Ռուսաստանը Հայաստանին վերջնական վանել է իրենից

Ռուսաստանը Հայաստանին վերջնական վանել է իրենից
Ռուսաստանը Հայաստանին վերջնական վանել է իրենից

Կառավարությունը փաստորեն համաձայնվել է գազի գնի բարձրացմանը, չնայած խոստանում է սուբսիդավորել 30 %-ը: Այս մասին հայտարարել է Տիգրան Սարգսյանը, ով դրանով հանդերձ «չի քաղաքականացրել» հարցը՝ դիտարկելով այն զուտ սոցիալական տեսանկյունից:

Մինչդեռ, գազի գնի բարձրացումը նախեւառաջ քաղաքական հարց է: Առաջին հերթին, գնի տարբերությունը սուբսիդավորելու համար կառավարությանը հարկ կլինի կամ նոր արտաքին պարտք վերցնել, կամ էլ ծանրացնել հարկային բեռը: Երկրորդ, գազն ու նավթը Ռուսաստանի համար արտաքին քաղաքականության գլխավոր գործիքներն են, եւ տնտեսական շահույթն այստեղ երկրորդ պլանում է:

Փաստորեն, այն, որ կառավարությունը մտադիր չէ շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ, նշանակում է, որ Հայաստանը զիջումների չի գնացել Մոսկվային քաղաքական հարցերում: Հնարավոր է նաեւ, որ Երեւանն Արեւմուտքից հավաստիացում է ստացել, որ Հայաստանին կօգնեն հաղթահարել Ռուսաստանի գազային ճնշումը:

Օգնությունն, իհարկե, լավ է, սակայն այն, ըստ ամենայնի, նոր վարկերի տեսքով է լինելու: Չնայած չի բացառվում, որ այլ մեթոդներ էլ կկիրառվեն ռուսական «խողովակին» դիմադրելու համար: Օրինակ, Ուկրաինայում թերթաքարային գազի որոնումներին զուգահեռ Եվրոպան այնպիսի կոնֆիգուրացիա է ստեղծել, որտեղ ռուսական գազը Հյուսիսային հոսք գազամուղով հասնում է Եվրոպա, որտեղից էլ Ուկրաինան ավելի էժան է գնում, քան եթե գներ Ռուսաստանից:

Այժմ Ուկրաինան հետեւողական շարժվում է Եվրոպայի հետ Ասոցիացիայի պայմանագրի ստորագրության ուղղությամբ, եւ ռուսական գազը դադարել է Ուկրաինայում Ռուսաստանի գլխավոր զենքը լինել: Չի բացառվում, որ նույն բանը կառաջարկվի նաեւ Հայաստանին, եւ հենց այդ պատճառով է Հայաստանի կառավարությունը համաձայնվել հրեշավոր բարձրացմանը, առավել եւս, որ մի շարք ամերիկյան կազմակերպությունների արտոնագիր է տրվելՀայաստանում թերթաքար որոնելու համար:

Այսպես, թե այնպես, գազի թանկացումը Հայաստանում հակառուսական տրամադրությունների նոր ալիք է առաջ բերել: Առանց այդ էլ վերջին տարիներին Հայաստանի բնակչությունը դադարել է հավատալ «փրկիչ-Ռուսաստանի» առասպելին, իսկ Մոսկվայի քաղաքականությունը մեկը մյուսի հետեւից կոտրում է Ռուսաստանի հանդեպ վստահության մնացորդները:

Հայաստանին բռնի Մաքսային միության եւ Եվրասիական միության մեջ ներգրավելը, Հայաստանի հասցեին ռուս քաղաքական գործիչների ու փորձագետների անհարգալից արտահայտությունները, ղարաբաղյան հարցն Ադրբեջանի օգտին լուծելու Ռուսաստանի մտադրության մասին մամուլում հայտնվող տեղեկությունները փլուզել են հայ-ռուսական «բարեկամությունը»: «Ռազմավարական գործընկեր» արտահայտությունն արդեն հեգնանքով է հնչում:

Մոսկվան ինքն է Հայաստանին վանում իրենից, որի բնակչությունն ավանդաբար բարեկամաբար է վերաբերվում Ռուսաստանին: Հայաստանին ու Ռուսաստանին միլիոնավոր թելեր են կապում՝ մարդկային, տնտեսական, գործարար, եւ այդ թելերը Մոսկվան կտրում է մեկը մյուսի հետեւից: Մոսկվան հազիվ թե գազի գնի բարձրացումից տնտեսական շահեր ստանա: Ակնհայտ է, որ մարդիկ թանկ գազն ավելի քիչ են օգտագործելու: Սակայն այն անդառնալի քաղաքական կորուստների կհանգեցնի:

Նաիրա Հայրումյան

lragir.am