ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորի փախուստի փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
2019 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 16:25-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10:30-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին տեղափոխել են Սիլիկյան թաղամասում գործող սգո սրահ՝ մոր հուղարկավորությանը մասնակցելու համար, որտեղ կալանավորը, ժամը 16:00-ին, ուրիշին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով փորձել է փախուստի դիմել: Այդ ընթացքում նա հարվածել է սգո սրահի դարպասին, ապա շարունակելով ընթացքը՝ բախվել սգո սրահի մոտ կայանված մեկ այլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային և կանգնել: Ըստ հաղորդման՝ կալանավորի փախուստը կանխելու համար ՔԿ հիմնարկի աշխատակիցները օդում նախազգուշական կրակոցներ են արձակել:
Փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 1-ին մասով, 183-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի կողմից որոշում է կայացվել՝ քննչական խումբ ձևավորելու և նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունիսի 20-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները նույն ՔԿ հիմնարկի կալանավորին ուղեկցել են Սիլիկյան թաղամասում գտնվող սգո սրահ՝ իր մոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար:
Հուղարկավորության արարողությունից հետո կալանավորն սկսել է իրեն ագրեսիվ պահել իր հարազատների նկատմամբ: Ժամը 15:45-ից մինչ 16:15-ի սահմաններում, գտնվելով սգո սրահի բակային տարածքում և օգտվելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դուռը բաց թողնելու և շարժիչի միացված լինելու հանգամանքից, նստել է հիշյալ ավտոմեքենա, այն արագորեն վարելով շարժվել դարպասի ուղղությամբ և փորձել անցնել դարպասի բաց փեղկով, սակայն հարվածել է դարպասի փեղկը պահող հատվածին, որից դարպասի փեղկը կոտրվել, և նա դուրս է եկել տարածքից:
ՔԿ հիմնարկի աշխատակիցները, փորձելով կանգնեցնել փախուստի դիմած կալանավորին, սկզբում ձայն են տվել, որ կանգնեցնի ավտոմեքենան, զգուշացրել, որ չկանգնելու դեպքում կկրակեն, ինչին նա չի ենթարկվել: Տեսնելով, որ կալանավորը չի կանգնում և շարունակում է ընթացքը՝ ՔԿ հիմնարկի աշխատակիցներից երկուսն իրենց ամրակցված «Մակարով» ատրճանակով յուրաքանչյուրը երկու անգամ օդ են կրակել՝ կատարելով նախազգուշական կրակոցներ, որից հետո կալանավորի կողմից վարվող մեքենան հարվածել է մեկ այլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի և կանգ առել:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են ՔԿ աշխատակիցները, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ արձանագրվել է նշված սգո սրահի դարպասի ձախ փեղկի վնասված և կոտրված լինելու հանգամանքը, հայտնաբերվել և վերցվել են ավտոմեքենայի կոտրված դետալներ և չորս հատ պարկուճ: Հայտնաբերվել է նաև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան՝ վթարված վիճակում:
Առգրավել են սգո սրահի տեսանկարահանող սարքերը, ինչպես նաև՝ ՔԿ հիմնարկի՝ տվյալ պահին ծառայություն իրականացնող աշխատակիցներին ամրակցված ատրճանակները` դատաձգաբական փորձաքննություն նշանակելու նպատակով:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։