«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը Վարշավայում ընթացող ԵԱՀԿ երկրներում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խնդիրներին նվիրված համաժողովում հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով Բաքվում պահվող հայ պատանդների խնդրին և Ադրբեջանի խտրական քաղաքականությանը։
Իրավապաշտպանը նշել է, որ հայ պատանդները թիրախավորվում են ոչ թե իրենց կատարած գործողությունների, այլ ինքնության համար։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը հայ պատանդներին զրկում է անկախ փաստաբաններ ունենալու հնարավորությունից, իսկ դատական գործընթացները չեն համապատասխանում անկախ և անաչառ դատավարության չափանիշներին՝ նմանվելով նվաստացման բեմականացված ծեսերի։
Սահակյանը հակադարձել է նաև Ադրբեջանի պատվիրակության այն պնդումներին, թե իբր հայ գերիներն օգտվում են իրենց բոլոր իրավունքներից, այդ թվում՝ փաստաբանների հետ կապ հաստատելու հնարավորությունից։
«Բաքուն մերժել է իմ՝ որպես պատանդների ՄԻԵԴ-ի կողմից լիազորված ներկայացուցչի, գերիների հետ հանդիպելու խնդրանքը։ Հինգ տարի շարունակ թույլատրված հանդիպումների թիվը զրո է։ Եթե սա է Ադրբեջանում «իրավունքների պաշտպանությունը», ապա կարելի է պատկերացնել այնտեղ արդար դատաքննության մյուս բոլոր իրավունքների վիճակը»,-հայտարարել է Սիրանուշ Սահակյանը։



















