«Մաքսային Միություն կոչվածն ընդամենը ծխածածկույթ է». Վերլուծաբանները` իրավիճակի շուրջ

«Մաքսային Միություն կոչվածն ընդամենը ծխածածկույթ է». Վերլուծաբանները` իրավիճակի շուրջ
«Մաքսային Միություն կոչվածն ընդամենը ծխածածկույթ է». Վերլուծաբանները` իրավիճակի շուրջ

Մինչ իշխանությունները Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը միանալու աշխատանքների եզրափակիչ փուլ են գնում,  «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշում է, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ կադրային փոփոխությունները` վարչապետ, նոր կառավարություն,  մեծ հաշվով ոչ մի էական դերակատարում չի ունենա գործընթացի վրա:

«Հայաստանը հպատակվել է Ռուսաստանին եւ զիջել այն ամենը, ինչ կարելի էր եւ ինչը չէր կարելի զիջել, հետեւաբար, գործընթացի մեջ էական տարբերություն չկա,  այն բանից, թե օրինակ, Հայաստանի վարչապետն ինչ դեմքով եւ անուն-ազգանունով է հանդես գալիս»,- «Մեդիալաբին» ասում է Մեհրաբյանը:

Նրա խոսքով, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը համակարգի բուն՝  ոչ ֆորմալ հիերարխիայում որեւէ ազդեցոււթյուն չուներ եւ կատարում էր ցուցանակի, ֆասադի դեր:

«Այն, ինչ նա արտաբերում էր մինչեւ սեպտեմբերի երեքը, համակարգի ներսում էր որոշված, սեպտեմբերի երեքից հետո էլ նա նույն ջերմեռանդությամբ սկսեց պաշտպանել տրամագծորեն հակառակ դիրքորոշումը: Այնպես, որ անձերի փոփոխությամբ Մաքսային Միություն կոչվածի ճանապարհին որեւէ փոփոխություն չեմ տեսնում»,- Մեդիալաբին» ասում է նա:

Ըստ վերլուծաբանի, ֆասադի փոփոխությունը ոչ էական է եւ պայմանավորված է ձեւավորվող իրողություններում խնդիրների փոփոխությամբ:

«Եթե ասոցացման գործընթացը գնում էր եւ բանակցություններ էին ընթանում, այդ ֆասադը պետք էր, հիմա այն պետք չի»,-շարունակում է Ռուբեն Մեհրաբյանը: 

Հիշեցնենք, որ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀԿ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀ 13-րդ վաչապետի պաշտոնում, առաջադրեց եւ արդյունքում նշանակեց Հովիկ Աբրահամյանին:

Ըստ վերլուծաբանի, անձերի փոփոխությունն այլ բան է նշանակում:

«Հովիկ Աբրահամյանի թեկնածութունը համակարգի էության տեսանկյունից համակարգի համար ամենաազնիվ թեկնածությունն էր, նա մինչեւ ուղն ու ծուծը օլիգարխիկ կերպար է եւ փաստորեն համակարգը մի կողմ է դրել ձեւականությունները, աշխարհն ինտելեկտուալ դեմքով ներկայանալու ցանկությունը եւ ներկայանում է այն դեմքով, որը համապատասխանում է իր էության» ,-համոզված է Ռուբեն Մեհրաբյանը:

Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը նույնպես կարծում է, որ վարչապետի փոփոխությունը  որեւէ ազդեցություն չի կարող է ունենալ Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցության գործընթացի վրա: 

«Տարբերություն չկա եւ չի լինելու: Այդ փոփոխությունը որեւէ ձեւով կապված չէ Մաքսային Միության կամ եվրաինտեգրացման գործընթացների հետ »,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետը:

Նրա խոսքով, մինչեւ սեպտեմբերի երեքը, երբ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցոււթյուններն ընթացքի մեջ էին, Ֆյուլեն Հայաստանում հայտարարեց, որ Հայաստանը առաջ է անցնում Վրաստանից, սեպտեմբերի երեքից հետո Մաքսային Միությանն անդամակցելու գործընթացում էլ ռուսական կողմը նշեց, որ Հայաստանը շատ արագ է առաջ շարժվում:

Ըստ քաղաքագետի, սա վկայում է այն մասին, որ վարչապետի փոփոխությունը գործընթացի վրա չի կարող ազդել:

Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի երեքին Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բոլորի համար անսպասելի հայտարարեց Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելու մասին, այն դեպքում, երբ Հայաստանն ակտիվորեն բանակցում էր ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ: Ակնկալվում է, որ մայիսին, Հայաստանը կստորագրվի Ռուսաստանի գլխավորած միությանն ու միասնական տնտեսական գոտուն միանալու պայմանագիրը:

 Ինչ վերաբերվում է  Մաքսային Միությանն անդամակցելու հարցում Հայաստանի շտապողականությունը,  Սերգեյ Մինասյանի կարծքով, եթե  Հայաստանն այդ քայլին այս պահին չգնար,  կարող էր զրկվել նաեւ այդ հնարավորությունց:

«Քանի որ աս պահին թվում է, թե Ասոցացման պայմանագիրը տեսանելի ապագայում ստորագրել հնարավոր չէ, Հայստանը փորձում է այս ինտեգրացման գործընթացի մեջ մտնել , որ գոնե այս հնարավորությունը չկորցնի, որը իր խնդիրներով եւ շատ անհայտ կողմերով հանդերձ, Հայաստանի աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից ձեռնտու քայլ է, իսկ եթե Հայաստանը դա չանի այս փուլում, կարող է երկար ժամանակ մնալ անհասկանալի վիճակում»,-«Մեդիալաբին» ասում է Սերգեյ Մինասյանը:

Ի տարբերություն նրա, Ռուբեն Մեհրաբյանը Հայաստանի շահը չի տեսնում Մաքսային Միությանն անդամակցությունից:

Քաղաքագետի համոզմամբ,  Մաքսային Միություն կոչվածն ընդամենը ծխածածկույթ է  ամենակարեւորը՝ նախկին ԽՄ տարածքում Ռուսական կայսրության վերականգնումը քողարկելու համար:

Ռուբեն Մեհրաբյանը նաեւ համոզված է՝ Հայաստանի շտապողականությունը ոչ այնքան Հայաստանի կողմից է, որքան Ռուսաստանի:

«Հայաստանն արտաբերում է այն, ինչ ասում է Մոսկվան, որն էլ հենց արագացնում է  գործընթացները՝ հասկանալով, որ Արեւմուտքի դիրքորոշումն անխուսափելիորեն կոշտանլու է եւ իր ապագա առեւտրում նա ուզում է առավելագույնս կորզած լինել մինչ այդ մեծ խաղը»,-ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Վերլուծաբանը սա ոչ միայն Հայաստանի, այլեւ Եվրոպայի ձախողումն է համարում:

«Կյանքը ցույց տվեց , թե որքան մեծ թերություններ ուներ մոտեցումը, երբ առանց անվտանգության, առանց Ռուսաստանի հարց լուծելու առաջարկվում է մի ծրագիր, որի իրականացումը չի երաշխավորվում»,-«Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Քաղաքագետը հավելում է, որ դեռ մինչեւ սեպտեմեբերի երեքն մտահոգություն էր հայտնել այն մասին,  որ Ռուսաստանը դա ուղղակի թույլ չի տալու Հայաստանի կողմից ասոցացման պայմանագրի ստորագրման հնարավորությւոնը:

«Ամիսներ առաջ ես ասել էի, որ գալու է ժամանակը, երբ մենք կանգնելու ենք անվտանգության դիլեմայի առաջ, իսկ սոցացման պայմանագրի դեպքում այդ դիլեմայի լուծումը նույնիսկ չի էլ առաջարկվում»,-եզրափակում է Ռուբեն Մեհրաբյանը:

Էմմա Քալաշյան

© Medialab.am