«Սկսում ենք շտապօգնության կանչերի կենտրոնացման պիլոտային ծրագիրը». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Այս պահին մարզերից բջջային և IP հեռախոսակապով 103 զանգահարելու դեպքում քաղաքացին միանում է Երևանի ՇՕ կայանին (բացի Վիվասելի բաժանորդներից), որը սակայն չի սպասարկում մարզերի կանչերը, այլ ուղղակի քաղաքացուն է փոխանցում մարզի տվյալ կայանի հեռախոսահամարը և քաղաքացին ստիպված է լինում կատարել երկրորդ զանգը մարզային համապատասխան կայան, ինչը երկարացնում է կանչի ընդունման և սպասարկման ժամանակը:

Պիլոտային ծրագրի շրջանակներում Արարատի, Արտաշատի և Վաղարշապատի ՇՕ կայանների բոլոր կանչերը կգան Երևանի ՇՕ կայան, որտեղից առանց հավելյալ զանգի անհրաժեշտության դրանք կփոխանցվեն համապատասխան կայան:

Ծրագրի արդյունքները ամփոփելուց հետո այն կտարածվի ամբողջ երկրի վրա: Հիշեցնեմ նաև որ վերջին 2 ամիսների ընթացքում Երևանի և մարզերի ՇՕ կայանները համալրվել էին հավելյալ հերթափոխներով, ինչը էականորեն բարելավել է կանչերի սպասարկման ժամանակը և որակը: Շտապօգնության բարեփոխումները շարունակական են լինելու»: