«Պետք չէր շուկան քանդել` այն վերականգնելու համար». փակ շուկայի էսքիզային նախագիծը դեռ պետք է ներկայացվի հանրությանը

«Պետք չէր շուկան քանդել` այն վերականգնելու համար». փակ շուկայի էսքիզային նախագիծը դեռ պետք է ներկայացվի հանրությանը
«Պետք չէր շուկան քանդել` այն վերականգնելու համար». փակ շուկայի էսքիզային նախագիծը դեռ պետք է ներկայացվի հանրությանը

Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդն ընդունելի է համարել Երևանի Կենտրոնական ծածկած շուկայի վերականգնման էսքիզային նախագծի տարբերակը:
«Նախագիծը կատարված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա լրամշակելուց հետո կարող է ներկայացվել հանրությանը: Նաև հայտնում ենք, որ նախորդ գիտամեթոդական խորհուրդների նիստերում կայացած քննարկումները վերաբերել են հուշարձանի ստորգետնյա հատվածին, որի համար ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ներկայացրել է «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ կողմից Երևանի ծածկած շուկայի տեխնիկական վիճակի և շենքի վերակառուցման հնարավորությունների վերաբերյալ կատարած լրացուցիչ ուսումնասիրությունը»,- հայտնել են ՀՀ մշակույթի նախարարությունից:

 

Ավելի վաղ Փակ շուկայի սեփականատեր, ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել էր, որ այն կվերականգնվի իր նախկին տեսքով. «Կամարներն էլ ենք վերականգնելու, ավելանալու է ընդամենը ստորգետնյա ավտոկայանատեղին»:

Ճարտարապետ Գարեգին Եղոյանը հավաստիացնում է, որ պետք չէր շուկան քանդել` այն վերականգնելու համար:

«Շատ հանգիստ կարելի էր օգտվել արխիվային էսքիզներից ու վերականգնել այն: Իսկ կամարները շուկայի այն արժեքավոր մասն են, որոնք անպայման պետք է վերականգնվեն, և արժե ջանքեր ներդնել վերականգնելու համար»,- ասում է Եղոյանը «Մեդիալաբին»:

Ըստ ճարտարապետի՝ էսքիզային նախագիծ կոչվածը լայն դիապազոն ունի և պատկերացում կազմելու համար նախևառաջ այն անհրաժեշտ է ներկայացնել հանրությանը:

«Այստեղ նաև քաղաքաշինական մոտեցում է պետք, քանի որ իրենք ասում են, թե միայն ավտոկայանատեղի է ավելանալու, բայց կասկածելի է, թե ինչպես են անելու մեքենաների համար մուտքերն ու ելքերը, քանի որ շուրջը բնակելի շենքեր են, իսկ դիմացից շուկան նայում է Մաշտոցի պողոտային»,- հավելում է Եղոյանը:

Նրա կարծիքով` պետք չէր նաև ավտոկայանատեղի ավելացնելու համար քանդել կամարները. «Կարելի էր կամարների հիմքը պահող անվտանգության գոտի թողնել և փորել, շինարարական տեխնոլոգիաները այդ հնարավորությունը լիովին տալիս են»:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am