Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի վերանորոգման աշխատանքներին

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների շենքային պայմանները շարունակում են բարելավվել:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, որտեղ ավարտական փուլում են արտահիվանդանոցային և մեկ ստացիոնար բաժանմունքների վերանորոգման և վերազինման աշխատանքները:

Նախարարին է ներկայացվել պացիենտներին տրամադրվող բուժօգնությունն ու բուժանձնակազմի գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կատարվող փոփոխությունները: 2023թ. տարեվերջին վերանորոգումից հետո գործում է նաև «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի» նևրոտիկ բնույթի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման համար նախատեսված բաժանմունքը:

Անահիտ Ավանեսյանը շրջայցի ընթացքում ևս մեկ անգամ կարևորել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պատշաճ պայմանների ապահովումը` բացառելով կենտրոնում չվերանորոգված որևէ բաժանմունքի առկայությունը: