Գեղամ Գևորգյանը որոշել է բողոքարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի այն որոշումը, որով դադարեցվել էին Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում իր լիազորությունները: Գևորգյանն այս մասին ասաց «Արմենպրես»–ի հետ զրույցում: «Բողոքարկելու եմ»,- նշեց Գևորգյանը:
Հարցին, թե երբ է պատրաստվում բողոքարկել որոշումը, Գեղամ Գևորգյանը պատասխանեց` երբ ուզեմ: Հիշեցնենք, որ դատարանը Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները դադարեցնելու որոշում էր կայացրել 2020թ. դեկտեմբերի 17-ին, և այն կարող է բողոքարկվել ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
Գեղամ Գևորգյանի դեմ հայցադիմում էր ներկայացրել համալսարանի Հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ Կարեն Հեքիմյանը՝ նշելով, որ Գևորգյանը մինչև ռեկտորի պաշտոնակատար դառնալը հանդիսանում էր «Էվոկա» բանկի խորհրդի նախագահի տեղակալ, իսկ «Հիմնադրամների մասին» օրենքով չի թույլատրվում ռեկտորի պաշտոնի զուգակցումն այլ վճարովի աշխատանքի հետ:
Գեղամ Գևորգյանը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր ընտրվել 2019թ. մայիսի 30-ին: