Ադրբեջանը բոլոր հիմքերը նախապատրաստում է այդ տարածքներում մարդկանց կյանքն անտանելի դարձնելու համար. Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում մեղադրում է ԵՄ-ին ու ԱՄՆ-ին «Հայաստանում ռևանշիստական ուժերի» ակտիվացմանը նպաստելու համար, ընդգծելով, որ «ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողության համար»։ Այս հայտարարության ուղերձները որո՞նք են։

– Ըստ էության, այս հայտարարությամբ պարզ տեքստով ԵՄ-ին, ԱՄՆ-ին ու առհասարակ արևմտյան միջնորդներին ասում են, որ իրենց միջնորդական ջանքերը ու բանակցությունները եվրոպական հարթակներ տեղափոխելու փորձերը սին են, քանի որ իրենք գտել են տարբերակ, որով ուղիղ պայմանավորվում են Նիկոլ Փաշինյանի հետ: 

Իրականում խոսքը ոչ թե պայմանավորվածության մասին է, այլ ուժի, ուժի սպառնալիքով կազմակերպված թելադրանքի մասին, որը Փաշինյանը հետո պարտադրում է հայ հանրությանը, դրա համար էլ նման հայտարարություն են արել, որով կոչ են անում առհասարակ չխառնվել այս գործընթացին, որովհետև իրենք ուղիղ պարտադրում են Փաշինյանին այն, ինչ իրենց պետք է։ Փաշինյանն էլ, ըստ էության, օգնել է Ալիևին դուրս մղել արևմտյան միջնորդներին գործընթացից՝ համաձայնելով գնալ ուղիղ երկխոսության Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից մեկ-երկու ամիս անց։ 

– Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանում ի՞նչ արձագանքներ ու խմորումներ կան։

– Ադրբեջանական մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան ու ուղիղ տեքստեր, որ Ադրբեջանը ոչ միայն պետք է արագորեն վերահսկողություն սահմանի այդ տարածքների նկատմամբ, այլև բառացի ասում են, որ Ադրբեջանը դրանցով չպիտի բավարարվի, ընդհակառակը՝ պետք է շարունակի այս գործընթացը ու նոր դիրքային առավելությունների հասնի Հայաստանի նկատմամբ։ 

– Գործող իշխանությունը նշում է, որ այդ տարածքներն իրականում «ավերակներ են», ու որ իրենք Հայաստանից տարածքներ չեն տալիս Ադրբեջանին, այսինքն՝ ասում են, որ այդ տարածքները Ադրբեջանին են պատկանում։ Նման հայտարարությունները ի՞նչ նոր հնարավորություններ են ստեղծում Ադրբեջանի համար։

– Խնդիրն այն է, որ նախկինում հայկական կողմը հայտարարում էր, որ Ադրբեջանը չի կարող որևէ իրավական փաստաթուղթ ներկայացնել այդ տարածքների հետ կապված, և եթե Ադրբեջանը ներկայացնի, ապա կարող են երկխոսության գնալ։ 

Փաստացի, Ադրբեջանը ոչինչ չի ներկայացրել, որևէ քարտեզի շուրջ կոմպրոմիսի չի եկել, ու հայկական կողմը, առանց միջնորդի, առանց պայմանավորվածության ու տրամաբանության, գնում է ուղղակի զիջումների, ինչից, բնականաբար, Ադրբեջանը ոգևորվում է։ 

Սա ուղղակի պատուհան է բացում նոր ագրեսիաների համար, որովհետև ի հակադրություն Փաշինյանին աջակցող «արևմտամետների», որոնք պնդում են, թե դրանից հետո միջազգային հանրությունը կմիջամտի ու թույլ չի տա վտանգավոր զարգացումներ, սակայն տարբեր մայրաքաղաքներից հնչող հայտարարությունները փաստում են, որ իրենք ևս չեն հասկանում այս գործելաոճը։ 

Նրանց ձեռնտու չէ դուրս մնալ այս գործընթացներից, զրկվել Ադրբեջանի վրա բոլոր հնարավոր լծակներից, դրա համար էլ նմանատիպ հայտարարություններ են հնչում, որոնք Հայաստանի իշխանությունների որդեգրած հակապետական քաղաքականության ֆոնին համարվում են հայամետ հայտարարություններ, մինչդեռ ուղղակի տրամաբանական են ու ելնում են նախկին պայմանավորվածություններից։

– Տիկի՛ն Հայրապետյան, իսկ միջազգային այդ դերակատարների հետագա քայլերն ինչպիսի՞ն են լինելու, կմիջամտե՞ն, թե՞ կթողնեն, որ հարցերը լուծվեն այդ երկկողմ ուղիղ շփումների դաշտում։

– Եթե ներկայիս իշխանությունները չփոխվեն, որևէ միջամտության առիթ չկա, որովհետև իրենք օգնել են Ադրբեջանին դուրս մղել բանակցային գործընթացից, դրանից հետո ո՞ւմ է զանգելու Նիկոլ Փաշինյանը, եթե Ալիևի հետ պայմանավորվելիս սեղանի շուրջը ոչ ոք չի եղել, զանգելու է Էրդողանի՞ն։ 

– Իսկ Ադրբեջանը զինված հակամարտության դիմելու սցենարն աչքի առաջ ունի՞։

– Այո՛, միանշանակ, խոսում են, որ եթե իրենց պահանջները չբավարարեն, իրենք կարող են գնալ դրան, նաև որոշակիորեն հեգնում են, որ Փաշինյանն էլ է սեփական ժողովրդին սպառնում ու օգտագործում է Ադրբեջանին՝ Հայաստանին վախեցնելու համար, բայց այդ տարբերակն իրենք, բնականաբար, քննարկում են։ Այստեղ արդեն հարց է առաջանում, թե իշխանություններն ի՛նչ են անում դա կանխելու համար, փաստացի ոչինչ։ 

– Իսկ նույն Ադրբեջանում ասում են, որ սա, ըստ էության, սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների գործնական փուլի մեկնարկն է, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը։

– Ո՛չ, նրանք հիշեցնում են հունվարի 10-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն առ այն, որ այդ տարածքները պետք է անվերապահորեն վերադարձվեն Ադրբեջանին, իսկ մնացածի մասին հետագայում կխոսեն, այսինքն՝ նշում են, որ սա վերջնագիր է եղել հանձնաժողովների վերջին հանդիպման ժամանակ, նույնիսկ օրեր են նշում՝ ապրիլի սկիզբ, որ այդ պահանջները պետք է բավարարվեն։ 

Սահմանազատման մասին ոչ մի խոսք չկա, ավելին ասեմ՝ քարոզչական տիրույթում ակտիվ շրջանառվում է այն թեզը, որ Հայաստանը չունի ֆիքսված սահմաններ, չկա քարտեզ, որն ամբողջությամբ արտացոլում է իրական իրավիճակը, ու ամեն հատվածի հետ կապված կարող են տարբեր քարտեզ կիրառել, ընդ որում՝ այդ թեզը նաև Նիկոլ Փաշինյանն է խորհրդարանում շրջանառել, ասելով, թե իբրև չկա քարտեզ, որ ամբողջ սահմանի երկայնքով ցույց տա, իսկ դա ամբողջությամբ սուտ է։ 

– Հիմա, եթե երկկողմ ձևաչափով են հարցերը լուծվում, արդյունքում Հայաստանն ի՞նչ է ունենում։

– Հետևյալն է՝ ուժ, ուժի սպառնալիքի տրամաբանություն, պարտադրանք, որի միջոցով Հայաստանը գնում է միակողմանի զիջման, որից հետո Ադրբեջանը ստանում է ավելի նպաստավոր դիրքերից քեզ վրա հարձակվելու իրավունք։ Իսկ եթե ուզում ես այդ տրամաբանությունը փոխել, ապա պետք է կարողանաս միջնորդների հետ ճիշտ աշխատել, որովհետև նախկինում եղել են պայմանավորվածություններ, պետք է գնաս դրանց հետևից, պահանջես Ադրբեջանից Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը ու միջազգային մեխանիզմներով գնաս գործընթացի, որով նաև ուղղակի սպառնալիքի տակ չես դնի այդ տարածքներում ապրող քաղաքացիների կյանքը։ 

Իսկ այս գործելաոճով ակնհայտ է, որ այդ տարածքներին հարակից գյուղերը հայտնվելու են ադրբեջանցի զինվորների ուղիղ կրակի տակ, որից հետո այդտեղ ապրելն արդեն հարցականի տակ է դրվելու: Էլ չեմ ասում, որ Ադրբեջանը բոլոր հիմքերը նախապատրաստում է այդ տարածքներում մարդկանց կյանքն անտանելի դարձնելու ու դրանք դատարկելու համար, որից հետո արդեն թիրախում կհայտնվի Լոռու մարզը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am