Երկու խորհուրդ կտամ իմ ընկերոջը՝ Նիկոլին, թող քիչ խոսի ու թող ծնողի աչքով նայի բոլորին, նույնիսկ իր թշնամուն․ Լևոն Ջավախյան

«Մեդիալաբի» հարցազրույցը գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանի հետ

– Պարո՛ն Ջավախյան, խնդրում եմ՝ հարցազրույց կտա՞ք:

– Միայն խնդրում եմ՝ ոչ քաղաքականությունից։ Արդեն զզվել եմ քաղաքականությունից։

– Լավ, ոնց ասեք։ Խոսենք կարանտինից կամ կիսակարանտինից, ի՞նչ անհարմարությունների մեջ դրեց Ձեզ կարանտինը։

– Հիմա ասեմ։ Իմ կյանքում որ մի լավ բան է լինում, միշտ հարամ է լինում։

– Ինչո՞ւ։

– Հեսա մի տասն օրից՝ հունիսի 19-ին, 70 տարեկան եմ դառնում։ Ինձ համար 70-ը սուրբ տարիք է, ու էս կարանտինը հարամ արեց։ Ոչ միայն կարանտինը, ավելի շուտ՝ համավարակը։ 

Մարդ էլ ուրախանալու, նպատակ դնելու, երազելու, իր ապրածը վայելելու տրամադրություն չի ունենում։ 

Ո՞նց եմ իմ օրերն անցկացնում։ Դե, գիտեք՝ Վերնիսաժում եմ կանգնում․ ես ազատ, անկախ մարդ եմ, չեմ ուզեցել որևէ մեկի հարկի, սրի, ոտի տակ ապրեմ, դրա համար Վերնիսաժ եմ գնացել, որ ընտանիքիս հոգսերը հոգամ։ 

Բայց Վերնիսաժում հիմա աշխատանքը զրոյական է։ Եթե տուրիստ չկա՝ առևտուր չկա, եթե առևտուր չկա՝ փող չկա, եթե փող չկա՝ համարյա թե կյանք չկա։ 

Հիմնականում տանն եմ լինում։ Շահեցի էն պահով, որ երեք պատմվածք գրեցի։ Ես շատ դժվարությամբ եմ գրում, բայց պարապությունն ինձ ստիպեց, որ ստեղծագործական առումով առաջընթաց ապրեմ։ 

«Հրապարակի» գրական հավելվածում տպվել է, կայքում էլ կա, կոչվում է՝ «Ես դարը կիսեցի ու մտա դարի մեջ»։ Հիմա ուզում եմ էս հոբելյանս վայելեմ՝ չի ստացվում, հարամ է լինում։ 

Եթե կողքս թշվառություն է, առավել ևս՝ հիվանդություն և մահ, ո՞նց կարող ես ուրախ և երջանիկ լինել։

– Ինչպե՞ս էիք ուզում նշել 70-ամյակը։

– Ես տոնը նշում եմ ո՛չ ճոխ սեղանների շուրջը, ո՛չ ընկերական շրջապատում, ո՛չ խնջույքներում։ Էդ տոնը ես նշում եմ ինքս իմ մեջ։ Բայց մեջս դատարկություն ա, մեջս ուրախություն չկա, որովհետև դրսում տխրություն է։

– Համաճարա՞կն է ազդում․․․

– Հա՜, խիստ անդրադառնում է։ Ես վախ չունեմ, գիտե՞ք, որ ասեմ թե վախում եմ՝ կվարակվեմ և այլն, և այլն։ Իմ հիմնական փիլիսոփայությունն էս է՝ վախկոտ մարդը մի քանի անգամ է մեռնում, իսկ համարձակ մարդը կարող է սկի չի էլ մեռնում։ 

Ինձ հիմա փաստն է հուզում, փաստը, որ մեծ թվով մարդիկ են վարակվում ու մեծ թվով էլ մարդիկ են մահանում։

 Սա պատերազմ է, մի տեսակ անտանելի պատերազմ է։ Համավարակը մի յուրահատուկ նեյտրոնային ռումբ է, որը ամայացնում է կյանքը, կյանքը ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգևոր առումով է ստերջ դարձնում մարդուն։ 

– Հիմա շատ տարածված է դարձել պատերազմում մեղավորներ փնտրելու գործը։ Կա՞ն մեղավորներ, ինչ եք կարծում։

– Հիմա մոդա է դարձել, շատ են իշխանություններին քրֆում։ Սերժի ժամանակ էլ էին քրֆում։ Տղամարդը կնոջ հետ քնում էր, տղա չէր ունենում, ասում էին՝ Սերժն է մեղավոր։ Հիմա էլ համավարակ է, ասում են՝ Նիկոլը լավ չի կազմակերպել։ 

Իհարկե, սկզբում մի քիչ անլուրջ վերաբերմունք կար թե՛ իր, թե՛ իր առողջապահության նախարարի կողմից, բայց, այնուամենայնիվ, մարդիկ էլի ինչ-որ մի բան արեցին։ 

Իտալիայի նման հզոր երկիր, Ֆրանսիայի նման հզոր երկիր, Իսպանիայի նման հզոր երկիր․․․ Եթե այդ երկրները իրենց հզոր առողջապահական համակարգով չեն կարողացել համավարակի առաջն առնել, մենք ո՞նց առաջն առնենք։ Ոչ ոք չի հասկանում՝ էս ի՞նչն է պատճառը, որ Վրաստանում, Ադրբեջանում վարակը քիչ է տարածվում։ Անհասկանալի է։ 

Ասում են՝ Վրաստանում տուգանքները բարձր են, ինչն էլ սթափեցնում է մարդկանց։

– Էս վերջերս Հայաստանի մարդկանց հոգեբանության մեջ շատ բան է փոխվել։ Մարդիկ ահավոր զգույշ են, նույնիսկ ընկերները իրար հետ շփվելիս, խոսելիս հեռու են միմյանցից, չեն գրկում, չեն համբուրվում։ 

Էդ պաչ-պռոշտիները կարծես վերացել են։ Ինձ թվում է, որ մենք պիկին ենք հասել, ու շուտով աճի տեմպը կնվազի։ Հա, էլ ո՞ւր սենց։ Կա մարդկային և կա հասարակական իմունիտետ՝ որ ինչքան շատ մարդ հիվանդանա։ Չկա չարիք առանց բարիքի։ Հիվանդացության մեծ թիվը, իմ հասկանալով, հասարակական իմունիտետ կառաջացնի, և տեմպը կնվազի։

– Ասացիք՝ նպատակներ, երազանքներ ունեք, ինչի՞ մասին են դրանք։

– Մարդու երազանքը սկսվում է ներկայից, եթե մարդը ներկա չունի, էլ ի՞նչ երազանք։ Իմ խորին համոզմամբ՝ մարդուն ապրեցնում են ոչ այնքան իր ֆիզիկական, առողջական տվյալները, որքան իր նպատակները։ Եթե մարդ նպատակ ունի ու ընդառաջ է գնում դրա իրագործման համար, ապա կապրի։ Ինչ-որ տեղ ես՝ որպես գրող, ուշահաս գրող եմ։ Նման եմ Համո Սահյանին, իմ տարիքում գրողները կա՛մ մեռած են լինում, կա՛մ դադարում են ստեղծագործել։ Իսկ ես նոր-նոր եմ զգում՝ ինչ ասել է իսկական, ճշմարիտ արվեստ։ 

Զգում եմ, որ ապրելու տեղ ունեմ, էլի։ Մի գիրք եմ կարդում՝ Ռոբին Շարմա, ասում է՝ մարդուն տրված է ճակատագիր, և եթե մարդը գնա այդ ճակատագրին ընդառաջ, ապա դա երազանքի կատարում է։ 

Ասում են՝ աշխարհում կա 7 հրաշալիք։ Բայց իրականում յոթը չի, աշխարհի բնակչությունը 7․7 միլիարդ է, չէ՞, այդքան էլ հրաշալիք կա։ Յուրաքանչյուր մարդ հրաշք է, հրաշալիք է, մնում է՝ կարողանա այնպես ապրի, որ հասարակությանը օգտակար լինի, ապրի այնպես, որ ոչ թե ստանալուց ուրախանա, այլ ավելի շատ ուրախանա, որ տալիս է։ Իրական հարստությունը երկնքում է, այնտեղ այդ հարստությունը հավերժ է։ Ես բավարարված չեմ կյանքին իմ տվածով, բայց դեռ օրեր կան ապրելու, տեսնենք։ 

– Ե՞րբ դուրս կգաք Վերնիսաժ՝ աշխատանքի։

– Էգուց գնալու եմ, տանն էլ չեմ կարում նստել։

– Իսկ եթե առևտուր չկա։

– Նստելու եմ թախտին, սպասելու եմ բախտին։ Ապրանքս փռելու եմ, սպասելու եմ՝ բալքիմ մի գնորդ գա։ Բայց, դե, տանը նստել էլ չի լինում, տանը որ երկար մնում եմ՝ դառնում եմ լխկած լոլիկ։

– Պաշտպանվո՞ւմ եք, որ դուրս եք գալիս։

– Որ ասեմ՝ սուրբ հետևող եմ, չէ՛, բայց որ Ֆեյսբուքում հետևում եմ մարդկանց դիմադրությանը, անիմաստ բողոքներին, ես ինքս իմ մեջ եմ տեսնում՝ ճիշտը կանոններին հետևելն է։ Բա վարակ ա, քո ըմբոստությունը ինչո՞ւ է, եթե մարդ կարա քո պատճառով վարակվել, նաև՝ մահանալ, քո պահվածքը մյուսի դժբախտության պատճառ է դառնում։ 

Պարտավոր ես անել այն, ինչ ընդունված է։ Եթե սաղ աշխարհը էդ մի ձևը գիտի պաշտպանվելու։ Ոստիկաններին տեսա, գնացել են ծերունիների մոտ, համոզում են, որ տուն գնան, մեկը նարդի է խաղում, մյուսը՝ դոմինո։ Ոստիկանն ասում է՝ չի կարելի, գնացե՛ք, տուն, դիմադրում են։ Էդ աստիճան կարելի՞ է։ Պետք է ենթարկվենք։

– Վարչապետը այսպես կոչված համաժողովրդական շարժում է սկսել, լուսանկարներ է հրապարակում․․․

– Էդ անճարակ վիճակից մեղքս գալիս է Նիկոլը։ Այսօր էլ մի հայտարարություն էր արել՝ ներողություն խնդրելով, սիրով լի։ Ա՛յ որ սենց միշտ խոսի, իմ դուրը շատ կգա։ Բայց երբ խոսում էր այնպես, որ ատելություն էր տարածում տարբեր հակադիր բևեռների մեջ, իմ դուրը չէր գալիս։ 

Ինքը եթե վարչապետ է, բոլորի համար է վարչապետ՝ էն կաշառակերների, թալանչիների, բանտարկյալների, ազնիվների վարչապետն էլ է, ծնողի աչքով պետք է նայի բոլորին։ 

Երբեմն իմ ընկերոջը՝ Նիկոլին, տեսնում եմ, որ ծնողի աչքով չի նայում։ Էսօր սև ու սպիտակի են բաժանված մարդիկ, ատելություն է տարածվում։ Այդպես ինքը հաջողության չի հասնի։ Երկու խորհուրդ կտամ իմ ընկերոջը՝ թող քիչ խոսի ու թող ծնողի աչքով նայի բոլորին, նույնիսկ իր թշնամուն։ 

Ինքը ծնող է, ինքը երկրի առաջին դեմքն, իր սիրտը պետք է ցավի բոլորի համար։ Եթե ասում է՝ ներող եղեք, ու եթե էդ շրջանակների մեջ մնա, ամեն ինչ բարեհաջող կլինի։ Եթե այնպես լինի, ինչպես նախկինում՝ պատերով կտամ, կփռեմ ասֆալտին․․․ Էդպես երեխա՞ են դաստիարակում, էդպես ծնո՞ղ է լինում։ Մենք էս ամենն արել ենք, որ մրուրից դուրս գանք։

– Ինչո՞ւ է վարչապետը Ձեր մեղքը գալիս։

– Ազնիվ սրտացավություն եմ տեսնում ժողովրդի նկատմամբ, բայց զուգահեռ անճարակություն եմ տեսնում։ Այդ անճարակության համար է մեղքս գալիս նրա։ 

Իսկ որ ռոմանտիկա կա նրա մեջ, դա լավ է։ Վարչապետին հարիր գործելակերպ պետք է ունենա, բայց ինքը մեկ-մեկ շատ կոպիտ է իրեն պահում, մտքին ինչ գալիս է՝ ասում է։ Տրվում է զգացմունքներին։ 

Պետական ղեկավարի դեմքին ժողովուրդը բարկություն, հուսահատություն չպետք է տեսնի։ Իսկ Նիկոլի դեմքին նայում ես՝ ամեն ինչ տեսնում ես, ամեն ինչ երևում է։ Մի մարդ լիներ, իրեն ճիշտ խորհուրդներ տար, բայց ոնց որ լսելու հատկություն չունի, իրեն թվում է՝ ամեն ինչ գիտի։ Ես էլ չեմ կարող երկիր ղեկավարել, բայց մի բան կարող եմ անել՝ ի՞նչ կարևոր է բոլոր հարցերի պատասխանները տամ, դրա համար կան պատասխանատուներ, թող իրենք էլ պատասխանը տան։ 

Անընդհատ խոսում է, մարդիկ հագենում են։ Չի կարելի։ Էժանանում է․․․ Չեռնոմիրդինն ասում էր՝ ուզում էինք լավը, բայց ստացվեց ինչպես միշտ։ Տեսա՞ր՝ ինչ խորամանկություն արեցիր, քաղաքականության մեջ ներքաշեցիր (ծիծաղում է – հեղ․)։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am