Քոչարյանը բացատրել է՝ ինչու է որոշել քաղաքականություն վերադառնալ (տեսանյութ)

Քոչարյանը բացատրել է՝ ինչու է որոշել քաղաքականություն վերադառնալ (տեսանյութ)
Քոչարյանը բացատրել է՝ ինչու է որոշել քաղաքականություն վերադառնալ (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիային» տված հարցազրույցում հաստատել է իր՝ քաղաքականություն վերադառնալու լուրերը:

«Համարեք, որ վերադարձել եմ, միանշանակ»,- ասել է Քոչարյանը:

Նա հայտարարել է, որ իր վերադարձը պայմանավորված է ներկայիս աշխարհաքաղաքական վիճակում երկրի առջեւ ծառացած արտաքին մարտահրավերներով և երկրի տնտեսական վիճակով:

«Ռուս-ամերիկյան հարաբերություններն ամենացածր մակարդակում են սառը պատերազմի ավարտից ի վեր, ԱՄՆ-Իրան հարաբերությունների վիճակը. ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ և խոստանում է նոր պատժամիջոցներ աշնանը: Թուրքիան 10 տարի առաջ ուրիշ երկիր էր, ձգտում էր անդամակցել ԵՄ-ին, և այդ ձգտումը սահմանափակում էր երկրի ագրեսիվությունը: Այսօր Թուրքիան այդ պարտավորություններից դուրս է, լրիվ ազատ է, տեսնում ենք՝ Էրդողանը ինչպես է վարվում հարևանների հետ: Մենք գիտենք Թուրքիայի հարաբերությունները Ադրբեջանի հետ, Վրաստանի ձգտումը՝ անդամակցել ՆԱՏՕ-ին: Այս ամենը կապեք, և տեսեք՝ ինչ է կատարվում: Ունենք կառավարություն, որը չի հասկանում՝ ինչ է կատարվում, չի հասկանում, որ չի կարելի վարկաբեկել բանակը, անում է քայլեր, որոնցով խախտում է հավասարակշռությունը, որը Հայաստանը գտել էր այդքան դժվարություններով»,- ասել է Քոչարյանը:

Քոչարյանի կարծիքով, ներկայիս կառավարությունը բավարար փորձ ու գիտելիք չունի այս ամենը տեսնելու համար:

Նա նաև քննադատել է Փաշինյանի կառավարությանը՝ տնտեսական քաղաքականություն չունենալու համար: «Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող փոխարինել տնտեսական քաղաքականությանը»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարն էլ միայն մարդկանց ձերբակալելով չի սահմանափակվում, այլ համակարգային մոտեցումներ է պահանջում:

 Քոչարյանը նաև ասել է, որ մեծ մտահոգություն ունի վարչապետի այն հայտարարությունների առնչությամբ, որ աշխարհը պետք է ադապտացվի Հայաստանի իրավիճակին: «Ռուսաստանն այն երկիրը չէ, ում հետ կարելի է այս լեզվով խոսել: Մեր ռազմավարական գործընկերն է, և մեր պաշտպանության հարցը մեծ վտանգի տակ կարող է լինել»,- ասել նա:

Քոչարյանը կարծիք է հայտնել, որ երկրում կատարվածն իրականում հեղափոխություն չի եղել, սակայն այդ եզրույթը շրջանառվում է, որպեսզի հնարավոր լինի շրջանառել նաև հակահեղափոխության գաղափարը և վերջինի դեմ պայքար մղել: Ըստ Քոչարյանի, իրեն փորձում են ներկայացնել որպես այդ հակահեղափոխության կենտրոն, որը, նրա խոսքով, իրականությանը չի համապատասպանում:

www.youtube.com/watch?v=S22ZNro_tys

Քոչարյանը չի բացառել, որ Վճռաբեկ դատարանը կարող է նորից ճաղերից այն կողմ ուղարկել իրեն, սակայն վստահություն է հայտնել, որ այս գործը, որտեղ իր դեմ մեղադրանքը նա շինծու է որակել, իր փաստաբանները ՄԻԵԴ-ում անպայման շահելու են: Նրա խոսքով, պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանում «ուղղակի ջախջախել է մեղադրանքը, քարը քարի վրա չեն թողել»:

Երկրորդ նախագահը անդրադարձել է նաև իր կարողության մասին խոսակցություններին, ասել, որ ինքը իրականում կապ չունի այն բազմաթիվ օբյեկտների հետ, որոնք վերագրվում են իրեն, այդ թվում՝ բանկեր, օդանավակայանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

«Այս իշխանությունը հնարավորություն ունի հատ հատ ստուգել: Գիտեմ, որ հիմա էլ փորձում են ստուգել և խոր հիասթափություն են ապրում ամեն ստուգումից հետո»,- ասել նա: