«Զանգել էր հորը, ասել՝ տեղափոխում են Հադրութ, հրամանատար չունենք, ես հիմա ի՞նչ անեմ»․ 18-ամյա Սուրենը զոհվել է Հադրութի անտառներում

Նարինե Եսայանն արդեն երկու տարի է՝ խնամքով պահում է 18-ամյա որդու՝ Սուրեն Եսայանի չօգտագործած օծանելիքներն ու հագուստը, որ մնացել են նրա պահարանում շարված։ Մայրն ասում է՝ Սուրենը ընտանիքում սպասված երեխա էր, ծնվել է երեք քույրերից հետո։ Իրենց կրտսեր զավակի համար Եսայանները ոչինչ չեն խնայել, սակայն այսօր ապագայի երազանքների փոխարեն Սուրենից մնացել են միայն հիշողություններ։

Թեև Եսայանների տան ամեն անկյունը Սուրենին է հիշեցնում, այնուամենայնիվ, նրա անունը տանեցիներն այսօր զգուշորեն են տալիս, որպեսզի ցավ չպատճառեն մեկը մյուսին։ Միակ բանն էլ, որ ընտանիքին ուժ է տալիս՝ սպասումն է։ Սպասում են՝ իրենք էլ չիմանալով, թե ինչի:

«12 տարեկան էր, երբ որոշեց ընկերոջ հետ գնալ Հնդկաստանի Կալկաթա քաղաքի Հայոց մարդասիրական ճեմարանում սովորելու, բայց էնտեղ ուսումը կիսատ թողեց, էկավ, կարոտել էր Հայաստանը․․․

Սուրենս 5 լեզու գիտեր ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, հնդկերեն ու գերմաներեն։ Ինքը կարար մնար Շվեյցարիայում սովորեր, բայց հետ եկավ ու ընդունվեց Ֆրանսիական համալսարան, իսկ հետո գնաց ծառայելու, ասում էր՝ ամեն գնացող որ մնա, էս երկրի վիճակը ի՞նչ պիտի լինի»,- հիշում է 57-ամյա Նարինե Եսայանը։ 

Սուրենն ընդամենը 2 ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է 2020 թվականի պատերազմը: Հուլիսի 23-ին էր զորակոչվել բանակ, ծառայել է Ջրականում, որտեղ կռվել է նաև սկզբում որպես դիպուկահար։ Մայրն ասում է՝ որդին ամբողջ ընթացքում համոզում էր, որ առաջնագծում չէ, իրենք էլ հավատում էին, և հենց դա էր իրենց ամենամեծ սխալը։

«27-ի առավոտ դեռ անկողնում էի, երբ մեր բարեկամներից մեկը զանգեց ու սկսեց Սուրենից հարցնել։ Ասեց՝ Նարինե, Սուրենի հետ խոսե՞լ եք, ասեցի՝ էսօր՝ չէ, ինչի՞, ասեց՝ դե որ սենց խառն ա վիճակը, դրա համար: Ասեցի՝ ո՞նց խառն ա, ու անկողնուցս վեր թռա, գնացի ուղիղ հեռուստացույցի մոտ ու արդեն հասկացա՝ ինչն ինչոց ա»։

Հոկտեմբերի 5-ին 18-ամյա Սուրենին իր ընկերների հետ տեղափոխել են Հադրութ։ Մոր խոսքով՝ միայն այդ օրն է Սուրենը հորը պատմել, թե ինչ է իրականում կատարվում, էդ էլ միայն այն պատճառով, որ խորհրդի կարիք է ունեցել, մնացել էին առանց հրամանատարի։

«Զանգել էր հորը, ասել՝ պա՛պ, մի հատ մամայից հեռու գնա, բան եմ ասում։ Ասել էր՝ մեզ տեղափոխում են Հադրութ, բոլորը ցրվել են, հրամանատար էլ չունենք, ես հիմա ի՞նչ անեմ։ Ամուսինս ասել էր՝ ո՞նց թե հրամանատար չունեք, հետո զանգել, գտել էր հրամանատարին։

Բայց էդ հրամանատարն էլ ամսի 7-ին վիրավորվել ա, ու մեկ ուրիշին են բերել իրա փոխարեն։ Էդ նոր հրամանատարն էլ փախել ա, երեխեքին անտեր թողել Հադրութի Վանք գյուղի անտառներում»,– պատմում է Նարինե Եսայանը։

Վերջին զանգը Սուրենից եղել է հոկտեմբերի 10-ին, սակայն ընտանիքը նրան սկսել է ավելի ուշ փնտրել։ Ասում են՝ պարզապես տեղեկություններ կային, թե Հադրութի կապերն էին խափանվել, և հնարավոր չէր զանգել։ Ընտանիքի խոսքով՝ սպասման ամեն օրը մի հավերժություն էր թվում, իսկ անհանգստությունն օր օրի ավելի էր մեծանում։

«Ջաբրայիլից Հադրութ գնալու ճանապարհին ամուսնուս ընկերներից մեկը, որ պատահաբար էնտեղ ա լինում, հարցնում ա Սուրենի մասին՝ իմանալով, որ ինքն էնտեղ ա ծառայում։ Էդ պահին Սուրենն արձագանքում ա, հետո իրենք երկուսով նկարվում են էնտեղ, ու էդ նկարը ամսի 14-ին հասավ մեզ։

Ես որ էդ նկարը տեսա, ոնց որ մարմնիս 220 վոլտ հոսանք միացնեին։ Ոնց որ Սուրենս չլիներ՝ ցեխոտ, կեղտոտ ու շատ փոխված։ Մինչև էդ նկարը տեսնելը մենք չէինք պատկերացնում՝ ինչ էր կատարվում․․․ էդ փաստորեն տղայիս վերջին նկարն էր»։

Ընտանիքն ասում է՝ ոչ ոք Սուրենին զոհված չի տեսել, չկան նրա զոհվելու մանրամասները, պաշտոնական տվյալները ևս լռում են՝ չկա մի տվյալ, որ կփաստի՝ Սուրենը զոհվել է։ Եղել են միայն տեղեկություններ տարբեր զինվորներից՝ մեկն ասել է, թե Սուրենը գերի է, մյուսը՝ վիրավոր է և այլն։ Այդպես մինչև դեկտեմբերի 1-ը, երբ ընտանիքը զանգ է ստացել։

«Մեզ կանչեցին էն պատճառով, որ ինչ-որ զինվորի համազգեստի գրպանում եղել են Սուրենի հեռախոսն ու փաստաթղթերը, բայց ամուսինս նկարով բացարձակ չէր ճանաչել։ Հետո մեզ ասեցին՝ կամ սպասում եք ԴՆԹ-ի պատասխանին, կամ վերցնում եք մարմինը։ Մենք միանշանակ որոշեցինք սպասել»։

Դեկտեմբերի 20-ին, սակայն, հերքվել է, որ դա Սուրենի մարմինն է, և ընտանիքը ստիպված է լինում սպասել հաջորդ փորձաքննության արդյունքներին։ Եվս երկու բացասական արդյունք ստանալուց հետո Եսայաններին կրկին հորդորել են սպասել։ Հունվարի 3-ին, սակայն, ընտանիքը զանգ է ստացել՝ Սուրենի մարմինն է, եկեք տարեք։

«Երրորդ անգամ ես անալիզ տվեցի, էլի չհամընկավ, ասեցին՝ մոր հետ ընդհանրապես չի համընկնում։ Արդեն դեկտեմբերի 28-29-ն էր, մեզ ասում էին՝ էլի սպասենք, բայց մենք չէինք ուզում, որովհետև արդեն երեք անգամ բացասական պատասխան էինք ստացել։

Հունվարի 3-ին զանգեցին, ասեցին՝ համընկնում ունեք, ձեր որդու մարմինը էկեք տարեք։ Ասեցինք՝ բա ո՞նց երեք անգամ չէր համընկնում, ասեցին՝ դե շատ էիք ճնշում գործադրում»։

Նարինե Եսայանի խոսքով՝ մարմինն ամեն դեպքում վերցրին՝ հոգու խորքում հույս ունենալով, որ գուցե Սուրենը մի օր կվերադառնա։

«Ուղղակի մտածում ես՝ բա որ քոնն ա, ո՞նց թողես գնաս։ Մտածեցինք՝ բերենք, մեր անելիքը անենք, ու որ ինքը գա, թող գա»,– ասում է մայրն ու հավելում՝ Սուրենը շատ յուրահատուկ էր։ «Միշտ կանգնում էր հայելու առաջ, ասում էր՝ նենց մարդ եմ դառնալու, որ ինձանով հպարտանաք»։ 

Նարինե Եսայանը հիշում է՝ որդին բնավորությամբ շատ հանգիստ էր, հավասարակշիռ, վերին աստիճանի պարտաճանաչ ու նաև գաղտնապահ։ Փայլուն գիտելիքներ ուներ, շատ էր սիրում հատկապես հայոց լեզուն։ Սուրենի հետ խոսող ցանկացած մարդ գիտեր՝ պիտի լեզվական սխալներ թույլ չտար, որովհետև Սուրենը միշտ ուշադիր էր դրանց նկատմամբ։ Մոր խոսքով՝ այսօր ինքն է որդու փոխարեն մյուսներին ուղղում․ չէ՞ որ Սուրենն էդպես կվարվեր։

«Առաջին անգամ որ գնացի Հնդկաստան, ճեմարանի կառավարիչին՝ հայր սուրբին, հարցրի՝ ո՞նց ա տղաս իրան դրսևորում։ Մի պահ լարվեցի, որովհետև երկար լռեց, հետո գլուխը բարձրացրեց, ասեց՝ Սուրենի պես ևս երկու աշակերտ ունենայի, աշխարհի երջանիկը կլինեի։ Ես լաց եղա էդ պահին»,– ասում է մայրն ու հավելում՝ նաև ճեմարանի երգչախմբում էր երգում։

Թեև ունեցած գիտելիքներին, Սուրենը շատ համեստ էր, երբեք ցույց չէր տալիս իր առավելությունները։ Հայրենիքի հանդեպ սերն էլ էր լռությամբ կրում, միայն երբեմն փոքրիկ քայլերի միջոցով էր զգալ տալիս այն։

«Մի օր ասեցի՝ Սուր ջան, գալիս եմ մոտդ Հնդկաստան, քեզ ի՞նչ բերեմ, բալես: Ասեց՝ ուտելու ինչ ուզում ես բեր, բայց մի բան պիտի խնդրեմ՝ էն մեր պատուհանի տակի բարդու մոտից ինձ մի բուռ հող բեր… Ասեցի՝ ի՞նչ բերեմ, չհասկացա՝ ճի՞շտ եմ լսել, թե՞ չէ, ասեց՝ հող, մի բուռ հող։ Ու ես էդ հողը դեկտեմբեր ամսին բարդու տակից փորեցի, տարա։ Ընկերներն ասում էին՝ սուրբ մասունքի պես էր պահում։

Գիտե՞ք՝ ինքը հենց էդ հողի, հայրենիքի համար գնաց։ Սուրից հետո մենք իրարով ենք ապրում։ Աղջիկս որ զանգում ա, ասում ա՝ մա՞մ, լա՞վ ես, ասում եմ՝ հա՛։ Եթե իրանք ինձ կոտրված տեսնեն, իրանք էլ են կոտրվելու, իսկ ես դա չեմ ուզում։ Հիմա կուզեի իրան ամուր գրկեի ու բաց չթողնեի, ոչ մի բան չէի ասի, մենակ գրկեի․․․ Սուրս, բալես»,– հուզվում է Նարինե Եսայանը։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am