Նիկոլ Փաշինյանը փաստորեն ընդունեց, որ «Իսկանդերի» մասին իրեն սխալ են զեկուցել, այդ զենքն ամենևին էլ 10 տոկոսով չի պայթել կամ ընդհանրապես «խալաստոյ» չի ընկել Շուշիի վրա։ Մի խոսքով, սխալ են զեկուցել։
Հիշո՞ւմ եք՝ 2018-ի ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանն ինչ ասաց Սերժ Սարգսյանին, երբ վերջինս փորձում էր մի վերջին ջանքով պահպանել իշխանությունը։
Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանից ասում էր՝ դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից։
Նիկոլ Փաշինյանը նրան հակադարձեց երկաթյա փաստարկով՝ իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում փոխվել է, Դուք Հայաստանի Հանրապետությունում չունեք էն իշխանությունը, ինչի մասին Ձեզ զեկուցում են։ Այսպիսով Սերժ Սարգսյանին սխալ էին զեկուցում իրավիճակը, որի արդյունքում նա չգիտեր, թե ինչ է կատարվում երկրում։
«Իսկանդերի» մասին իր հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը խոսում է Վլադիմիր Պուտինի հետ ու հայտարարում, որ իրեն սխալ են զեկուցել։ Նկատեցի՞ք։ Նիկոլ Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում։
Ընդամենը 3 տարի հետո Նիկոլ Փաշինյանն ընկնում է Սերժ Սարգսյանի օրը։
Իրավիճակին չտիրապետելը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր բան չէ։ Հեղափոխությունից ստանալ այն, ինչն այսօր ունենք՝ իրավիճակին չտիրապետելու դասական մատյան է։ Իրավիճակին չես տիրապետում, երբ փակում ես դատարանների դռները, իրավիճակին չես տիրապետում, երբ դադարեցնում ես Ադրբեջանի հետ բանակցությունները ու հայտարարում՝ Արցախը Հայաստան է և վե՛րջ։
Իրավիճակին չես տիրապետում, երբ տավուշյան ավանտյուրայից հետո հերոսի կոչումներ ես շնորհում։
Իրավիճակին չես տիրապետում, երբ Ռոբերտ Քոչարյանի դատարաններով Ռոբերտ Քոչարյան ես ձերբակալում։
Խայտառակ իրավիճակ է։ Իրավիճակին չես տիրապետում, երբ մեկ տարի առաջ կիսանախագահական կառավարման համակարգը ձախողված ու անպատասխանատու համակարգ էիր հռչակում, իսկ հիմա, պարզվում է, որ մեզ «վիզ» կիսանախագահական է պետք։
Այսինքն՝ Օնիկ Գասպարյա՞նն է քո քաղաքական պոստուլատների գրիչը։ Եթե այդքան տիրապետում ես իրավիճակին ու Սերժ Սարգսյանի օրը չես ընկել, էս ի՞նչ է կատարվում երկրում։
Դու այնքան չես տիրապետում իրավիճակին, որ մարտի 1-ի հանրահավաքում գրեթե բառապաշարդ չես փոխում ժողովրդի հետ շփվելիս, ասես ո՛չ պատերազմ է եղել, ո՛չ զոհեր են եղել, ո՛չ էլ նույնիսկ Քովիդ։
Ասենք՝ փետրվարի 28-ին ու մարտի 2-ին պետք է մնալ տանը, իսկ մարտի 1-ին գնալ հանրահավաքի՞։ Ու էդ հանրահավաքից հետո առողջապահության նախարարը հրաժարական չի՞ տալիս։
Որ կողմից նայում ես՝ խայտառակ իրավիճակ է։
Սերժ Սարգսյանին դու էիր ասում, որ իրավիճակին չի տիրապետում, քե՞զ ով պիտի ասի։ Ո՛չ քո կողմնակիցներն են տիրապետողի գծի մեջ, ո՛չ էլ քո ընդդիմադիրները, որոնք դեռ Սերժ Սարգսյանի չտիրապետածից դուրս չեն եկել։
Սա է կրկեսը, եթե անկեղծ լինենք։ Եվ ուզում եմ իմանաս՝ այսպիսի դեպքերում են հենց գնում ընտրության, որպեսզի ժողովուրդն իրավիճակը վերցնի իր ձեռքը, թե չէ հիմա ո՛չ ընդդիմությունն է ընտրություն ուզում հոգու խորքում, որովհետև իր ուզած քվեները չի հավաքի, ո՛չ էլ դու ես ուզում, որովհետև ծանր է առերեսվել «չափազանց սիրվածի» փշրանքներին։
Պատերազմում քաջ չեղա՞ր, քա՛ջ եղիր խաղաղության մեջ, հրաժարակա՛ն տուր ու գնա՛ ընտրությունների։
Դու բացառություն ես բոլոր մարդկանցից՝ մարդը անսխալական է, երբ մենակ է, դու սխալական ես նույնիսկ քո մենակության մեջ։
Ու քո սխալականության վերջը չի երևում։
Մհեր Արշակյան
MediaLab.am