել հանրության մտավոր ունակությունները։ Եվ հանրությունը շատ լավ հասկանում է ամեն ինչ։

– Օրինակ՝ մարդկանց ժեխ են անվանում։

– Այլևայլ բացասական էպիզոդներով անպատվում են հասարակությանը։ Իսկ հասարակությունն էլ փոխադարձության սկզբունքով արհամարհում է այդ հանգուցյալներին։

– Ինչո՞ւ են նրանք այդ բառապաշարն օգտագործում, ինչո՞ւ են մարդկանց պիտակավորում։

– Իրենց վերաբերմունքը հասարակության նկատմամբ միշտ հենց այդպիսին էլ եղել է։ Նրանք 20 տարի Հայաստանում եղել են բանդիտական զավթման քաղաքական տանիքը, հենարանը և ֆասադը միաժամանակ։ Այսինքն՝ կարմիր կովը կաշին չի փոխում։

Նրանք ժամանակ են տվել վարչապետին՝ սահմանադրական ճանապարհով հեռանալու համար։ Միաժամանակ, փորձում են ճնշում գործադրել՝ շրջափակելով պետական շենքերը։ Այդ գործողություններն արդյունք կտա՞ն։

– Ես նրանց ընդամենը հարց եմ տալիս՝ իսկ դուք ո՞վ եք, ի՞նչ իրավունքով եք ինչ-որ բաներ պահանջում։ Նիկոլ Փաշինյանի հրաժարակա՞ն, շատ լավ։

Նիկոլ Փաշինյանը կգնա կամ չի գնա, դուք դրա հետ կապ չունեք, դուք իրավունք չունեք ո՛չ գնալու մասին կոչեր անելու, ո՛չ չգնալու մասին։

Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, որովհետև այդպես է որոշել հասարակությունը, և որոշումն առայժմ չի փոխվել։ Հետևաբար, նրանց այդ ճղճղոցներն ընդամենն անհասցե են և իրենցից ներկայացնում են սառած օդի անհաջող տատանումներ։

– Բայց արդյոք պատերազմում պարտված իշխանությունը չպե՞տք է հեռանա, ինչո՞ւ վարչապետը հրաժարական չի տալիս։

– Դրան կա մեկ ճանապարհ, այդ հարցերը պատասխան են ունենում միայն մեկ դեպքում, դրա անունն է արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Եվ դրա հավանականությունը արդեն քննարկվում է։

Իսկ ես համոզված եմ, որ 2021 թվականը կդառնա արտահերթ ընտրությունների տարի, որի ժամանակ էլ պարզ կդառնա՝ հանրությունն ում ինչ աստիճանի է արժևորում։

Այսինքն՝ տեսանելի՞ է, որ իշխանությունը գնում է արտահերթ ընտրությունների։

– Այո՛, չի կարող չգնալ։ Իսկ իրենք ի՞նչ են ասում, ասում են՝ մի հատ կառավարությունը տվեք ստեղ, հետո ես ձեզ համար ընտրություններ կանցկացնեմ։ Հասարակությունն էլ հարց է տալիս՝ իսկ դուք ո՞վ եք, կամ ձեզ տանք, ումի՞ց ուզենք։

Այսինքն՝ էս մարդիկ ընդհանրապես պատկերացում չունեն, թե քաղաքականությունն ինչպես է աշխատում։ Ավելի շուտ՝ ունեն, բայց փորձում են մարդկանց հիմարի տեղ դնել, ընդ որում՝ բոլորին ու միաժամանակ։

Բայց, դե, կյանքը ցույց է տալիս, որ այն սուբյեկտները, որոնք փորձում են հանրությանը հիմարի տեղ դնել՝ համոզված լինելով, որ դա իրենց կհաջողվի, հիմարն իրենք են։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am