Անազատության երկու տարի. դատարանը չի կարողանում որոշել` ով է մեղավոր

60-ամյա Բենիամին Հովակիմյանն ասում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ գնալ-գալու ճանապարհին ավելի է ծերացել, քան ամբողջ կյանքում: Նա անընդհատ հարցում է ինքն իրեն` ինչու է տղան գտնվում քրեակատարողական հիմնարկում արդեն 26 ամիս, եթե նրա մեղքը դատարանի վճռով ապացուցված չէ:
2010 թ. հունվարին «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու համար մեղադրում են Հովակիմյանի որդուն՝ Ստեփան Հովակիմյանին (այժմ 30 տարեկան) և նրա ընկեր Վահրամ Քերոբյանին (այժմ 26 տարեկան): Նախնական վարկածով՝ Հովակիմյանն է Քերոբյանին ուղղորդել գողություն կատարելու, այժմ երկուսն էլ կալանավորված են:
«Սկզբում ես էլ էի կասկածում, որովհետև քննիչը շատ հաստատ էր պնդում իմ տղայի մեղքը, բայց երբ ուսումնասիրեցի գործը, տեսա, որ ոչ մի ապացույց չկա, բացի խոշտանգումների արդյունքում կորզված Ստեփանի ինքնախոստովանական ցուցմունքից: Այդ ցուցմունքում ներկայացված փաստերն էլ ոչ մի կերպ ապացուցված չեն»,- «Մեդիալաբին» ասում է Հովակիմյանի հայրը:

Նա պատմում է, որ գողությունից հետո մեկ ամսվա ընթացքում որդուն մի քանի անգամ ոստիկանություն են կանչել, իսկ վերջին անգամ՝ 2010-ի փետրվարի 6-ին, տասը ժամ նրան պահել են ոստիկանությունում՝ փաստաբանին ու հորը չհայտնելով տղայի գտնվելու վայրը:

«Նրան ծեծել են երեք-չորս հոգով, հանել են կոշիկները, ռեզինե մահակներով հարվածել են ոտքերի տակին, իսկ սապոգներով՝ գլխին: Հետո սպառնացել են բերման ենթարկել իր ընկերուհուն՝ Գոհարին, ով կինոթատրոնում գանձապահ է աշխատել»,- պատմում է Հովակիմյանը:

Հոր խոսքով` որդին, արժանապատվությունը պահելու և ընկերուհուն` Գոհարին, այդ ամենից հեռու պահելու համար, համաձայնել է գրել ոստիկանների կողմից թելադրված ցուցմունքը՝ մեղադրելով նաև Քերոբյանին: Հետագայում նա հրաժարվել է այդ ցուցմունքից, բայց խոշտանգման վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությանը ներկայացված բողոքին ընթացք չի տրվել:

«Այս գործով մենք սպառել ենք ՀՀ բոլոր դատական ատյանները ու պատրաստվում ենք դիմել Եվրոպական դատարան: Գողության գործով ևս դիմելու ենք Եվրոպական դատարան, քանի որ խախտվել է մեղադրյալի` ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքը»,- ասում է տղայի փաստաբան Տիգրան Սաֆարյանը:

Գողության գործով արդեն մեկ դատավոր է փոխվել 2 տարվա ընթացքում. գործը լսում են երկրորդ անգամ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Պապոյանը հետևում է նախաքննության մարմինների, ինչպես նաև նախորդ դատավորի գործելաոճին ու դատախազ Սամվել Հարությունյանի խորհրդով ազատ չի արձակում տղաներին:

Ստեփանի հայրը համոզված է, որ գողության գործով դատական գործընթացը այսքան ձգձգվում է, քանի որ դատարանը այդպես էլ չի կարողանում գտնել հիմնավոր ապացույցներ, բայց և չի կարող դեմ դուրս գալ նախաքննության մարմնի որոշումներին:

Փաստաբանի ներկայացմամբ` նախաքննության մարմինը հաշվի չի առել, որ գողության պահին տեսանկարահանող տեսախցիկների ժամերով նկարված նյութից պահպանվել է միայն 1,5 րոպեն, այն էլ` մոնտաժված վիճակում, ինչպես նաև այն, որ տեսախցիկի կողմից արձանագրված գողություն կատարող մարդը մարմնի չափերով չի համապատասխանում ո՛չ Ստեփան Հովակիմյանին, ո՛չ էլ Վահրամ Քերոբյանին:

«Գողացված գումարի չափը հիմնավորված չէ, ինչպես նաև հստակեցված չէ գողության կատարման ժամը: Չկա մի վկա, որ կասկածում է Հովակիմյանին, միայն մի անգամ կինոթատրոնի աշխատակիցներից մեկը նշել է, թե տեսանյութի մեջ կոշիկները նման են Հովակիմյանի կոշիկներին, այն դեպքում, երբ գողությունը, ըստ Հովակիմյանի ցուցմունքի, Քերոբյանն է արել Հովակիմյանի ցուցումներով»,- «Մեդիալաբին» պարզաբանում է փաստաբան Սաֆարյանը:

Ստեփանի հայրը տարակուսում է` ինչո՞ւ են «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանն ու մեղադրող դատախազ Սամվել Հարությունյանը հրաժարվում խոսել տեսաձայնագրության մասին:

Ազատյանը հերթական դատական նիստից հետո «Մեդիալաբին» պատասխանեց, որ չի ճանաչել Հովակիմյանին, բայց ենթադրություններ է անում` նրա անցյալը հիմք ընդունելով. ավելի վաղ տարիքում Հովակիմյանը մեկ անգամ քրեական պատասխանատվության է ենթարկվել, որի ժամանակ պայմանական ազատ է արձակվել:

«Եթե տղաս մեկ անգամ սխալվել է, դա չի նշանակում, որ ինչքան հանցագործություն լինի, պետք է իրեն մեղադրել դրանում,- ասում է հայր Հովակիմյանը: – Երբ տղաս հայտնվեց այս վիճակում, հասկացա, որ գողական աշխարհը մեր անբաժանելի մասն է: Ես հիմա արդեն համոզված եմ, որ ոստիկաններն ու դատաիրավական համակարգը շահագրգռված են, որ հանցագործները շատանան, որ իրենք ավելի շատ գումար վաստակեն»:

Հայաստանում դատարանները, որպես կանոն, հաստատում են դատախազության կայացրած որոշումները, իսկ դատախազները միշտ առաջարկում են ընտրել ամենախիստ միջոցը` կալանքը: Որպես կանոն` նախաքննության մարմնի միջնորդությունների միայն 0,5-0,7 տոկոսն է մերժվում, ինչի դեպքում կիրառվում են գրավի, հանրապետությունից չհեռանալու դիմաց խափանման միջոցի փոփոխություններ:

ԱՄՆ իրավաբանների ընկերակցության ուսումնասիրությունների համաձայն` 2007-ին դատարանների կողմից քննված կալանավորման համար ներկայացված 2849 միջնորդությունների 97 տոկոսը բավարարվել է: Հետագա տարիներին այդ թիվը նվազել է չնչին տոկոսներով. 2008-ին բավարարել է միջնորդությունների 93,5 տոկոսը, 2009-ին` 94,1 տոկոսը:

«Դատախազի կողմից, որպես կանոն, չի հիմնավորվում, թե ինչու ամբաստանյալը կփախչի կամ կխոչընդոտի քննությանը, իսկ դատավորը հիմնականում չի էլ խնդրում դրա հիմնավորումը: Հիմնական պատասխանատուն այս հարցում դատարանն է, որը պետք է խիզախություն ունենա ու պաշտպանի մարդկանց անմեղության կանխավարկածը, որը գրեթե չի արվում»,- ասում է Հայաստանում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գլխավոր քարտուղար Արտակ Կիրակոսյանը:

Դատավարության` մշտապես արդար լինելու թույր ընկալումը,Կիրակոսյանի համոզմամբ, խորհրդային ժամանակներից է ժառանգություն մնացել. հայտնի կարգախոս կար` անմեղ մարդը բանտում չի հայտնվում:

«Ունենք պատմության դասեր այն մասին, որ ստալինյան ռեժիմի ժամանակ անմեղ մարդիկ են բանտարկվել են, բայց դոգմայի նման դա նստած է մեր ռեժիմի մեջ, ու այդ տրամաբանությամբ էլ շարժվում են»,- ասում է նա:

Դատավորները երբեմն կալանքը որպես խափանման միջոց են կիրառում՝ հղում անելով գոյություն չունեցող օրենքների: Օրինակ` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Պապոյանը Հովակիմյանի գործով կալանավորման մասին որոշումը թողել է անփոփոխ՝ հիմք ընդունելով հանցագործության վտանգավորության աստիճանը։ Մինչդեռ Հովակիմյանի փաստաբանը հիշեցնում է, որ այս հարցը կարգավորվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն, որտեղ նման կետ ուղղակի չկա:

 

Կարինե Իոնեսյան

Լուսանկարը՝ Բենիամին Հովակիմյանի անձնական արխիվից

© Medialab.am