Ադրբեջանցիները մտադիր են փակ պահել Լաչինի միջանցքն ու գիշերել վրաններում.Factor

Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները բնապահպանների և ակտիվիստների անվան տակ Բաքվի իշխանությունների հրահանգով շարունակում են փակ պահել Լաչինի միջանցքի Ստեփանակերտ-Գորիս հատվածը։Այս մասին հայտնում է factor.am-ը:

Ադրբեջանական քարոզչական լրատվականները հայտնում են, որ ադրբեջանցիները պատրաստվում են գիշերել այնտեղ ու շարունակել փակ պահել ճանապարհը, ինչի համար տեղում վրաններ են տեղադրել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ուղարկված «ակտիվիստները» հանդիպում են պահանջում Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործուղղված բնապահպանները (առանց ադրբեջանական իշխանությունների ու ուժայինների թույլտվության ադրբեջանցիները չեն կարող Արցախի օկուպացված գնալ) դեկտեմբերի 7-ին բանակցություններ էին անցկացրել Արցախում Վոլկովի հետ Արցախի հանքերի մոնիթորիգի հարցով ու համաձայնության հասել ադրբեջանական կողմի հետ։ Այդպես էլ պարզ չդարձավ՝ ի՞նչ իրավասությամբ է Վոլկովը քննարկում Արցախի տնտեսությանն ու հանքարդյունաբերությանը վերաբերող հարցեր, որոնք իր իրավասությունների տիրույթից դուրս են։

Իսկ ահա Լաչինի միջանցքի անվտանգության ապահովումը, որը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, այդքան էլ լավ չի ստացվում։ Վոլկովի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո մի խումբ ադրբեջանցիներ, իբր, մոնիթորինգի համար հասել էին Կաշենի հանքավայր, սակայն տեղի բնակիչներն ու աշխատակիցները նրանց ներս չէին թողել։

Հավելենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, իբր, բնապահպանական պատճառաբանությամբ կրկին փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։