Աբխազիայի եւ Վրաստանի էներգետիկ անվտանգությունը՝ սպառնալիքի տակ

Աբխազիայի եւ Վրաստանի էներգետիկ անվտանգությունը՝ սպառնալիքի տակ
Աբխազիայի եւ Վրաստանի էներգետիկ անվտանգությունը՝ սպառնալիքի տակ

Ինգուրիի հիդրոէլեկտրակայանը հիմնովին վերանորոգման կարիք ունի, ինչը կարող է ամիսներ եւ անգամ տարիներ պահանջել:

Վրաստանի եւ Աբխազիայի հոսանքի մատակարարման հարցում կարեւոր դեր ունեցող Ինգուրիի ՀԷԿ-ում վերանորոգման լայնամասշտաբ աշխատանքների հեռանկարը հարակից տարածքներում էներգետիկ անվտանգության խնդիրն է բարձրացրել:

Դե ֆակտո սահմանի երկու կողմերի երկանքով ձգվող ՀԷԿ-ը աբխազա-վրացական միակ համատեղ նախագիծն է: 

Վրաստանի եւ Աբխազիայի հարաբերությունները խիստ լարված են մնում 1990-ականների սկզբին վերջինիս՝ Վրաստանի տարածքից անջատվելուց եւ իրեն անկախ պետություն հռչակելուց հետո: 2008 թվականին Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի անկախությունը, սակայն Վրաստանը շարունակում է այն իր տարածքի մասը համարել: 

Փորձագետները նախազգուշացնում են՝ ՀԷԿ-ը, որը Վրաստանում անվանում են Ինգուրի, իսկ Աբխազիայում՝ Ինգուր, եւ որը չի դադարել աշխատել իր ստեղծման օրից՝ 1978 թվականից, կապիտալ վերանորոգման կարիք ունի: Վերանորոգման լայնածավալ նախագիծը կարող է հավելյալ սպառնալիք դառնալ վրաց-աբխազական փխրուն համագործակցության համար:  

Ինգուրիի ՀԷԿ-ն ունի աշխարհում ամենամեծ՝ 272,5 մետր բարձրությամբ եւ 800 մետր երկարությամբ բետոնե ամբարտակներից մեկը: Հսկայական ամբարտակը, ջրամբարը եւ ջրահեռացման թունելի մի մասը տեղակայված են վրացական կողմում, իսկ ՀԷԿ-ի շենքը, ամբարտակների հարակից չորս շինությունները եւ թունելի մի մասը՝ աբխազական կողմում:

Երկու կողմն էլ կառավարում են համակարգը՝ կիսելով ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան, ինչը ստիպում է նրանց համագործակցել եւ մշտական կապ պահպանել:

«[Կողմերը] նման են սիամական երկվորյակների, որոնք չեն կարող բաժանվել», – ասում է Վրաստանի պետական համալսարանի միջազգային տնտեսագիտական դպրոցի տնօրեն Էրիկ Լիվնին: 

«Այս պահին Ինգուրիի հիդրոէլեկտրակայանը Վրաստանն ու Աբխազիան իրար կապող մի քանի օղակներից մեկն է… Այլ ոլորտներում հակամարտության կողմերի միջեւ համագործակցությունն ընդհանրապես բացակայում է: Ես այլ ապագա չեմ տեսնում Վրաստանի եւ Աբխազիայի համար, բացի անմիջականորեն շփվելը եւ միասին խնդիրներ լուծելը», – հավելում է Լիվնին:

ԷՆԵՐԳԻԱՅԻ ՆՈՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԳՏՆԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Ինգուրիի ՀԷԿ-ի վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքներն ահռելի ֆինանսական միջոցներ են պահանջում, բացի այդ, առաջանում է էներգետիկ կորուստները վերացնելու եւ հոսանքի մատակարարման այլըտրանքային ուղիներ ստեղծելու խնդիրը, քանի դեռ շարունակվում են ՀԷԿ-ի վերականգնման աշխատանքները: Սա, իր հերթին, էներգետիկ անվտանգության հետ կապված ռիսկերով է հղի երկու կողմերի համար:

2014-ին միջազգային դոնորները ֆինանսավորեցին ՀԷԿ-ի էլեկտրական եւ հիդրո-մեխանիկական սարքավորումների լայնամասշտաբ վերանորոգումը, ինչպես նաեւ հիմնական ամբարտակի ամրապնդման աշխատանքները: Վերանորոգումը կատարվել է փուլ առ փուլ, ինչը թույլ էր տալիս, որպեսզի ՀԷԿ-ը շարունակի գործել:

Այս պահին կարեւորագույն հարցը 15,5 կմ երկարությամբ ջրահեռացման թունելի վերանորոգումն է, որի ընթացքում Ինգուրիի ՀԷԿ-ը միանգամից մի քանի ամսով կդադարի գործել:

Ներկայում թունելով մեկ վայրկյանում անցնող 22 խորանարդ մետր ջրի ծավալի գրեթե կեսը՝ վատնվում է: Սակայն թունելի՝ նույնիսկ առավել վնասված, 300 մետր երկարությամբ հատվածը ստուգելու ու վերանորոգելու համար ողջ հիդրոէլեկտրակայանի աշխատանքը պետք է կանգ առնի:

«ՀԷԿ-ի աշխատանքը պետք է դադարեցվի, իսկ թունելը՝ դատարկվի 3-3,5 ամսով՝ վնասի աստիճանը գնահատելու եւ անհրաժեշտ հետազոտական եւ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար», – ասում է Վրաստանի Էներգետիկայի նախարարության էներգետիկայի վարչության պետ Դավիթ Շարիքաձեն: – «Այս ընթացքում պետք է վերանորոգվի առավել վնասված հատվածը»:

Սա նշանակում է, որ Աբխազիան ու Վրաստանը ոչ միայն ստիպված պետք է լինեն հոգալ վերանորոգման ծախսերը, այլ նաեւ այս ամիսների ընթացքում էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ գտնել: Առավել արմատական վերականգնողական աշխատանքների իրականացման դեպքում, ՀԷԿ-ը կարող է ավելի երկար անգործության մատնվել:

Աբխազիայում հոսանքի մատակարարումների գրաֆիկն արդեն իսկ խախտվել է. հունվարին եւ փետրվարին բնակչությունը ցերեկային ժամերին հոսանքազրկվում էր երկու ժամով, իսկ գիշերային ժամերին՝ երեք ժամով: Պատճառն անցյալ տարվա ամռանը տեղած սակավաթիվ տեղումներն են եւ հոսանքի սպառման մակարդակի աճն Աբխազիայում:

«Այս ձմռանը ստեղծված իրադրությունը հստակ ապացուցեց, որ երկու կողմն էլ պետք է ներդրում ունենան վերանորոգման աշխատանքներում: Շատ հնարավոր է, որ հոսանքամատակարարման հետ կապված ժամանակավոր խնդիրները եւ իրավիճակի լրջության գիտակցումը կստիպեն կողմերին վճռել հիդրոէլեկտրակայանի վերանորոգման աշխատանքներում համատեղ ներդրում կատարել: Եվ սա հիանալի կլինի», – ասում է Լիվնին:

Վերջինս, սակայն, թերահավատորեն է մոտենում ՀԷԿ-ի նման մեծածավալ վերականգնողական աշխատանքների իրականացման հեռանկարին: Միայն ողջ ջրահեռացման թունելի վերանորոգման համար կարող է մի քանի տարի պահանջվել:

«Այս պահին դեռեւս էլեկտրական հոսանքի կորուստը փոխհատուցող ռեսուրսներ չկան», – եզրակացնում է նա:

Այնուամենայնիվ, պաշտոնական Վրաստանը չի բացառում համալիր շինարարական աշխատանքների հավանականությունը:

«Միանգամայն հնարավոր է, որ մենք շուտով կվերադառնանք համատեղ ռազմավարական օբյեկտի [ամբողջական] վերանորագման հարցին, հակառակ դեպքում հոսանքի մատակարարումը կարող է խափանվել», – IWPR-ին փոխանցեց Վրաստանի հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին:

ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՆ ՀԱՐԿԱՎՈՐ

Աբխազիայում էներգետիկ իրադրությունը ճգնաժամային կետին է հասել:

1990-ականների պատերազմից հետո Ինգուրիի ՀԷԿ-ը փաստացիորեն դարձավ Աբխազիայի էլեկտրամատակարարման միակ աղբյուրը: Խորհրդային տարիներին կառուցված տասնյակ այլ փոքր ՀԷԿ-երը կամ ոչնչացվել էին ռազմական գործողությունների ժամանակ կամ թալանվել հետպատերազմյան ժամանակաշրջանում: 

Վերջին քսան տարիների ընթացքում կողմերը եկել էին ոչ պաշտոնական համաձայնության, ըստ որի՝ Աբխազիան ստանում էր Ինգուրիի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի 40, իսկ Վրաստանը՝ 60 տոկոսը: Աբխազիայի էներգետիկայի պետական ընկերությունը հոսանքը ստանում է անվճար՝ ցածր գնով վաճառելով այն սպառողներին:

Չնայած Աբխազիայի տարածքն այլեւս դուրս է Վրաստանի իրավասությունից, երկրի կառավարությունն իր քաղաքական պարտքն է համարում հոգ տանել այն շրջանների համար, որոնք ժամանակին իր տարածքի մասն են կազմել: 

Աբխազիայում աճում է հոսանքի սպառման մակարդակը, ինչը փորձագետները վերագրում են շատ ցածր սակագներին եւ կոմունալ վճարների հավաքագրման ցածր մակարդակին: 

Ինգուրիի ՀԷԿ-ի տեխնիկական գծով տնօրեն Գիա Խուբուայի խոսքով՝ այս տարվա ձմռանն Աբխազիայում էլեկտրաէներգիայի սպառման ծավալն աճել է գրեթե 10 տոկոսով:

«Ձմեռային ջեռուցման սեզոնի ընթացքում՝ նոյեմբերի սկզբից մինչեւ մարտի վերջին օրերը, Աբխազիան սպառում է շուրջ 1 մլրդ կվտ ժամ էլեկտրաէներգիա, բայց [նրա] ընդհանուր [չափաբաժինը] ոչ ավելին է, քան 800 մլն կվտ ժամ», – ասում է Խուբուան:

Վրաստանը հավելյալ էլեկտրաէներգիա էր ներմուծում Ռուսաստանից՝ մատակարարելով այն Աբխազիային, սակայն սա միայն որպես ժամանակավոր լուծում էր դիտարկվում:

Էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների եւ հավելյալ ֆինանսական միջոցների բացակայության ֆոնին՝ Աբխազիայի քաղաքական օղակները բանակցություններ են վարում երկրի պետական բյուջեին խոշորագույն ֆինանսական օգնություն ցուցաբերող Մոսկվայի հետ:

Աբխազիայի էներգետիկայի պետական ընկերության՝ «Չեռնոմորէներգո»-ի տնօրեն Ասլան Բեսարիան նշում է, որ ոլորտը լայնածավալ ներդրումների կարիք ունի:

«Մեր հաշվարկների համաձայն՝ խոսքը գնում է 30-35 միլիարդ ռուբլու մասին (450-530 միլիոն դոլար): Ամբարտակի հարակից շինությունները [Ինգուրիի ՀԷԿ-ի համալիրի մաս կազմող չորս հիդրոէլեկտրակայանները, որոնք գտնվում են Էրիսցկալի գետի վրա, որն Աբխազիայում անվանում են Էրցկար] շուրջ 10 միլիարդ ռուբլու (մոտավորապես 150 միլիոն դոլար) ներդրում են պահանջում», – ասում է Բեսարիան՝ հավելելով, որ ռուսական «Ռոսսետի» էներգետիկ ընկերությունը, իր հերթին, հաշվարկել էր, որ Աբխազիայի էներգետիկայի սեկտորին անհրաժեշտ ներդրումների չափը հասնում է 73 միլիարդ ռուբլու (1,1 միլիարդ դոլար):  

Համեմատության համար պետք է նշել, որ Աբխազիայի 2016թ. ողջ պետական բյուջեն կազմել է 13,5 միլիարդ ռուբլի (200 միլիոն դոլար):

ԹԲԻԼԻՍԻՆ ԿՇՌԱԴԱՏՈՒՄ Է ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Ինգուրիի պետական ՀԷԿ-ն ապահովում է Վրաստանի սպառած էլէկտրաէներգիայի կեսից ավելին: Մնացածն արտադրվում է փոքր մասնավոր հիդրոէլեկտրակայաններում եւ ջերմային էլեկտրակայաններում:

Վերջին տարիներին՝ հատկապես ջրառատ ամառային սեզոնին, Վրաստանին անգամ հաջողվում էր էլեկտրաէներգիա արտահանել տարածաշրջանի այլ երկրներ: 

Սակայն հիդրոէլեկտրակայաններից երկրի կախվածությունը ենթադրում է, որ այն պետք է շարունակի գազ ներկրել՝ էներգամատակարարման սեզոնային պակասորդը լրացնելու համար: Ձմռանը, երբ ջրամբարում ջրի մակարդակը շատ է իջնում, Վրաստանը սպառվող էլեկտրականության զգալի մասը ստիպված է լինում ներմուծել Ռուսաստանից եւ Ադրբեջանից:  

Եվ չնայած այսօր երկրում նոր ՀԷԿ-եր են կառուցվում, Ինգուրիի համալիրը, միեւնույն է, կշարունակի էական դեր խաղալ Վրաստանի էներգետիկ համակարգում:

Լիվնիի կանխատեսմամբ՝ եթե Վրաստանը շարունակի ամրապնդել պետական էլեկտրամատակարարման ներուժը, ապա այն կարող է նաեւ Աբխազիային հոսանք մատակարարել վրացական այլ ՀԷԿ-երից, քանի դեռ Ինգուրիի համալիրը վերանորոգվում է: 

Այսպես, Վրաստանի հյուսիս-արեւմուտքում՝ Սվանեթիի շրջանում, արդեն իսկ մեկ այլ խոշոր ՀԷԿ-ի կառուցման ծրագրեր կան:

«Այս դեպքում հնարավոր է, որ Վրաստանն ի վիճակի լինի [հոսանք] մատակարարել Աբխազիային: Սակայն այս պահին չգիտեմ, թե որքանով է սա իրատեսական, քանի որ Վրաստանում ու Աբխազիայում հոսանքի սպառման մակարդակն արագորեն աճում է», – ասում է նա:

Այնուամենայնիվ, նման նախագծի իրականացումը երկկողմ համագործակցություն է ենթադրում, իսկ երկու հասարակությունները սա դիտում են որպես ազգային շահերի դավաճանություն:

Իլյա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի էներգետիկայի եւ կայուն զարգացման ինստիտուտի տնօրեն Մուրման Մարգվելաշվիլին նշում է, որ երկու կողմերը պետք է պրագմատիկ մոտեցում որդեգրեն էլեկտրաէներգիայի արտադրության տնտեսական գործընթացի նկատմամբ:

«Աբխազիան եւ Վրաստանը պետք է հասկանան, որ էլեկտրականությունը համատեղ արտադրանք է, այն կարելի է վաճառել ցանկացած շուկայում եւ ընդհանուր շահույթ ստանալ», – ասում է Մարգվելաշվիլին:

Իզիդա Չանյան

Ռեգինա Եգորովա-Ասկերովա

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Համաշխարհային ձայներ»#812պարբերականից (27-ը ապրիլի, 2016թ., Վրաստան, Աբխազիա): Նյութի անգլերեն տարբերակը՝ այստեղ: