Հավանական եմ համարում նաև ցմահ ազատազրկման ձևով պատժատեսակների կիրառությունը․ Սահակյանը՝ Բաքվի դատավարությունների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը

– Տիկի՛ն Սահակյան, Բաքվում ավարտվել է ապօրինի պահվող 15 հայ գերիների կեղծ դատավարությունը, հաջորդ նիստը նոյեմբերի 3-ին է, որի ժամանակ կհնչի մեղադրական ճառը։ Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել, ու ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանի գործը դեռ չեն ավարտում։

– Նախ ի սկզբանե Ռուբեն Վարդանյանի գործի անջատումը տրամաբանական չի եղել, նախաքննությունն ընթացել է 16-ի գործով, միայն որոշակի փուլում է, որ քաղաքական որոշում է կայացվել տարանջատել Ռուբեն Վարդանյանի գործը։ Բայց արհեստականությունը ակնառու է նաև մեղադրանքներից ու օգտագործված ապացույցներից, ըստ էության երկու դատավարություններում էլ մենք տեսնում ենք նույն ապացուցողական բազայի կիրառում ու դատավարությունների կրկնություն։ 

Գործի անջատման համար մի քանի գործոններ կարող էին ազդեցություն ունենալ, այդ թվում նաև՝ Ռուբեն Վարդանյանի միջազգային ճանաչումը, միջազգային հարթակներում նախաձեռնությունները, որոնք ավելի տեսանելի էին դարձնում դատավարությունները միջազգային հանրության համար, ու, ինչու ոչ, մասնավոր փաստաբանի ներգրավումը, որից թեև Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, բայց գործի առավել համապատասխան փուլերում առավել արդյունավետ է եղել Ռուբեն Վարդանյանի հետ կոմունիկացիան, քան պետության կողմից նշանակված փաստաբանների, որոնք բացառապես գրպանային ծառայություններ են մատուցել։ Կարծում եմ՝ այս երկու գործոնն է նշանակություն ունեցել, սակայն, վերահաստատենք, որ այս տարանջատումը խիստ արհեստական է։ 

Եթե նայում ենք ընթացքին, ապա ասեմ, որ օբյեկտիվորեն առավել ակտիվ նիստեր տեղի են ունեցել հենց 15-ի դատավարությունում, օրինակ՝ մենք դիտարկել ենք, որ այս գործով շուրջ 100 դատական նիստ է ընթացել, ու նիստերի միջին տևողությունը 3 օր է։ 

Եթե համեմատելու լինենք Ռուբեն Վարդանյանի նիստերի հետ, նիստերի միջինացված միջակայքը 7-8 օր է, ու կարող ենք հետևություն անել, որ Ռուբեն Վարդանյանի գործով նիստերը երկու անգամ ավելի ուշ են նշանակում՝ 15-ի գործի համեմատ, ուստի նիստերի քանակով պայմանավորված, տրամաբանական է, որ 15-ի գործն ավելի վաղ պետք է ավարտվեր, քան Ռուբեն Վարդանյանի գործը, թեև 15 մեղադրյալի ներգրավմամբ գործի վարումը ենթադրում է ավելի ժամանակատարություն ու բարդություն ի համեմատ մեկ անձի ներգրավմամբ դատավարության։ Ինչևէ, ունենք գործերի այս տրամաբանությունը ու պետք է արձանագրենք հենց այդ փաստերը։ 

Սպասումների մասով․ նախ տարօրինակ է, որ մեղադրական կողմը նման սեղմ ժամկետ խնդրեց, չմոռանանք, որ հոկտեմբերի 31-ը վերջին աշխատանքային օրն էր, իսկ նոյեմբերի 3-ը հենց առաջին աշխատանքային օրն է։ Ստացվում է, որ մեղադրական կողմը ժամանակ է խնդրել ոչ աշխատանքային օրերի հաշվին, ու այնպիսի բացառիկ կարևորություն են տվել գործին, որ ոչ աշխատանքային ժամերին հանձնառել են մեղադրական ճառի նախապատրաստումն ու հրատապորեն դատարան ներկայացնելը ոչ աշխատանքային ժամերի հաշվին, բայց երբ նայում ենք բազմահատորությունն ու նիստերի քանակը, ապա հասկանալի է, որ անգամ երեք օրը բավարար չէ նորմալ պատրաստվելու համար։ Սա ինքնին ցույց է տալիս, որ մենք կեղծ ու արդեն իսկ գրված և մշակված պրոցեսների հետ ենք առնչվում, ու դատավարությունում տեղ գտած դիրքորոշումները որևէ առնչություն չունեն նախապատրաստվող փաստաթղթերի համար։ 

