Ֆեոդալիզմի արմատները. Արամ Աբրահամյան

Արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ ֆեոդալիզմ, այդ բառի դասագրքային իմաստով, այսինքն՝ այնպիսի կարգ, որը հիմնված է փակ, բնական տնտեսության եւ ապրանքների պարզ փոխանակման վրա, Հայաստանում չկա: Երբ մենք ասում ենք «ֆեոդալիզմ», նկատի ունենք այդ բառի փոխաբերական իմաստը՝ տվյալ տարածքում ստեղծված այնպիսի համակարգ, այնպիսի հարաբերություններ, որտեղ մեկ մարդ ունի անսահմանափակ, անվերահսկելի իշխանություն եւ իրեն պահում է միջնադարյան ֆեոդալի նման: Օրինակ՝ բացականչում է՝ ո՞վ է այն տղամարդը, որը կկարողանա ինձ գահից գցել, կամ հրամայում է իր թիկնապահին սպանել իրեն սխալ բարեւած մարդուն: Կամ՝ մեղավոր մարդկանց գցում է քացու տակ՝ վստահ լինելով, որ իրեն՝ ֆեոդալին, դրա համար ոչինչ չի լինելու:

Այդ իմաստով չակերտավոր «ֆեոդալական» հարաբերություններ Հայաստանում կան, եւ Ռոբերտ Քոչարյանը իրավացի է, որ մեծամասնական ընտրական համակարգը նպաստում է այդ հարաբերություններին. նախընտրական շրջանում ֆեոդալը հանդես է գալիս «բարեգործություններով», մոբիլիզացնում է ամբողջ ուժային եւ վարչական ռեսուրսն ու ապահովում է իշխանության թիմի հաղթանակը: Բայց նախ՝ ես չեմ հիշում, որ երկրորդ նախագահն իր իշխանության օրոք մեծամասնական համակարգի դեմ առանձնապես ընդվզեր, եւ երկրորդ՝ Ազգային ժողովի ընտրությունների կարգը ամենակարեւոր գործոնը չէ, որը նպաստում է ֆեոդալիզմին:

Չեմ ուզում խնդիրը պրիմիտիվացնել եւ անձնավորել՝ գրելով այն, ինչ մակերեսի վրա է՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք հայկական ֆեոդալիզմը զարգացել է, ծաղկել է եւ ձեռք է բերել իր ժամանակակից տեսքը: Բայց եթե խնդրի արմատները թաքնված լինեին նախագահների «քաղաքական կամքի» մեջ, մենք այդ բարքերից վաղուց արդեն կազատվեինք: Ամբողջ ցավն այն է, որ եթե, Աստված մի արասցե, ես կամ, ասենք, Ավետիք Իշխանյանը լինեինք հանրապետության նախագահ, մենք նույնպես կնպաստեինք ֆեոդալիզմի պահպանմանը: Կարդալ ավելին