Արցախի Պաշտպանության բանակը անընդհատ նոր ու ցավոտ կորուստներ է հասցնում թշնամու զորքերին. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Սիրելի ՛ հայրենակիցներ Շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ և ծանր մարտերը:

Արցախի Պաշտպանության բանակը անընդհատ նոր ու ցավոտ կորուստներ է հասցնում թշնամու զորքերին, որոնց հարձակման նպատակը պարզ է ամբողջ աշխարհին:

Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարություն կոչվող ահաբեկչական հանցախումբն ու նրան անթաքույց աջակցող Թուրքիան ամեն կերպ փորձում են ներխուժել Արցախի Հանրապետության տարածք՝ այն ամբողջությամբ օկուպացնելու և հայ ժողովրդին ֆիզիկապես բնաջնջելու նպատակով:

Համոզված եմ, որ աշխարհում այլևս չկա որևէ մեկը, որ վերջնականապես չի համոզվել այս ճշմարտության մեջ։

Այդ հակամարդկային ոճրագործությունը կանխող ուժն այսօր մեր բանակն է, որը սխրանքներ է գործում մարտի դաշտում, ստիպում մեր թշնամուն հաշվի նստել իր իսկ ստեղծած առասպելների տապալման հետ։ Մեր զինվորները հերոսական պայքար են մղում մեր հողի ամեն սանտիմետրի համար: Իրենց նվիրումով են աչքի ընկնում մեր բոլոր հայրենակիցները՝ թե՛ Արցախում, թե՛ Մայր հայրենիքում, թե՛ Սփյուռքում:

Անգամ այս հաղթական պահերին էլ չպետք է թուլացնել զգոնությունը, պետք է շարունակել գործել սթափ ու հստակ՝ որպես նպատակ մեր ազգային ձգտումների իրականացումն ունենալով:Ես վստահ եմ, որ մեր այս ազատամարտն ըստ արժանվույն է գնահատվելու մեր ժողովրդի ապագա բոլոր սերունդների կողմից:

Վստահեցնում եմ, որ միասնաբար անելու ենք ամեն ինչ մեր համազգային իղձերն ու նպատակները իրականացնելու համար: Մեր միասնական սխրանքով ևս մեկ անգամ ապացուցում ենք, որ մեր ազատությունն ու անկախությունը սակարկելի չեն, ևս մեկ անգամ փաստեցինք, որ Արցախը հավերժ է: Կեցցե՛ մեր բանակը, Կեցցե՛ մեր ժողովուրդը, Կեցցե՛ մեր ազգային միասնությունը: