Ոստիկանության կրթահամալիրում ազդարարվեց ապագա պարեկների ուսուցման մեկնարկը․ Տեսանյութ

Հունվարի 18-ին ոստիկանության կրթահամալիրում ազդարարվեց պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով 5-ամսյա ուսուցման մեկնարկը:

Պարեկային ծառայության շարքերը առաջինը համալրելու իրավունք ստացածներից 496-ը քաղաքացիական անձինք են, 274-ը՝ ոստիկանության ծառայողներ:

770 մրցութային տեղի համար ընդունելությանը մասնակցելու համար դիմել էր ավելի քան 2500 դիմորդ: Ընդունելության ստուգումները մեկնարկել էին անցած տարվա սեպտեմբերին։ Դրական միավորներ հավաքած դիմորդները անցել են նաև հարցազրույց։ Ընդունող հանձնաժողովի որոշմամբ՝ մրցույթով անցած համարվեցին առավելագույն միավորներ հավաքած և հարցազրույցի դրական եզրակացություն ստացած 770 դիմորդներ։

5-ամսյա ուսումնառության ընթացքում ապագա պարեկները կստանան անհրաժեշտ գիտելիքներ՝ օտար լեզուներից ու բարեվարքությունից սկսած՝ մինչև ոստիկանական գործ ու կրակային հմտություններ։ Արվելու է ամեն ինչ, որ ունենանք առավել պրոֆեսիոնալ ոստիկաններ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։