Մեղադրական ճառը լսելուց հետո, հասկանալի է, որ դատարանը պետք է ժամանակ տրամադրի նաև պաշտպանական ճառերի համար, հետաքրքիր կլինի դիտարկել նաև, թե հանրային պաշտպանները որքան են ողջամիտ գնահատելու պաշտպանական ճառեր ներկայացնելու համար ժամանակահատվածը, որին հաջորդելու է վերջին խոսքը, ու, կարծում եմ, առավելագույնը մինչև տարեվերջ ընթացող երկու դատավարություններում էլ կունենանք խորհրդակցական սենյակ հեռացած դատարան ու, ինչու ոչ, այդքան կանխատեսելի մեղադրական վճիռներ։ 

Իմ գնահատմամբ՝ պարոն Վարդանյանի գործը ևս շատ չի ձգձգվելու, ու, կարծում եմ, առավելագույնը շաբաթների ընթացքում ավարտվելու է նաև այդ գործի քննությունը։ 

– Այսինքն՝ մինչև տարեվերջ դատավճիռնե՞րն էլ կլինեն։

– Այո՛, ես ունեմ նման կանխատեսում, որ մեկ ամսվա ընթացքում նրանք կավարտեն պրոցեսները, ու մինչև տարեվերջ կարող ենք ունենալ նաև դատավճիռներ։ 

– Տիկի՛ն Սահակյան, իսկ պատիժը հայ ռազմագերիները պետք է կրեն Բաքվի՞ բանտում։

– Մեղադրանքների բնույթն այնպիսին է, որ սպառնում է կա՛մ երկարատև, կա՛մ ցմահ ազատազրկում, շատ հավանական եմ համարում նաև ցմահ ազատազրկման ձևով պատժատեսակների կիրառությունը, սակայն, ինչպես և ռազմագերիների պարագայում, երբ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, ու վերադարձին նպաստող միջազգային գործոնները սկսում են աշխատել, ադրբեջանական դատական ակտերը չեն խոչընդոտում անձանց վերադարձը պատժի կրման նկատառումներով։ 

Օրինակ՝ Խծաբերդի խմբի բազմաթիվ տղաների ազատազրկել էին 6 տարի ժամկետով, կար նաև 4 տարի, մինչդեռ նրանց հայրենադարձումը եղավ ավելի վաղ, քան պատժի փաստացի կրումն է։ Սա վկայում է, որ դատական ակտերը չեն խոչընդոտում քաղաքական գործընթացները, ի սկզբանե դատական ակտերը սպասարկում են քաղաքական որոշումներին, միևնույն է, դոմինանտ են հենց քաղաքական պայմանավորվածությունները, ուստի ես մեծ նշանակություն չէի տա պատժի կրման հանգամանքին, այստեղ չափազանց կարևոր է, որ իրավաքաղաքական պրոցեսներն այնպիսի համադրում ունենան, ինչը կապահովի հայ պատանդների ազատ արձակումը։ 

Այո՛, պատանդների, քանի որ նրանց Բաքվում գտնվելը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով, քաղաքական օրակարգային խնդիրներով, ու եթե դրանց լուծման առնչությամբ պայմանավորվածություններ լինեն, ապա միջազգային ճնշմամբ, կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ այդ խնդիրը կարող է իր լուծումը ստանալ։

– Ձեզ ճի՞շտ հասկացա, որ եթե այս մարդկանց հայրենադարձեն, ապա նրանք կարող են ազատվել այդ դատավճռի կրումից։

– Այո՛, որովհետև հայրենադարձումից հետո մենք չունենք որևէ հայ, որ պատիժ կրի Հայաստանում, ու նույն կերպ չունենք որևէ ադրբեջանցի, որ հայկական դատական ակտի հիման վրա շարունակի պատիժ կրել Ադրբեջանում։ Չեմ կարծում, որ նման տարբերակներ քննարկվեն, իհարկե, իրավական առումով դա հնարավոր է, բայց այս պահին չունենք նման նախադեպ։ 

Տեսականորեն կա հնարավորություն, որ Հայաստան վերադարձվեն՝ Հայաստանում պատիժը կրելու նպատակով, միջազգային համագործակցության դիտանկյունից պատժի կրման նպատակներով քաղաքացիության երկիր հանձնելու գործընթացներ գոյություն ունեն, սա շատ քաղաքական լուծում կլինի։ Իրավական հնարավորություն կա, բայց նախորդիվ դեպքերով մենք չունենք նման զարգացում։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am