Չես կարող ուրիշ ձևով սովորեցնել, մեկ այլ ձևով գնահատել,  կեղծիքի ռիսկը ևս բարձրանում է . Սերոբ Խաչատրյանը՝ քննական նոր ձևաչապի մասին

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, հաջորդ տարվանից ավարտական քննությունները կանցկացվեն նոր ձևաչափով՝ բացառությամբ 12-րդ դասարանի, որտեղ հանրակրթության պետական չափորոշիչը դեռ չի ներդրվում, բացի Տավուշի մարզի դպրոցներից։ Կխնդրեմ անդրադառնաք 4-րդ դասարանի ավարտական քննությունների գնահատմանը, որը իրականացվում է արտաքին գնահատման միջոցով։ Ի՞նչ ասել է արտաքին գնահատում:

– Արտաքին գնահատում ասելով՝ նկատի ունենք, որ այդ գնահատումը կարող է իրականացվել նախարարության կողմից ընտրված որևէ կազմակերպության կողմից, օրինակ՝ կլինի ինչ-որ գնահատման կենտրոն, կարող է լինել Գնահատման ու թեստավորման մեր պետական կենտրոնը: 

Բայց այստեղ մի փոքր խնդիր կա․ քանի որ մենք տարրական դպրոցում ներդրել ենք ֆորմատիվ գնահատումը, այսինքն՝ թվանշան չկա, կա միայն նկարագրական գնահատական, իհարկե, այս տեսակի գնահատումը երեխաների համար կարող է մի քիչ անսպասելի ու սթրեսային լինել: Բայց ես կողմ եմ, որ 4-րդ դասարանի գնահատման վրա ուշադրություն դարձվի, որովհետև այդ մակարդակում խնդիրների բացահայտումը մեզ շանս է տալիս շտկել դրանք: Ինչքան շուտ բացահայտենք խնդիրը, այնքան լավ: 

Մյուս կողմից, իհարկե, շատ լավ կլինի, որ այդ թեստերը մաքսիմալ համապատասխանեցվեն Teams ստուգատեսին, որովհետև Հայաստանի 4-րդ դասարանցիները մասնակցում են դրան, ու այնտեղ կա երկու առարկա՝ «Մաթեմատիկա», «Բնագիտություն»։ Լավ է, որ «Ես և շրջակա աշխարհը» մտցված է այդ արտաքին գնահատման մեջ: Կրտսեր դասարանում աշակերտները բնագիտական գիտելիքները ստանում են հենց այդ առարկայի միջոցով, ու հենց այդտեղ Հայաստանն ունի նահանջ, որովհետև Teams-ի վերջին ստուգատեսում Հայաստանի աշակերտներն 9 կետով նահանջել են ու 58 երկրի մեջ մոտավորապես 46-րդ տեղում էին: 

– 9-րդ դասարանում փոփոխվել է քննությունների ձևաչափը։ Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաներից սովորողներն իրենց ընտրությամբ կարող են հանձնել թեստային կամ նախագծային աշխատանք։ Նոր ձևաչափ է ներդրվել «Պատմություն» և «Գրականություն» առարկաների համար` էսսե գրելու եղանակով։ Սովորողը պատմական իրադարձությունները կապում են գրական ստեղծագործությունների և իրավիճակների հետ՝ դրսևորելով վերլուծական և ստեղծագործական մտածողություն։ 

– Այստեղ մենք ունենք որոշ անհավասարություններ, որովհետև կան դպրոցներ, որ հագեցած են լաբորատորիաներով, բայց կա նաև այլընտրանքի հնարավորություն՝ որ դպրոցները չունեն լաբորատորիաներ, կարող են նախագծայինով հանձնել քննությունները: Այստեղ հիմնական հարցը «Գրականություն» ու «Պատմություն» ինտեգրված էսսեն է, ինչը բավական բարդ է լինելու, որովհետև էսսե գրելու համար աշակերտները պետք է բավարար պաշար ունենան՝ և՛ գեղարվեստական գրքեր կարդան, և՛ պատմական գրքեր, ինչը, ցավոք, մեծ մասն այսօր չունի: 

Բոլորս ենք տեսնում, թե ինչ վիճակում է գրավոր խոսքն այսօր. կոպտագույն սխալներ, մտքերը ձևակերպելու աղքատություն, որովհետև աշակերտները հիմնականում իրար հետ շփվում են էմոջիներով, լատինատառ տեքստերով, ձայնային հաղորդագրություններով, ինչի պատճառով էլ գրավոր տեքստը հետ է գնացել: 

Մի կողմից քննության այս ձևաչափը կարող է ստիպել նրանց, որ մի քիչ շատ աշխատեն իրենց գրավոր խոսքը բարելավելու վրա, բայց մյուս կողմից էլ, ըստ էության, մենք հիմա կորցնում ենք կարդացող միտքը, այսինքն՝ մարդիկ սկսել են չկարդալ, ամեն ինչ հարցնում են արհեստական բանականությունից կամ տեսանյութերից: Ես մտավախություն ունեմ, որ այս կարգի քննությունը բերում է կեղծիքների ռիսկեր, օրինակ՝ թեմաների արտահոսք կարող է լինել, որոշ մարդիկ նախօրոք կարող են պատրաստված գալ, որովհետև եթե նշաձողը բարձրացնում եք, ապա կեղծիքի ռիսկը ևս բարձրանում է: 

Մենք նաև խնդիր ունենք ուսուցիչների մասով․ նրանք ևս դեռ պետք է սովորեն էսսե գրել՝ այն էլ միջառարկայական, ինտեգրված, որովհետև մի բան է մեկ առարկայից գրելը, մեկ այլ՝ ինտեգրված: Երկու առարկայից էսսե գրելը չափազանց բարձր նշաձող է, սա նաև ենթադրում է, որ այդ երկու առարկայի ուսուցիչները պետք է համագործակցեն իրար հետ: Որքանո՛վ այդ համագործակցությունն արդյունավետ կլինի, որքանո՛վ այդ երեխաները կկարողանան այդ երկու առարկայի ինտեգրումն անել, դա իհարկե բարդ է, բայց պարզ է, որ առաջիկա տարիներին բավական ցածր որակի էսսեներ ենք ունենալու, ու, բնականաբար, կան նաև կեղծիք ռիսկեր:

– Ճի՞շտ եմ հասկանում, որ երկու առարկայի թեմայի միաձուլում պետք է անի սովորողը, բայց ստացած գնահատականը երկու առարկայի համար է նշանակվելու:

– Այո՛, Տավուշի մարզում առաջի տարվա թեման եղել է, դա իհարկե փորձնական, Նեմեսիսը: Դա և՛ պատմության թեմա էր, և՛ գրականության մեջ արծարծված: Այդպիսի թեմա են ընտրում, օրինակ՝ Պապ թագավոր, որի կերպարը երկու տեղում էլ կա, ու սովորողը պետք է Պապ թագավորի մասին պատմագեղարվեստական ինչ-որ էսսե գրեր: Բայց, կրկնում եմ, որ մենք շատ-շատ հեռու ենք, մի քանի տարի կպահանջվի որակյալ արդյունքի համար, որովհետև նախ պետք է ուսուցիչները հմտանան։ Սա այն պահն է, որ ուսուցիչները դեռ պետք է սովորեն, թե ի՛նչ տալ աշակերտին, որպեսզի հետո պահանջեն, դասագրքերի հեղինակներն էլ պետք է դա նկատի ունենան արդեն ու այնպես գրեն դասագիրքը, որպեսզի այդ թեմաները էսսեներում կարողանան օգտագործել: 

– Պարո՛ն Խաչատրյան, իսկ ձեր գնահատմամբ՝ այս նոր չափորոշիչներով ավարտական քննությունների գնահատումը որքանո՞վ է արդյունավետ սովորողի գիտելիքների իրական մակարդակը ստուգելու համար:

– Հիմա փորձ է արվում այդ նախագծային ուսուցմամբ, էսսեներով գնալ ստուգման այնպիսի ձևերի, որոնք պահանջում են մի քիչ ավելի կոմպլեքս հմտություններ, ասենք, ավելի քննադատական մտածողություն, գրավոր խոսք, մտքերի շարադրանք, դրանք, իհարկե լավ են, որովհետև թեստային ինդուստրիան ամեն ինչն աղքատացրեց, բայց դրա լավն էլ այն էր, որ ավելի օբյեկտիվ էր թեստերով ստուգելը: 

Բայց ճիշտ կլիներ, որ մենք հենց սկզբից այս մասին հայտարարեինք, նոր-նոր ասում են, թե ինչպես պետք է լինեն քննությունները, բայց կրթական ծրագրերի դիզայնում ճիշտ տարբերակն այն է, որ դու պետք է սկսես վերջից՝ գնահատումից: Եթե դու հենց սկզբում ասեիր, որ 4-րդ դասարանի համար մենք սա ենք անելու, 9-րդի համար՝ սա, 12-րդի համար՝ սա, այ հիմա գրեք չափորոշիչներ, մարդիկ իմանալով, թե ինչպես է գնահատվելու, ըստ այդմ կգրեին չափորոշիչներ, դասագրքի հեղինակները, իմանալով գնահատման չափորոշիչները, ըստ այդմ կգրեին գրքերը, ուսուցիչները ըստ այդմ կպատրաստվեին: 

Հետադարձ պլանավորում պետք է լինի կրթության ոլորտում, այսինքն՝ դու վերջից պետք է գաս, իսկ մենք ամեն ինչ անում ենք, հետո նոր հայտարարում, թե ինչպես պետք է գնահատվի: Այսինքն՝ չկա գնահատման ու ուսուցման համարժեքություն, ինչ դու սովորեցնում ես, գնահատումն էլ պետք է համապատասխանի քո սովորեցրածին, դու չես կարող ուրիշ ձևով սովորեցնել, մեկ այլ ձևով գնահատել: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am