«Ադրբեջանի քայլը ստորացնող է Հայաստանի համար, անուղղակի ուղերձ Իրանին ու թուրքական դիրքերի ամրապնդում ռուսականի նկատմամբ». Սուրեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը

Պարո՛ն Պետրոսյան, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ Որոտան բնակավայրի մոտ ադրբեջանական կողմը նախ տեղադրել է ոստիկանական անցակետ, իսկ արդեն երկու օր է՝ ստուգում է իրանական բեռնատարները: Այս քայլով ի՞նչ խնդիր է լուծում Ադրբեջանը:

– Ադրբեջանը հետևողականորեն իրականացնում է իր քաղաքականությունը, որովհետև ժամանակին Թուրքիան ուներ կարևոր նպատակ՝ Իրանին զրկել Հայաստանի հետ սահմանից, որպեսզի Իրանի հետ վարվող քաղաքականության շրջանակներում Իրանի վրա ունենան մեծ ազդեցություն ու նաև Հայաստանին վերցնեն տոտալ շրջափակման մեջ:

Սա դրված էր իրենց քաղաքականության հիմքում ի սկզբանե, բայց այն, բնականաբար, շատ դժվար կլիներ իրականացնել այսօր, ոչ թե որ դրան կհակազդեր հայկական կողմը, այլ դա Իրանի կարմիր գծերից մեկն է, հետևաբար, Ադրբեջանը իր շահերից բխող ցանկացած քայլ իրականացնում է Հայաստանի տարածքում ու, ըստ էության, արդեն վերահսկողություն է իրականացնում այդ անցակետի միջոցով:

Այսինքն՝ Թուրքիան Ադրբեջանի ձեռքով հետևողականորեն իրականացնում է իր աշխարհաքաղաքական ծրագրերը Հայաստանի միջոցով, որովհետև Հայաստանն այսօր այն տարածքն է, որտեղ իրենք իրենց կարող են թույլ տալ ցանկացած գործողություն այնքանով, որքանով դա չի հակասի ռուսական շահերին:

Հիմա այս քայլն ավելի շատ ո՞ր երկրի դեմ է ուղղված՝ Հայաստանի՞, թե՞ նաև Իրանի ու Ռուսաստանի:

 – Ադրբեջանի մասով՝ այս քայլն առաջին հերթին ուղղված է Հայաստանի դեմ, որովհետև այդ ճանապարհը Հայաստանի համար կարևոր երակներից մեկն է, ու եթե այդտեղ արդեն կան խոչընդոտներ, հետևաբար Հայաստանը պետք է այլընտրանք գտնի, որպեսզի կարողանա իր բեռնափոխադրումներն իրականացնի:

Սրանից բացի, սա լուրջ քաղաքականության տրամաբանության շրջանակներում ստորացնող քայլ է. մեր տարածքում կարողանում են անցակետ դնել, վերահսկել մեր շարժը և այլն: Մյուս կողմից էլ՝ սա նաև որոշակի ուղերձ է, որն անուղղակի ուղղված է Իրանին, որովհետև Իրանը աշխարհի հետ հաղորդակցվում է նաև Հայաստանի միջոցով:

Սա նաև թուրքական դիրքերի ամրապնդում է ռուսական դիրքերի նկատմամբ՝ ընդհանուր տարածաշրջանային տրամաբանության մեջ: Թուրքիան մի կարևոր քաղաքականություն է որդեգրել՝ այլևս չեն հակամարտում ռուսների հետ, այլ շատ հեշտ կարողանում են ռուսների կարմիր գծերը տեղաշարժել՝ որևէ կերպ դրանք չանցնելով, բայց կարողանում են սակարկել ու տեղաշարժել: Իհարկե այստեղ մեծ ու կարևոր է Հայաստանի իշխանության նշանակությունը, որը որևէ կերպ չի հակազդում, չի փորձում հակազդել, որովհետև ոչ նպատակ ունի, ոչ էլ ներուժ դրա համար:

Եթե ասում եք, որ Հայաստանը նպատակ ու ներուժ չունի հակազդելու, իսկ հաշվի առնելով, որ այս քայլը նաև Իրանին ու Ռուսաստանին է առնչվում, այս երկու պետություններից՝ Ադրբեջանի քայլերին հակազդելու սպասելիքներ ունե՞ք, պարո՛ն Պետրոսյան:

 – Չեմ կարծում, թե ուղղակիորեն կհակազդեն: Իրանից ինչ-որ արձագանքներ, գուցե նաև՝ կոշտ, դեռ կտեսնենք, բայց Ռուսաստանի մասով՝ չեմ կարծում, որովհետև, ըստ էության, նախնական որոշակի համաձայնություն՝ Թուրքիա-Ռուսաստան, այնուամենայնիվ, լինում է որոշակի գործողություններից առաջ:

Ձեր խոսքում նշեցիք, որ Թուրքիան կարողանում է չհատելով ռուսական կարմիր գծերը՝ դրանք տեղաշարժել: Այդ տեղաշարժը որքանո՞վ է ձեռնտու Ռուսաստանին:

– Միանշանակ պատասխանել ձեր հարցին, կնշանակի գուշակություն անել, որովհետև, պատկերացրեք, թե Ռուսաստանի կամ Թուրքիայի նման գերտերությունը ռազմավարական ինչպիսի պլանավորում է իրականացնում, ինչ ինստիտուտներ են դրա վրա աշխատում, և այս պարագայում միանշանակ պատասխան տալը լուրջ չի լինի: Բայց համոզված եմ, որ այդ պետությունները, ի տարբերություն Հայաստանի, բավականին լավ գիտակցում են իրենց պետական ու ազգային շահը:

Եթե Ռուսաստանը հակամարտում է Թուրքիայի հետ, օրինակ՝ յոթ կետով, ապա կարող է նաև շատ հանգիստ զիջումների գնալ: Դա կլինի ի հաշիվ մեզ, թե այլ երկրի՝ կախված է իրավիճակից, իսկ այս պարագայում մեղադրել Ռուսաստանին, որ չի օգնում, որ խաբում է՝ չի կարելի, կարելի է մեղադրել միայն Հայաստանին, որ չի կարողանում իր կենսական շահերն առաջ մղել ու պաշտպանել, ճիշտ հարաբերվել ռազմավարական դաշնակցի ու այլ երկրների հետ:

Այնուամենայնիվ, Իրանը կձգտի խնդիրը կարգավորե՞լ, թե՞ ուղղակի այդ ճանապարհի փոխարեն այլընտրանք կգտնի և վերջ:

– Իրանը կփորձի լուծել խնդիրը, բնականաբար, այլընտրանքային ճանապարհ փնտրելուն զուգընթաց, որովհետև այս ճանապարհը միայն տնտեսական նշանակություն չունի, նաև ռազմավարական նշանակություն ունի, և այդ երկիրը քանիցս հայտարարել է, որ Հայաստան-Իրան սահմանի անձեռնմխելիությունը իր անսակարկելի կարմիր գծերից է:

Պարո՛ն Պետրոսյան, կարծում եք՝ Ադրբեջանը կսահմանափակվի միայն իրանական բեռնատարները ստուգելո՞վ, թե՞ շուտով այլ քայլերի էլ կգնա:

– Թուրքական էթնոսը երբևիցե որևէ պարագայում ոչնչով չի սահմանափակվում, եթե տեսնում է իր հաջողությունն ու առաջընթացը, մեծագույն միֆ է, թե ինչ-որ մեկը կարող է թուրքերին կանգնեցնել բարեկամության տեսլականով:

Սրան հետևելու են և՛ հայկական մեքենաներ ստուգելը, և՛ անկլավների խնդրի ակտիվացումը ու բազմաթիվ այլ խնդիրներ: Թուրքիան անընդհատ ապահովելու է իր առաջընթացը, ազդեցության մեծացումը Հայաստանի սուվերեն տարածքում կամ էլ այսօր՝ ոչ այդքան սուվերեն տարածքում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am