Շատ վտանգավոր է․ ՀՀ-ում կոչ են անում՝ ջարդե՛նք, հե՛տ շպրտենք․ Ադրբեջանը դա է ուզում, որ ռազմական գործողությամբ ներխուժի․ Ալեքսանդր Բոժկո. տեսանյութ. Factor.am

Factor TV-ն տեսակապով զրուցել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյի հետ

-Պարո՛ն Բոժկո, ծանր պատերազմից դուրս եկած Հայաստանն այս օրերին ադրբեջանական սադրանքների է ենթարկվում, որի զինվորականները ներխուժել են ՀՀ տարածք։ Մեր դաշնակից համարվող ՌԴ-ն հրապարակայնորեն չի աջակցում Հայաստանին, չի դատապարտել ադրբեջանական սադրանքը, ՀԱՊԿ-ն՝ նույնպես։ Փոխարենը դա արել են դաշնակից չհամարվող Ֆրանսիան և ԱՄՆ-ն՝ Բաքվին կոշտ պահանջ ներկայացնելով՝ դուրս գալ ՀՀ տարածքից։ Չափազանցվա՞ծ են այն սցենարները, որ Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ զորք մտցրած Ռուսաստանը հավակնություն ունի նաև ՀՀ-ի սուվերեն տարածք Սյունիքի նկատմամբ՝ Ադրբեջանի ձեռքով։

-Սյունիքը Հայաստանի ադամանդն է։ Ինձ համար տարօրինակ է․ ճիշտն ասած՝ Հայաստանի բոլոր իշխանությունները համապատասխան ուշադրություն չէին դարձնում Սյունիքին։ Ես անգամ չեմ ասում, թե ինչ հարստություններ կան այնտեղ՝ մոլիբդեն, պղինձ և այլն։ Բացի այդ՝ շատ կարևոր է որպես տրանսպորտային հանգույց՝ այնտեղ հատվում են Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը։ Այնպես որ՝ այդ շրջանը շատ կարևոր է քաղաքական և տնտեսական տեսակետից, և պետք է շատ մեծ ուշադրություն դարձնեին Սյունիքին։ Տարօրինակ չէ, որ Սյունիքը դարձել է շատ կարևոր կետ և՛ Ադրբեջանի, և՛ Ռուսաստանի ծրագրերում, և պատահական չէ՝ պատերազմն ավարտվել է, բայց գործողությունները շարունակվում են և ընդունել են ուրիշ ձևեր։

Օրինակ՝ այդ տարածք է մտել ադրբեջանցիների մեծ զորախումբ, և գիտեք ինչ՝ այդ երևույթն ինձ հիշեցնում է այն պատկերը, թե ինչպես էր Ռուսաստանը գրավում Ղրիմը։ Հիշո՞ւմ եք՝ այսպես կոչված կանաչ մարդուկների պատմությունը, որ ներխուժում էին Ղրիմ։ Ինչ-որ տեղ մենք կարող ենք Սյունիքի Սև լճի տարածքում կատարվողը համեմատել Ղրիմի հետ։ Այս դեպքին շատ ուշադիր է պետք մոտենալ։ Ես լսում եմ, այդպիսի կոչեր են անում՝ «Եկեք ջարդե՛նք, շպրտե՛նք և այլն»․․․ իմ կարծիքով՝ Ադրբեջանը հենց դրան է սպասում, որպեսզի անզգույշ քայլեր լինեն ՀՀ-ի կողմից, որ հետո ընդլայնի ռազմական գործողությունները և իրագործի իր ծրագիրը՝ ներխուժի Հայաստանի տարածք։ Շատ վտանգավոր է՝ իմ կարծիքով։