Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա ընկերների ձերբակալությունն անհասկանալի է եւ դատապարտելի. Նիկոլ Փաշինյան

Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա ընկերների ձերբակալությունն անհասկանալի է եւ դատապարտելի. Նիկոլ Փաշինյան
Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա ընկերների ձերբակալությունն անհասկանալի է եւ դատապարտելի. Նիկոլ Փաշինյան

Այսօր «Հիմնադիր խորհրդարանի» դեմ իրականացված գործողություններին է անդրադարձել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ Սեֆիլյանի եւ ընկերների ձերբակալությունն անհասկանալի ու դատապարտելի է: 

« «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները հրապարակային հայտարարել էին, որ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ապրիլքսանչորսյան միջոցառումների ժամանակ որեւէ ակցիա չեն իրականացնելու եւ համաձայնվել էին այդ օրվա հանրահավաքն անցկացնել Երեւանի Կենտրոնից հեռու` Էրեբունի համայնքում,-նշել է Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում:-

Այս ֆոնին նրանց ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրության մեջ մեղադրելը թվում է անհիմն եւ մերկապարանոց»:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակ մուտք գործած շուրջ երկու տասնյակ իրավապահ մարմինները խուզարկություն իրականացնելու պահանջ են ներկայացրել` ըստ հայտարարության խուզարկության հիմք հանդիսացող որեւէ փաստաթուղթ չտրամադրելով:

«Հիմնադիր խորհրդարանի» տարածած հաղորդագրությունների համաձայն, միառժամանակ խուզարկություններ են սկսվել կառույցի անդամների` Կարո Եղնուկյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի բնակարաններում: Ավելի ուշ բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, նրա եղբայր` Թորոս Սեֆիլյանը,  Պավել Մանուկյանը, ինչպես նաեւ Գյումրի, Վանաձոր եւ Կապան քաղաքների գրասենյակների պատասխանատուները:

Ծավալվող իրադարձություններից ժամեր անց, ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, վերջիններս ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով։