«Պետք է շարունակենք զգոն լինել մինչև համավարակի վերջնական հաղթահարումը. Մարիա Կարապետյան

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Սիրելի քաղաքացիներ,

«Արտակարգ դրություն» կոչվող իրավական ռեժիմը ավարտվում է սեպտեմբերի 11֊ին, սակայն հարկավոր է շարունակել հակահամաճարակային կանոնները պահպանելը։

«Արտակարգ դրություն» կոչվող իրավական ռեժիմը այսքան երկար է շարունակվել միայն այն պատճառով, որ դրանից ավելի մեղմ համարվող «արտակարգ իրավիճակ» կոչվող «ռեժիմը» հնարավորություն չէր տալիս կիրառել ողջամիտ սահմանափակումներ։

Այսօր Ազգային ժողովում քննարկվող օրենքի փոփոխությունների իմաստը գրեթե նույն սահմանափակումները անհրաժեշտության պարագայում հնարավոր դարձնելն է «արտակարգ իրավիճակի» պայմաններում։

Մինչ այժմ կիրառված միայն երկու սահմանափակում կա, որոնք այնքան խիստ են, որ հնարավոր չէ կիրառել առանց «արտակարգ դրություն» հայտարարելու։ Դրանք են հեռախոսային զանգի փաստի միջոցով կոնտակտավորների տեղորոշման գործիքը և տնտեսական գործունեության դադարեցումը՝ սահմանված կանոնները խախտելու համար։ Սրանք այնպիսի իրավունքների են վերաբերում, որոնք կարելի է սահմանափակել միայն «արտակարգ դրության» ժամանակ։

Մի խոսքով պետք է շարունակենք զգոն լինել մինչև համավարակի վերջնական հաղթահարումը»։