Ինտերպոլը ծիծաղում է ՀՀ դատախազության վրա

Մհեր Արշակյան

ՀՀ դատախազությունը հայկական մամուլից է իմացել, որ միջազգային Ինտերպոլը դադարեցրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը։ Մեր լրատվամիջոցներից, Կարլ։ Այսինքն՝ Ինտերպոլը լայաղ չի արել մեր դատախազությանը տեղեկացնելու, որ ՀՀ քաղաքացու նկատմամբ միջազգային հետախուզում է դադարեցնում։

Արտակ Դավթյանը, պարզվում է՝ հետախուզում հայտարարելու բոլոր իրավական հիմքերը 2 տարի առաջ փոխանցել է Ինտերպոլին, որն էլ հետախուզում է հայտարարել, հետո որոշել է «Մ. Մինասյանի կողմից ներկայացված դիմումի քննարկման արդյունքում Ինտերպոլը 2022 թ. հուլիսի 7-ից դադարեցրել է նրա միջազգային հետախուզումը»։ Այսինքն՝ հետախուզումը դադարեցվել է առանց ՀՀ դատախազության հետ հետադարձ կապի։ Ոչ կարծիք են հարցրել, ոչ հանգամանքներ։ Ուղղակի դադարեցվել է։

Այսինքն՝ օրերս իր ընտանիքի հետ Մոսկվայի Մեծ թատրոնի մոտ լուսանկար հրապարակած Միքայել Մինասյանը կարող է այսուհետև լուսանկարներ հրապարակել Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոսի արձանի մոտից, Երուսաղեմում Քրիստոսի գերեզմանի մոտից և անկասկած Վատիկանից։ Մարդն իրավական բոլոր հիմքերն ունի։ Ու երևի միայն Ծառուկյանի Քրիստոսի արձանի մոտից չի կարող լուսանկար հրապարակել, որովհետև, ըստ դատախազության հաղորդագրության, Հայաստանում պարոն Մինասյանը դեռ հետախուզման մեջ է։

Երկու տարի հետո Ինտերպոլն ի՞նչ է ասում՝ որ Միքայել Մինասյանի ներկայացրած հակափաստարկները բավարա՞ր են հետախուզումը դադարեցնելու համար։ Փաստորեն բավարար են։ Այսինքն՝ չեն դիմել մեր դատախազությանը ու ասել՝ տղե՛րք, ձեր պահանջով հետախուզվողն ահա այսպիսի հակափաստարկներ է ներկայացրել, մի հատ նայեք, ասեք, թե ինչ անենք։ Ուղղակի վերցրել են ու դադարեցրել հետախուզումը։

Սա ինչի՞ մասին է խոսում՝ կամ Մինասյանի կապերը միջազգային Ինտերպոլում երկաթյա են, կամ մեր տեղական Ինտերպոլը գլոբուսից դուրս է։ Ըստ ամենայնի, երկրորդն ավելի խելքին մոտ է։ Ես չեմ քննարկում Մինասյանի մեղավորությունը կամ անմեղությունը։ Խնդիրն այստեղ այն է, թե ինչու է Ինտերպոլը «միանձնյա» դադարեցնում հետախուզումը, երբ այն հայտարարած երկրում հետախուզումն ուժի մեջ է, իսկ հետախուզում հայտարարողները՝ նաև շոկի։

Արտակ Դավթյանը հեռացող դատախազ է։ Եվ, ըստ ամենայնի, նրան ամենևին էլ հետաքրքիր չէ՝ հետախուզման մե՞ջ է Հայաստանի երբեմնի ամենահզոր մեդիամագնատը, թե՞ ոչ։ Եվ գուցե սա նրա վերաբերմունքն է Փաշինյանի նկատմամբ, որը հեռացրեց նրան ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից։ Գուցե Ինտերպոլը ՀՀ իրավապահների նոր հայցով նո՞ր հետախուզում հայտարարի Մինասյանի նկատմամբ, չեմ կասկածում, որ լիքը գործեր կգտնվեն։ Բայց փաստն այն է, որ Ինտերպոլը մերոնց հասկացնում է՝ այնպես արեք, որ ձեզ լուրջ վերաբերվենք, մեզ հետ մի՛ խոսեք այնպիսի փաստերով, որը մի մասնավոր անձն էլ կարող է չեզոքացնել։

Իհարկե բացառված չէ նաև, որ Ինտերպոլի այս արարքը քաղաքական ենթատեքստ էլ ունենա ու կապ ունենա Հայաստան-Ռուսաստան (Մինասյանը գտնվում է Ռուսաստանում) կամ Հայաստան-Արևմուտք հարաբերությունների հետ։ Որովհետև պարզ է, չէ՞, որ գոնե Ռուսաստանը Միքայել Մինասյանին չի հետախուզում, մարդը Ինսթագրամի իր էջում լուսանկար էր հրապարակել կոնկրետ վայրից։ Ուրեմն մնում է մեկ վարկած՝ Ինտերպոլը Հայաստանին ասում է՝ Ռուսաստանի հետ մարդավարի պայմանավորվիր, հետո մարդու նկատմամբ հետախուզում հայտարարիր։

Ի դեպ, քիչ առաջ էլ ադրբեջանական haqqin.az-ն է գրել, որ այսօր Ադրբեջանը Հայաստանին կհանձնի 5 ռազմագերու։ Մեր ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է՝ մենք այդպիսի տեղեկություններ չունենք։ Այսինքն՝ հայ ծնողների աչքալուսանքի աղբյուրը ադրբեջանական լրատվամիջոցն է։

Մհեր Արշակյան

MediaLab.am