Այն, ինչ դարձել եմ, դարձել եմ ոչ թե ի հեճուկս անհաջողությունների, այլ՝ դրանց շնորհիվ․ Իրինա Հովհաննիսյան / «Դափնե»

Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան

«Մեդիալաբի»՝ «Դափնե» նախագծի հաջորդ պատմությունը Իրինա Հովհաննիսյանի մասին է։ «Դափնեն» նախագիծ է, որը պատմում է մարդկանց մասին, որոնք անցել են բազում դժվարությունների միջով, սակայն կարողացել են հաղթահարել և նոր կյանք սկսել։ «Ոչ թե զոհ, այլ հաղթած» կարգախոսով մեր հերոսների պատմությունները  www.DaphneArmenia.com կայքում:

«Կյանքիս ամենածանր օրը, թերևս, առաջնեկիս կորցնելու օրն էր։ Ընդամենը 18 տարեկան էի։ Հոգեբանական ծանր վիճակից օգնեց դուրս գալ Վերան՝ մորաքույրս։ Նա լուրջ առողջական խնդիրներ ուներ։ Այդ օրը նա մի բան ասաց, որ, կարծում եմ, հիմնովին փոխեց ինձ ու հետագա կյանքս։ 

Նա ասաց. «Լաց մի՛ եղիր, դու հուսահատվելու իրավունք չունես, որովհետև երիտասարդ և առողջ ես, դեռ կարող ես երեխաներ ունենալ, իսկ ես՝ երբեք»։ 

Այս նախադասությունը ստիպեց ինձ հասկանալ, որ ամեն ինչ այս կյանքում հարաբերական է, անգամ՝ կորուստը»,– ասում է Իրինա Հովհաննիսյանը։

Իրինան «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենն է, միակ կինն է տղամարդկային համարվող այս ոլորտի պատասխանատուների կազմում։ 

Հարկադրված վաղ ամուսնությունը, առաջնեկի կորուստը, առողջական խնդիրներ ունեցող որդու ծնունդը, ամուսնալուծությունն ու դրան հաջորդած բոլոր բարդությունները Իրինան համարում է ոչ թե դժբախտություն, այլ իրեն կռող, ուժեղ դարձնող փորձություններ:

«Կյանքիս առաջին մարտահրավերն այն էր, երևի, որ ծնվել եմ խառնամուսնական ընտանիքում։ Մայրս մոլոկանների ընտանիքում մեծացած ռուս է, հայրս՝ հայ գաղթականների ընտանիքից։ Խառնվածքով ծնողներս չափազանց տարբեր են, և ես ժառանգել եմ նրանց երկուսի ամենակարևոր հատկությունները՝ հորս արկածախնդրությունն ու ռիսկի դիմելու խիզախությունը, մորս՝ ամեն ինչ հաշվարկելու, ծանրութեթև անելու հատկությունը։ Շատերը կարծում են, որ ընդունված չափից ավելի համարձակ լինելս ռուսական հատկանիշ է, սակայն եթե մեկ նախադասությամբ նկարագրելու լինեմ ծնողներիս, ապա մայրս՝ «իսկ ի՞նչ կասեն մարդիկ» արտահայտությունն է, հայրս՝ «իսկ ինչո՞ւ ոչ»»,– ասում է Իրինան։

Իրարից ծայրահեղ տարբեր ծնողները նրա մեջ բազմաթիվ սուր անկյուններ են շտկել՝ դարձնելով նրան և՛ վճռական, և՛ պահպանողական՝ միաժամանակ։ Հենց այս երկու հատկանիշների հավասարակշռումն է, որ երբեք թույլ չի տվել թևաթափ լինել։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։