ՌԴ սահմանապահների ներկայությունն ընդլայնելու շուրջ քննարկումները շարունակվում են. Կոպիրկին

Հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուսաստանյան սահմանապահների ներկայությունը ընդլայնելու հարցի շուրջ առարկայական քննարկումները շարունակվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով այն հարցին, թե կա՞ն արդյոք կոնկրետ պայմանավորվածություններ հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածից Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հետ քաշելու և սահմանային լարվածությունը թուլացնելու նպատակով այնտեղ միջազգային դիտորդներ տեղակայելու մասին Հայաստանի վարչապետի առաջարկի վերաբերյալ:

«Նշված հարցերի շուրջ ընթանում են առարկայական խորհրդակցություններ, այդ հարցերը քննարկվում են, այդ թվում՝ պրակտիկ իմաստով: Երբ ընդունվեն համապատասխան որոշումներ՝ մենք դրա մասին կտեղեկանանք: Ինչպես գիտեք՝ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղակայված են ռուսաստանյան սահմանապահների հենակետեր, որոնք նպաստում են, որպեսզի իրավիճակը սահմանին լինի հանգիստ, կայուն, և շատ կարևոր է, որ տեղի բնակչությունը իրեն ավելի հարմարավետ ու ապահով զգա իր համար այս անսովոր իրավիճակում: Այո, քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է ընդլայնել այդ ներկայությունը: Կարծում եմ՝ ամեն ինչ կորոշվի Հայաստանի անվտանգության, սահմանին կայունության ապահովման և պայմանավորվածությունների կատարման շահերի հիման վրա, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով», – նշեց Ռուսաստանի դեսպանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին հանդես էր եկել բաց առաջարկով՝ ուղղված միջազգային հանրությանը: Նա առաջարկել էր հետ «հայելային եղանակով» հետ քաշել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածից և սահմանային լարվածությունը թուլացնելու նպատակով այնտեղ տեղակայել Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող միջազգային դիտորդներ: