Սննդամթերքի անվտանգության խախտումներ են արձանագրվել 22 դպրոցներից 5-ում

2023 թվականի սեպտեմբերի մեկից մեկնարկել է ուսումնական տարին և, հնարավոր ռիսկերը բացառելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Հայաստանի Հանրապետության 22 միջնակարգ դպրոցներում (2-ական դպրոց Երևանում և յուրաքանչյուր մարզում):

Ինչպես տեղեկացրին ՍԱՏՄ-ից՝ խախտումներ արձանագրվել են միայն 4 մարզի 5 դպրոցում:

Այսպես՝

Արմավիրի մարզի «Արմավիրի 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում սննդի կառույցը ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով, պատուհաններ չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր.

Կոտայքի մարզի «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է ժամկետանց հավի ձու և մածուն.

Շիրակի մարզի «Հոռոմի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է անհայտ ծագման հավի կրծքամիս՝ առանց մակնշման, առանց հայերեն մակնշման Чистое золото արևածաղկի ձեթ, ինչպես նաև կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված պանրային մթերք «Չանախ».

Շիրակի մարզի «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում խոհանոցի պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, պատերը գտնվել են ոչ նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերես՝ բացառելով պատշաճ մաքրելու ու ախտահանելու հնարավորությունը, առաստաղը պատված է եղել բորբոսներով: Հայտնաբերվել է նաև առանց հայերեն մակնշման հնդկաձավար, ոսպ և լոբի.

Տավուշի մարզի «Աչաջրի Հ․ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում դպրոցի ճաշարանի 4 աշխատակիցները ենթարկված չեն եղել նախնական բժշկական զննության։

Տրվել են խախտումները վերացնելու կագադրագրեր, իսկ ժամկետանց և անհայտ ծագմամբ սննդամթերքը տեղում ոչնչացվել է: