Մարտի մեկին ընդառաջ. Ընդդիմադիրների պնդմամբ, Հայաստանում կուտակված խնդիրները «հինգ Մայդան արժեն»

Մարտի մեկին ընդառաջ. Ընդդիմադիրների պնդմամբ, Հայաստանում կուտակված խնդիրները «հինգ Մայդան արժեն»
Մարտի մեկին ընդառաջ. Ընդդիմադիրների պնդմամբ, Հայաստանում կուտակված խնդիրները «հինգ Մայդան արժեն»

Մարտի մեկին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքից ընդդիմությունը մեծ ակնկալիքներ ունի: 

«Դժգոհողների թիվը շատ-շատ մեծ է, նորանոր խմբեր են ի հայտ գալիս, որոնք երբեք ըմբոստ չեն եղել, երբեք ձայն չեն բարձրացրել, հիմա շատ են: Կենսաթոշակայինի դեմ բողոքողները գումարվել են, տաքսիստները գումարվել են, ինչ-որ խնձորի այգիներից բողոքավորներ կան, գործարարններից բողոքավորներ կան, շատ մարդիկ կան, որ հույս են կապում մարտի մեկի հանրահավաքի հետ: Այդ քանակը, այդ էներգիան կկանխորոշի մեր հետագա անելիքը»,- «Մեդիալաբին» ասում է Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը կանխատեսել է, որ մարտի մեկը կազդարարի հանրահավաքների ու բողոքի նոր ալիքի սկիզբ: Բագրատյանն այս հարցում տեսնում է նաև Ուկրաինայի Մայդանում կատարվող իրադարձությունների ազդեցությունը: Ըստ նրա, ուկրաինական զարգացումները հայկական Մայդանի ստեղծման համար հիմքեր են ստեղծում:

Արամ Մանուկյանն ասում է, որ Հայաստանում կուտակված խնդիրները հինգ Մայդան արժեն:

«Ուկրաինան արտագաղթ չուներ, սոցիալական խնդիրներ չուներ, ավելի շուտ կողմնորոշման խնդրի համար հավաքվեց Մայդանում: Մեր մոտ սոցիալական խնդիրները, արտագաղթը, իշխանության ապօրինություններն այնքան շատ են, որ որևէ շերտ չի մնացել, որի ոտքը տրորած չլինեն, որին ցավ պատճառած չլինեն»,- ասում է նա: Արամ Մանուկյանի խոսքով` մեր երկիրն ուղղակի ձեռքից գնում է, մարդը Հայաստանից դուրս է գալիս, իսկ երկում մնացածներն ուղղակի չեն կարողանում դուրս գալ:

Նա ընդգծեց, որ սոցիոլագիական հետազոտություններից մեկի համաձայն` Հայաստանի բնակչության 48 տոկոսը հնարավորության դեպքում Հայատսանը կլքի, ինչը ողբերգություն է:

«Մեր մոտիվացիան հետևյալն է` փրկել մարդկանց` այստեղ ապրելու իրավունքը»,- ասում է նա:

Քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը համամիտ է ընդդիմության ներկայացուցիչների հետ և ասում է, որ Հայաստանում կան բոլոր հիմքերը մարտի մեկի հանրահավաքից հետո պայքարը թեժացնելու համար:

«Գիտեք, թե ինչ պայթյունավտանգ իրավիճակ է այսօր սոցիալական տեսանկյունից, մարդիկ անհամբեր սպասում են Սահմանադրական դատարանի մարտի 28-ի որոշմանը` կապված կենսաթոշակային բարեփոխումների հետ: Ես կարծում եմ, որ եթե իշխանությունները զիջման չգնան այս խնդրի շուրջ, ապա իսկապես սոցիալական պայթյունավտանգ իրավիճակը կարող է ըստ էության զարգանալ, և լուրջ հակամարտություն կառաջանա Հայաստանում, ինչը մոտավորապես եղավ Ուկրաինայում, բայց մեզ մոտ խաղաղ տարբերակով կլինի»,- «Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:

Նա նշում է, որ Մայդանի իրադարձությունները չեն կարող Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա ազդեցություն չունենալ, որովհետև սա շղթայական ռեակցիա է:

Նրա խոսքով` ցանկացած երկրում, երբ լուրջ փոփոխություն է տեղի ունենում, դա ուղղակի կամ անուղղակի հետք է թողնում մյուս երկրների վրա:

«Ուկրաինական ներկայիս Մայդանը անխուսափելի կերպով իր ազդեցությունը թողնելու է նաև հետխորհրդային մյուս երկրների վրա»,- ասում է Բոզոյանը:

ՀՀԿ-ական պատգամավորները չեն կիսում այս տեսակետները և լարվածության սրացում չեն կանխատեսում:

«Դա ինչ կանխատեսում է, ով է կանխատեսել, ես չեմ կիսում այդ կարծիքը»,- «Մեդիալաբի» հարցին կարճ պատասխան տվեց ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը` խուսափելով պատասխանել այլ հարցերի պատասխանելուց:

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով վերջին շրջանում բացառում է Հայաստանում Մայդանի կրկնությունն ու պայքարի թեժացման մասին հայտարարություններին լուրջ չի վերաբերվում, այսօր խորդարանում, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, հայտարարեց.

«Դուք արդեն հայտարարել եք` մարտի մեկի հավաքից հետո այստեղ Մայդան կլինի, թե չի լինի: Էն մարդիկ, որոնք մտածում են, որ Մայդան պիտի լինի Հայաստանում, թող էդ Մայդանն իրենց հոր բոստաններում լինի, բայց մեզ հետ երբեք չկապեք»:

Սակայն, ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն խորհուրդ է տալիս ոչինչ չբացառել: Նա եւս հավատում է, որ մարտի մեկը կարող է պայքարի նոր սկիզբ լինել:

«Այստեղ որոշիչն էլի ժողովուրդն է` իր դժգոհություններով, իր կուտակված խնդիրներով, Ազատության հրապարակի էներգետիկայով: Ամեն ինչ կարծում եմ` տեղում հստակ կլինի: Որոշողն այլևս քաղաքական ուժերը չեն, եկել է պահը, որ ժողովուրդն է որոշում»,- «Մեդիալաբին» ասում է Լյուդմիլա Սարգսյանը:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը պայքարի թեժացումը մարտի մեկով չի պայմանավորում:

«Ես դա ավելի շատ պայմանավորում եմ կուտակված այն խնդիրներով, որոնք մեր երկիրը տանում են դեպի անդունդ»,- «Մեդիալաբին» ասում է Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորի խոսքով` ամենավատն այն է, որ իշխանութունն ընդունել է մի կեցվածք, որը հետնահանջի տեղ չի տալիս: Սա արդեն հասարակությանն ընդհանրապես կարող է հունից հանել:

Արծվիկ Մինասյանը նշում է, որ մեծ կարևորություն է տալիս պարտադիր կուտակային համակարգի շուրջ ձևավորված պայքարին, դրա շուրջ համախմբված սերունդին, որը պատրաստ է պայքարելու, վճռական է և գնալու է մինչև վերջ:

Իսկ դա, ըստ նրա, կարող է հանգուցալուծվել իշխանության համար ոչ ցանկալի սցենարներով:

«Ես կարծում եմ, որ Մայդանի ազդեցությունը կա տարբեր պատկերացումներում: Իհարկե, չէի ցանկանա, որ մայդանյան հանգուցալուծում լիներ, բայց իշխանությանը շանս է տրված, որ մի պահ հետ կանգնի, հասկանա, որ ամեն ինչում չէ, որ իրենք ճիշտ են կամ իրենց պնդումը պետք է միակ ճշմարտությունն ընկալվի: Այդպես չէ, անգամ հանրապետության նախագահն իր խոսքում ասաց, որ հասարակության 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային համակարգին: Եթե դեմ են, նշանակում է այդ պարդիկ պատրաստ են նաև վճռականորեն պայքարել իրենց իրավունքների համար»,- «Մեդիալաբին» ասում է Արծվիկ Մինասյանը:

© Medialab.am