#Դարձիր_օրինակ կոչին այս անգամ միացել են Տավուշի մարզի Կողբ գյուղում բնակվող երկվորյակ քույրիկները

Մարդու իրավունքների պաշտպանի #Դարձիր_օրինակ կոչին այս անգամ միացել են Տավուշի մարզի Կողբ գյուղում բնակվող երկվորյակ քույրիկները։ Ներկայացնում ենք նրանց պատմությունը։

«Մենք՝ Սյուզաննա և Ռուզաննա Աղաբաբյան երկվորյակ քույրերն ենք:

Կյանքի գրեթե բոլոր պարագաներում, մենք հանդես ենք եկել միասին՝ այդպես, կարողնանում ենք ներկայանալ աշխարհին ավելի ամբողջական՝ կարծես մեկս մյուսիս լրացնում ենք: Այս անգամն էլ, բացառություն չէ:

Մենք՝ ծնվել ենք 1993 թվականի, հոկտեմբերի 13-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղում:

Կյանքի սկզբնական փուլում, 2 տարեկանում ձեռք ենք բերել հաշմանդամություն, հենաշարժողական խնդիր:

Տարիների հետ հասկացանք, որ մենք ինչ- որ տեսանկյունից «տարբերվում» ենք մեր համադասարանցիներից, հասակակիցներից, ընդհանրապես հասարակության մյուս անդամներից: Հասկացանք, որ մեր առաջ երկու ճանապարհ կա ուղենշված․ կա՛մ հաշտվել ստեղծված իրավիճակի հետ, ու այդ ամենից ելնելով մեկուսանալ ինքներս մեր մեջ, դուրս չգալով հասարակություն, կա՛մ ընտրել պայքարի ուղին և վայելել մեզ տրված կյանքը, ինչպես կա, իր բոլոր գույներով:

Մենք միանշանակ ընտրեցինք երկրորդը՝ պայքարի ուղին: Ստանալով մեր ծնողների և ամբողջ ընտանիքի լիակատար աջակցությունը, մեր կյանքի ճանապարհը գծագրելու, կառուցելու ցանկացած փուլում: Այս ամենը նայելով և ընդունելով, որպես ինչ-որ առումով հնարավորություն և առաքելություն, փոխելու, թե՛ մեր, թե՛ մեզ շրջապատող աշխարհի և մարդկանց կյանքը:

2002 թվականին ընդունվել ենք տեղի Բ. Սահակյանի անվան 2-րդ միջնակարգ դպրոցը: 2012-ին ավարտելով այն, նույն թվականին ընդունվել ենք Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի Մանկավարժության և հոգեբանության բաժինը, 2017 թվականին ավարտելով այն, նույն թվականին ընդունվել ենք Խ. Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի Սոցիալական մանկավարժության բաժինը:

2019 թվականին ստացել ենք մագիստրոսական աստիճան: Այս մասնագիտությունների ընտրությունն էլ պատահական չէր: Մեր ստացած մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու կարողությունները լավագույնս կարող էինք ծառայեցնել ի նպաստ հասարակության: Հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաներին, երիտասարդներին և նրանց ընտանիքներին աջակցման համար:

Զուգահեռաբար, մասնակցել ենք տարբեր սեմինար քննարկումների՝ առաջնորդության, կանանց իրավունքների և շահերի պաշտպանության, երիտասարդության խնդիրների թեմաներով:

2009 թվականից մինչև 2011 թվականը եղել ենք «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի սան, և մասնակցել իրենց կողմից կազմակերպված մի շարք միջոցառումների, ծրագրերի: 2010 թվականին մասնակցել ենք կենտրոնում իրականացվող «Երիտասարդ առաջնորդների դպրոց»-ի կողմից իրականացվող առաջնորդության դասընթացին:

2012 թվականին մասնակցել ենք ԹՈՒՄՈ կենտրոնի կողմից իրականացվող, TEDxKids@Yerevan երիտասարդ բանախոսների ամենամյա փառատոնին:

2013 թվականին «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղում աշխատել ենք կամավորական սկզբունքով, ստեղծելով բանավեճի ակումբ «Երիտասարդության ձայնը» խորագրով: 2013-2015 թվականներին աշխատել ենք կազմակերպությունում որպես ծրագրային աշխատակիցներ՝ «Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք» ծրագրում, որը միտված էր հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկվածությանը, սեփական իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև միջին մասնագիտական կրթության ապահովվմանը:

Այս ծրագրի շրջանակներում երիտասարդների համար իրականացրել ենք նաև միջին մասնագիտական կրթության դասընթացներ՝ վարսահարդարում, մատնահարդարում, սեղանի ձևավորում, չրագործություն մասնագիտություններով՝ համագործակցելով Նոյեմբերյանի պետական քոլեջի հետ: Դասընթացների ավարտին մասնակից երիտասարդներին տրվել է դիպլոմ:

2016- 2017 թվականին աշխատել ենք կազմակերպության կողմից իրականացվող «Հարավային Կովկասում աղետների և ռիսկերի նվազեցմանը միտված ծրագրում», զուգահեռաբար աշխատել ենք նաև «Ապրենք միասին, սովորենք միասին» ծրագրում, որպես սեմինարավարներ, ներառական կրթության թեմայով:

2018 թվականից մինչ օրս աշխատում ենք «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղում՝ որպես սոցիալական մանկավարժներ՝ մասնագիտական մեր կարողություններն ու հմտությունները տալով 3- 18 տարեկան երեխաներին, երիտասարդներին և նրանց ընտանիքներին:

2016թ. մասնակցել ենք նաև Տավուշի թեմի կողմից իրականացված կիրակնօրյա դպրոցի ուսուցիչների վերապատրաստման դասընթացին, որի արդյունքում ստացել ենք մանկավարժի որակավորում և շուրջ 2 տարի աշխատել «Հույսի կամուրջ»- ում՝ Նոյեմբերյանի և հարակից գյուղերի երեխաներին տալով հոգևոր կրթություն:

Ստացել ենք նաև միջին մասնագիտական կրթություն մատնահարդարի որակավորմամբ:

Շատ սիրելով լրագրությունը, որոշեցինք մեր ուժերը փորձել նաև այդ ոլորտում: Աշխատել ենք տարբեր կայքերում՝ womennet.am, Culture.am, Irakan. Info և այլ կայքերում: Ներկայումս աշխատում ենք Erevanstyle.com –ում՝ որպես Տավուշի մարզի թղթակիցներ:

Հավատարիմ մնալով մեր սկզբնական խոսքին, և դուրս գալով գործնական և թվագրված ոճից՝ Ձեզ ենք ուզում ներկայացնել մեր հետաքրքրությունների մեկ այլ շրջանակ․ մանկուց ստեղծագործում ենք և 2015 թվականին հրատարակել ենք մեր առաջին գիրքը՝ «Եռանկյունի» խորագրով, որտեղ զետեղված են շուրջ 10 տարվա մեր ստեղծագործությունները, ինչպես նաև մեր պապիկի՝ Գուրգեն Աղաբաբյանի անտիպ ստեղծագործությունները:

Այսօր էլ մենք մեր գրիչը վայր չենք դրել և շարունակում ենք ստեղծագործել…:

Իսկ այժմ, խոսենք նաև մեր ապագա պլանների մասին: Մենք մեծագույն նպատակ ենք դրել մեր առջև, խորացնելով մեր գիտելիքներն ու ամրապնդելով մեր կրթական մակարդակը, նաև դառնալ դասախոս, կրթել ապագա սերունդներին, և սովորեցնելով սովորել: Ինչպես նաև ունենք մի շարք այլ նպատակներ:

Մենք առաջնորդվում ենք հետևյալ կարգախոսով, որ կյանքում ոչինչ պատահական չի լինում և միանշանակ սա էլ պատահական չէ: Եվ, եթե վերադառնանք մեր սկզբնական խոսքին, ապա սա իսկապես մի նոր հնարավորություն է, ինքներս մեզ նորովի բացահայտելու, և այդ բացահայտումները ի նպաստ հասարակության ծառայեցնելու: Չէ, որ, եթե փորձենք աշխարհը նմանեցնել օվկիանոսի, ապա յուրաքանչյուրս այդ օվկիանոսի մի կաթիլն ենք»: